Խորհրդարանական «դակիչ» մեծամասնությունը երեկ հրատապ ռեժիմով շըփ-թըփ քննարկեց ու ընդունեց գաղտագողի ԱԺ բերված աղմկահարույց նախագիծը, որը փոփոխություններ ու լրացումներ է նախատեսում Ընտրական օրենսգրքում, մասնավորապես, դիտորդական առաքելություն իրականացնողներին է վերաբերում։
Չնայած թվում էր, թե այդ հարցը գործող օրենսդրությամբ կարգավորված էր․ ԸՕ 30-րդ հոդվածի համաձայն՝ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն կազմակերպությունները, որոնք, ի թիվս այլնի, չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր, որ դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել իշխանության կամ ընդդիմության թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որեւէ հարցի նկատմամբ, 23-րդ հոդվածն էլ արգելում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին եւ դիտորդներին՝ զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Սակայն իշխանությունը «բացահայտել» է, որ օրենսգիրքն իբր բավարար մեխանիզմներ չի սահմանում վերոնշյալ պարտականություններն ապահովելու համար։
Նախաձեռնել է փոփոխություններ, որոնք իրականում վերահսկելի են դարձնելու դիտորդական դաշտը, հնարավորություն տալով իշխանությանը՝ ընտրությունները ծածկադմփոց անել յուրային դիտորդներով, դանիելիոաննիսյաններով, իսկ մյուսներին չգրանցելու կամ հավատարմագրումից զրկելու հիմքեր ունենալ։ Օրինակ, միայն այս դրույթի ներառումը բավական է, որ ԿԸՀ-ն, ի դեմս Վահագն Հովակիմյանի, Փաշինյանի հրահանգով մերժի ոչ ցանկալի դիտորդներին։
Նոր փոփոխությամբ սահմանվում է, որ կազմակերպությունները «պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին եւ սույն օրենսգրքի կանոնակարգումներին»։
Վահագն Հովակիմյանը տարատեսակ պատճառներ կարող է մոգոնել՝ հիմնավորելու, որ դիտորդական կազմակերպությունների ներկայացված կանոնները չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին, թերի են եւ այլն: Փոփոխություններից մեկով էլ պահանջում են, որ կազմակերպությունները հաշվետվություն ներկայացնեն ֆինանսական աղբյուրների, չափերի մասին, դիտորդական հայտերը ներկայացնելուն պես «պարտավոր են պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները, դրսեւորել քաղաքական չեզոքություն, չկազմակերպել կամ չիրականացնել քարոզչություն կամ հակաքարոզչություն, հրապարակայնորեն որեւէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսեւորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որեւէ հարցի նկատմամբ»: Սա նշանակում է, որ դիտորդական հայտ ներկայացրած որեւէ անձի ոչ իշխանամետ ֆեյսբուքյան գրառումը կարող է որակվել հակաքարոզչություն, եւ այդ հիմքով նրան կարող են զրկել հավատարմագրումից։
Ինչպե՞ս է իշխանությունն ընտրություններից հինգ պակաս փոփոխում խաղի կանոնները՝ այն պարագայում, երբ Վենետիկի հանձնաժողովը հստակ արգելք է դնում՝ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ չի կարելի փոփոխություններ անել Ընտրական օրենսգրքում։ Նման հարցադրումներին իշխանականները երեկ պատասխանում էին, թե Վենետիկի հանձնաժողովի արգելքը միայն «ֆունդամենտալ» փոփոխություններին է վերաբերում՝ ընտրակարգի փոփոխությանը եւ դրանից ածանցվող հարցերին։ Ընդդիմությունը, որ իշխանության բերած նախագծի մասին տեղեկացել էր մեկ օր առաջ՝ գիշերը, հրաժարվեց մասնակցել նախագծի քննարկմանը․ խոսքը «Հայաստան» դաշինքի մասին է, Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ»-ի երեք ներկայացուցիչ դահլիճում էին։ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում պնդեց՝ Վենետիկի հանձնաժողովը «սկզբունքային» դրույթների վերաբերյալ է մեկ տարվա արգելքը սահմանել, իսկ օրակարգ բերված նախագիծը հենց նման դրույթին է վերաբերում։
«Մենք առաջարկում էինք, ասում էինք՝ հիմա մի արեք սա, բերեք հանրային քննարկման, միջազգայինների, նաեւ՝ փորձագետների տեսակետները լսենք, բոլոր կողմերի տեսակետները լսենք, գանք ընդհանուր եզրակացության։ Անգամ նույնիսկ եթե դուք ուզում եք մեկ տարվա կանոնը խախտել, դա պետք է իրականացվի բոլորի հետ հնարավորինս մեծ, լայն կոնսենսուսով։ Նրանք մերժեցին եւ ցույց տվեցին, որ իրենց զոռբայությունը նաեւ այստեղ սահմաններ չի ճանաչում, բռնապետի հրահանգը պետք է կատարել։ Նրանք նպատակ ունեն հնարավորինս ազատվել բոլոր այն դիտորդական առաքելություններից, որոնք կբացահայտեն իշխանությունների այլանդակությունները՝ կլինի քաղաքական ուժի մակարդակով, թե թեկնածուների։ Մենք տեսանք, որ թե՛ Վաղարշապատի, թե՛ Գյումրիի ընտրություններում մի շարք դիտորդական առաքելություններ ինչպիսի օբյեկտիվ գնահատականներ էին տալիս ընտրական գործընթացների հետ կապված։ Հիմա այս մարդիկ ուզում են փակել նաեւ այս ճանապարհը, որպեսզի հետագայում ընտրակեղծիքներ իրականացնելու միջոցով ստանան նաեւ դիտորդական առաքելությունների դրական եզրակացությունները»,- ասաց Մինասյանը
Մինասյանն էլ նշեց, որ չկան հստակ սահմանված չափորոշիչներ, որոնցով որոշելու են՝ որ դիտորդներն են չեզոք, ովքեր՝ կողմնակալ․ «Ո՞վ է գնահատողը, թե տվյալ դիտորդական առաքելությունն արդյոք քաղաքական անաչառությունը պահպանո՞ւմ է, թե՞ ոչ. գնահատողը ԿԸՀ-ն է, որն ամբողջությամբ իշխանության կարգավորման եւ վերահսկողության ներքո է։ Օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչպե՞ս կարող է բնութագրել, որ այս կամ այն դիտորդական կազմակերպությունը ենթադրաբար ֆինանսավորվում է որեւէ թեկնածուի կամ կուսակցության, կամ ընդդիմադիր անձի։ Չկա որեւէ չափանիշ, ընդամենը ասում է, որ եթե այդ պահանջները խախտում եք, զրկվում եք դիտորդական առաքելությունից»։
Արծվիկ Մինասյանը զրուցել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ, հարցրել, թե ինչպես են գնահատելու, թե, ասենք, ֆինանսավորման բացահայտումը որքանով է ազդում կամ չի ազդում այս կամ այն դիտորդական առաքելության անաչառության վրա. «Նա չունի պատասխան, ասում է՝ դե, կքննարկենք այդ պահին։ Այսինքն, առանց չափանիշի դու ո՞նց ես գնահատում, եւ, որպես կանոն, այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար»։
Ի դեպ, Մինասյանը բացահայտեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ խորհրդի նիստում, ի պատասխան իր դիտարկումների, ասել է, որ մեզ չի հետաքրքրում թե Վենետիկի հանձնաժողովն ինչ կասի. «Ասում է՝ խորհուրդը մենք ենք, մենք ենք որոշում, ձեր առաջարկությունն էլ ընդունելի չի մեզ համար»: Ալեն Սիմոնյանին հարցրինք` ինքը նման բան ասե՞լ է, ԱԺ նախագահն ամոթանք տվեց Մինասյանին, թե նա ստում է։ Ավելի ուշ հրապարակեց խորհրդի նիստի տեսագրությունը, որի ժամանակ Մինասյանը հարցնում է՝ ինչքանո՞վ է այս փոփոխությունների նախագիծը համապատասխանում Վենետիկի ԺՀՄԻԳ-ի սահմանած կանոններին, Ալեն Սիմոնյանը պատասխանում է․ «Եկեք բովանդակության մեջ չմտնենք, մենք հիմա քննարկում ենք նիստերի օրակարգ ընդունելու հարցը, էս ինչ Դուք ասում եք, էնտեղ կքննարկեն։ Եթե ԱԺ խորհուրդը որոշում է հարց օրակարգ բերի` Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդին հետաքրքիր չի»։
Իրականում, իսկապես պարզվեց` Վենետիկի կարծիքը ՔՊ-ին հետաքրքիր չէ. ոչ միայն նախագիծն օրակարգ մտցրին, այլեւ քննարկեցին ու ընդունեցին։