Քաղաքականություն

2026-ի ընտրությունները կկեղծեն` ՌԴ դրածոյի դեմն առնելու համար

2026-ի ընտրությունները կկեղծեն` ՌԴ դրածոյի դեմն առնելու համար

Ավելի ու ավելի հստակ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ընտրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու տարբերակը:

Այդ պատերազմն արդեն փաստացի ընթանում է, առայժմ մարտական գործողությունների թատերաբեմ են նետվել առաջավոր ջոկատները, հետագայում մարտի մեջ կմտնեն նաեւ հիմնական ուժերը: Քաղաքացիական պատերազմն ընթանում է համոզված արեւմտամետների եւ «ռուսահպատակների» միջեւ: Նոր Նորքի թաղապետի եւ նրա բանդայի կողմից քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակային ծեծը եւ դրան հաջորդած իշխանամերձ մեկնաբանությունները ցույց են տալիս, որ քաղաքացիական պատերազմի ակտիվ գործողությունների մեկնարկը տրված է: 

Արամ Սարգսյանին եւ իր ղեկավարած բանդային այլեւս այլ կերպ չի կարելի վերաբերվել, սրանց հիմա հետաքրքրում է մի բան` ինչպես խուսափել պատասխանատվությունից: Ցանկացած հանցագործ՝ հատկապես բացահայտված հանցագործ, ապրում է նույն մտասեւեռմամբ՝ խուսափել պատժից կամ առնվազն հետաձգել դրա իրականացումը: Արամ Սարգսյանի եւ բանդայի դեպքում դա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Փաշինյանն իր ՔՊ-ական բանդայով շարունակի պաշտոնավարել. Սարգսյանի բանդան ենթաբանդա է, գործում է Փաշինյանի բանդայի հովանու ներքո, մատուցում է բազմաթիվ մանր ծառայություններ` դրա դիմաց ստանալով պետությանը եւ հասարակությանը թալանելու արտոնություն, մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով: Արդեն պարզ է, որ ընտրությունների միջոցով սրանք չեն կարողանալու իշխանություն պահել, անգամ խաբելու տարբերակն է սպառված, Արամ Սարգսյանը եւ բանդայի մյուս ներկայացուցիչները հող են նախապատրաստում բռնապետության վերջնական հաստատման համար. ցանկացած բռնապետի իր ապօրինությունների համար արդարացումներ են պետք: Նրանց թվում է, որ քաղաքացիական բախումները բռնությունը եւ բռնապետությունն արդարացնելու համար լավագույն միջոցն են:

Արամ Սարգսյանը եւ բանդայի մյուս անդամներն այդ արդարացումը ձեւակերպել են այսպես. ոչ մի գնով իշխանությունը չհանձնել «ռուսահպատակներին»: Հիմա նրանք խոսում են Երեւանը «ռուսահպատակներին» չհանձնելու կարեւորության մասին, բայց Երեւանը չհանձնողը ո՞նց կարող է թույլ տալ, որ «ռուսահպատակներին» հանձնվի ամբողջ Հայաստանը: «Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»,- հայտարարել է Արամ Սարգսյանը` այդպիսով հռչակելով այն գաղափարական հենքը, հանուն որի չի կարելի Երեւանում իշխանությունը հանձնել «ռուսահպատակներին»: Իսկ ռուսահպատակները բոլոր նրանք են, ովքեր ուզում են իրենցից վերցնել իշխանությունը։
Արամ Սարգսյանի բանդան արդեն բացահայտ է հայտարարում, որ ուժի կիրառումն արդարացված է, եթե այն ուղղված է քաղաքական հակառակորդների դեմ, բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են Հայաստանը շեղել իրենց պատկերացրած միակ ճշմարիտ՝ Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհից: «Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձեւավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, միութենական պետությանը դեմ եւ ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին պարբերական սադրանքների մեջ ներքաշելով»,- ասում է Սարգսյանը։ Եթե ժողովրդավարությունը պաշտպանելու համար ուժի կիրառումն արդարացված է, ապա արդարացված է նաեւ ուժի կիրառումը հակաժողովրդավարական ուժերի դեմ, իսկ «ռուսահպատակն» ինքնին հակաժողովրդավարական ուժ է, ռուսահպատակը չի կարող ժողովրդավար լինել: Ճիշտ կլինի, եթե առաջիկայում Արամ Սարգսյանը հրապարակի մի պլակատ, որտեղ ինքը, Տիգրան Տեր-Մարգարյանը եւ Անի Խաչատրյանը` մեկը բռունցքով, մյուսը` քացով, հարվածում են իրենց առաջ ծնկած «ռուսահպատակին»: Պլակատի հրապարակման ծախսերը կարող է հոգալ Հայաստանում ԵՄ դեսպանատունը:
Անի Խաչատրյանի փոխարեն կարող է լինել նաեւ Անահիտ Ադամյանի դեմքը, որովհետեւ, եթե Անի Խաչատրյանն ուժի կիրառման միայն կենցաղային արդարացումներ կարող է ներկայացնել, նախկին լրագրող, այժմ արդեն սարգսյանական բանդայի գաղափարախոսության գծով պատասխանատու Անահիտ Ադամյանը ներկայացնում է դրա աշխարհաքաղաքական հիմնավորումները: «Հնարավոր չէ՞ համադրել փաստերը՝ եզրակացնելու, որ 2026-ի ընտրությունների գլխավոր նպատակը լինելու է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններով ՌԴ դրածոյին իշխանության բերելը: Մենք չենք արդարանում ու չենք մեղադրում, մենք ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՆՔ, որ ժողովրդավարությունն ինքնին պաշտպանություն չէ, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել՝ անհրաժեշտության դեպքում նաեւ բռունցքներով, որովհետեւ մեզ համար ինքնիշխանությունը ԱՆՍԱԿԱՐԿ ԱՐԺԵՔ Է»:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպիսի վտանգ են իրենցից ներկայացնում ժողովրդավարական ընտրությունները, որոնց նպատակը ՌԴ դրածոյին իշխանության բերելն է: Ի՞նչ անել ՌԴ դրածոյին իշխանության բերելը թույլ չտալու համար։ Պատասխանը միանշանակ է` պետք է խափանել ցանկացած ժողովրդավարական ընտրություն: Տիգրան Տեր-Մարգարյանն իր հերոսական բռունցքով եւ օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, այդ բռունցքը պետք է իջնի ցանկացած մեկի գլխին, ով ուզում է իրենց կտրել հասարակության հաշվին պարազիտային կյանք վայելելու հաճույքից: Հիմնական խնդիրը սա է․ ԵՄ անդամակցություն, ՌԴ դրածոյի դեմ պայքար, «ռուսահպատակ» եւ այլն՝ ընդամենը արտաքին փաթեթավորումն են:

Պարզ է, որ բանդան վախենում է ժողովրդավարական ընտրություններից. Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն եւ նրա ենթաբանդաները ոչ մի հնարավորություն չունեն՝ ստանալու հայ հասարակության աջակցությունը, Արամ Սարգսյանի վարկանիշը զրոյից ցածր է: Նրանց թվում է, թե իրենց միակ հույսն ու պաշտպանը մնացել է ուժը, շատով հավաքվելն ու բորենիների ոհմակի նման՝ միայնակ կամ փոքրաթիվ մարդկանց հոշոտելը: Միայն թե սրանք չեն հասկանում, որ ուժի կիրառումն արդարացնելով այլոց` իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իրենք հնարավորություն են ստեղծում, որ այդ նույնը տեղի ունենա իրենց նկատմամբ, երբ իրենք այլեւս ուժ չունենան․ խոսքն իշխանության ընձեռած ուժի մասին է: 

Իսկապես զավեշտալի է, երբ թուրքերի առաջ ծնկածները, նրանցից գոյության իրավունք խնդրողներն ուզում են ուժի դիրքերից խոսել հայ հասարակության հետ: Չնայած դա այնքան էլ բացառիկ դեպք չէ. բոլոր օտարահպատակ բռնակալները եւ նրանց սպասարկուներն իրենց տերերից ստացած իշխանությունը բանեցրել են հանրային դժգոհությունն ուժով ճնշելու եւ իրենց իշխանությունը պահելու համար: Փաշինյանի եւ խմբի պահվածքը դրա տիպային դրսեւորումն է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image