ՀՀ կառավարությունը մոտ 2 ամիս առաջ հավանություն տվեց գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Ըստ այդմ, 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաեւ գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:
Նախօրեին արդեն` ԱԺ-ում, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտարարեց, որ ԳԱԱ համակարգում գործող 34 գիտական կազմակերպություններից մի քանիսը դուրս է եկել ֆինանսավորման ցանկից: Որո՞նք են այդ ինստիտուտները՝ հետաքրքրվեցինք կոմիտեի նախագահից։ «Նախ, մի շարք ինստիտուտների ֆինանսավորումը կրճատվել է,- ասաց նա,- իսկ, որքանով հիշում եմ, մեկ ինստիտուտի ֆինանսավորում չի տրամադրվել, որովհետեւ 5 տարի շարունակ գիտական գործունեություն չի ծավալվել այդ ինստիտուտում, խոսքն Ակադեմիայի կազմում գործող հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժանմունք-ինստիտուտի մասին է»:
Ինչ վերաբերում է 2026 թվականից նախատեսված գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթացին, որն իրականացվելու է նոր պահանջներով, ապա. «Ատեստավորման պահանջները հաստատված են կառավարության որոշմամբ, որի հետ սահմանվում են գիտական արդյունավետության չափանիշները, գիտական պաշտոնների տարակարգերը, տարակարգերին համապատասխանելու նկարագրական մասը, թե ինչ է ակնկալվում տարակարգ զբաղեցնող մարդուց. 2026-ի վերջին կլինի համապետական ատեստավորումը, որի արդյունքում արդեն հաստատված նոր տարակարգերի հիման վրա ինստիտուտները, կազմակերպությունները կիրականացնեն ատեստավորումը, որը մեզ հետ համատեղ կարվի: Արդյունքում նորացված հաստիքացուցակով կամ պաշտոնների կազմով կորոշվեն իրենց ֆինանսավորման ծավալները»:
Ֆինանսավորման ծավալները որոշվելու են միայն ատեստավորմա՞ն արդյունքներով պայմանավորված, թե՞ սա միայն մեկ բաղադրիչն է, որով գնահատվելու է գիտական կազմակերպությունների արդյունավետությունը։ «Բազային ֆինանսավորման մեծ մասը` 90 տոկոսի չափը, կազմում է աշխատավարձային ֆոնդը, այսինքն՝ ինքը, ըստ էության, աշխատավարձային ֆոնդի մոնիթորինգի մասն է, բայց մենք պլանավորում ենք նաեւ խոշորացման գործընթացը, հետեւաբար՝ նաեւ խոշորացման գործընթացում էլ, այդ ատեստավորման արդյունքներով էլ նաեւ կհասկանանք, թե ինչ պատկեր ունենք եւ այդ խոշորացումն ինչպես ենք կազմակերպում»,- նշում է Հայոցյանն ու ընդգծում, որ գիտական կազմակերպությունների արդյունավետության մի քանի չափանիշ կա.
«Բայց հիմա մենք դեռեւս ատեստավորման փուլում ենք, հասկանանք, թե անհատական մակարդակում ինչ արդյունավետություն ունի: Այստեղ ակնհայտորեն մտնում են ենթակառուցվածքները, ինչ սարքավորումներ են գնացել այդ կազմակերպություն, այդ սարքավորումների պահպանության համար ինչ գումարներ են պետք, նաեւ՝ տարածքի պահպանության համար»:
Մենք գրել էինք, որ տարեսկզբին կրճատվել է նաեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի բյուջեն, ինչն անխուսափելիորեն հանգեցրել է նաեւ որոշ կրճատումների, ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։ «Էլի նույն արդյունավետությունը...»։ Իսկ ինչպե՞ս էին գնահատել ինստիտուտի ոչ արդյունավետ գործունեությունը։ «Միջազգային հրապարակումներ` մեկ գիտաշխատողի հաշվով, պրիմիտիվ չափում՝ որոշակի շեմ է դրված, որից ներքեւ գտնվողների համար կիրառվում են որոշակի բանաձեւով կրճատումներ»: Ինստիտուտի տնօրենը, սակայն, արդյունավետության մասով այլ ցուցանիշներ է ներկայացնում։ «Գիտեմ, պարոն Մելքոնյանի հետ խոսել ենք, ամեն ինչ արդեն նորմալ է, լուծումներն էլ ենք առաջարկել, իրականում այս միջանկյալ միջոցառման իմաստը ո՞րն է․ որ մենք ավելի պատրաստ մոտենանք 2026-ի ատեստավորմանը, որովհետեւ, եթե նման միջանկյալ միջոց չանեինք, մենք ավելի բարձր կետից էինք բախվելու մեր իրականության հետ, ու պրոբլեմները կարող էին ավելի խիստ լինել, քան թե հիմա է: Դրա համար համատեղ ջանքերով որոշակի լուծում գտանք»:
Գիտնականներն ահազանգում են, որ հայոց լեզվի, հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում վտանգված է, քանի որ նույն նախագծի շրջանակներում եւ նոր ատեստավորման պահանջների համաձայն, գիտնականները պետք է ունենան «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս» միջազգային ամսագրերում տպագրված աշխատանքներ, իսկ սա, շատերի գնահատմամբ, հայոց լեզուն դուրս է մղում գիտական ասպարեզից։ «Գիտության միջազգային լեզուն անգլերենն է` ուզենք, թե չուզենք, այսինքն՝ հրապարակումների 90 եւ ավելի տոկոսն արվում է անգլերենով, եթե դու այդ լեզվով չես հրապարակվում քո ոլորտում... կամ՝ ի՞նչ է ենթադրում միջազգային հրապարակումը. կարդալ ժամանակակից գրականություն, հասկանալ՝ ինչ բացեր կան այդ գիտելիքի մեջ, հասկանալ՝ այդ բացերը ոնց ես լուծում, կամ քեզ հետաքրքրող խնդիրը ոնց է համընկնում այդ ընդհանուր ժամանակակից գիտելիքի հետ, ձեւակերպել խնդիրը, լուծման մեթոդները, լուծել խնդիրը, ամփոփել արդյունքները եւ ներկայացնել գիտական լայն հասարակությանը` արժանանալ քննադատության (գրախոսության), լրամշակել քո մոտեցումները եւ, ի վերջո, տպագրվել: Ի՞նչ է դա երաշխավորում․ որ տվյալ գիտնականը գիտի, թե ինչ է կատարվում աշխարհում, կարողանում է իր խնդիրը համաշխարհային գիտելիքի մեջ կոնտեքստուալիզացնել եւ տպագրել»:
Հնարավոր չէ՞, որ անգլալեզու պարբերականներից բացի նաեւ հայալեզու հանդեսներում հանրայնացնեն այդ գիտելիքը։ «Ինչ վերաբերում է հայերենով գիտությանը, ապա մենք ունենք գիտակարգեր, որոնք արվում են հայերենով, բայց ո՞րն է իրենց հետ կապված խնդիրը. իրենք արվում են շատ փոքր գիտական համայնքի մեջ, այսինքն, իր՝ քննադատության արժանանալու շրջանակը շատ նեղ է, հետեւաբար՝ ինքը կամաց-կամաց գնում է դեգրադացիայի ու գետոյացման, այսինքն՝ այդ հարցի վերաբերյալ որեւէ իրական գիտական քննարկում չի ծավալվում, որովհետեւ լոկալ խնդիր է, որին խորապես ծանոթ է 10 գիտնական, հետեւաբար՝ գրախոսությունը հիմնականում այդ 10-ի մեջ է պտտվում, ինչ-որ պահից ինչ-որ մարդիկ հեղինակություններ են դառնում, այսինքն՝ տանում է գետտոյացման, դրա համար մենք ի՞նչ ենք անում՝ մշակում ենք, ու շուտով կլինի այդ կարգը, որով փորձում ենք մեխանիզմ մշակել, որ որոշ հայալեզու ամսագրեր ուղարկենք՝ «Սկոպյուս» եւ «Վեբ օֆ սայնս»-ում ինդեքսավորվելու, բայց այնտեղ որոշակի պայմաններ կան, դրանց բավարարելուց հետո կգնան»:
Մասնագետներից շատերը մատնանշում են բարբառագիտության հարցը, որը, այսպես թե այնպես, շատ նեղ շրջանակների է հետաքրքրում, էլ չասենք՝ դրանք անգլերեն թարգմանելու խնդիրը։ «Բացառվում է, հայերեն բարբառագիտությամբ Օքսֆորդում պրոֆեսոր կա, որը նաեւ շատ հետաքրքիր բաներով է զբաղվում, բացի հայ բարբառագիտությունից, նաեւ Համշենի բարբառն է ուսումնասիրում, այսինքն՝ չի կարող դա հետաքրքիր չլինել, որովհետեւ բարբառները, մեռնող լեզուները՝ իրենք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում` թվայնացման այս ժամանակաշրջանում»: