Մշակույթ

Պետք է ունենալ գորգի թանգարան եւ ենթաճյուղեր մարզերում

Պետք է ունենալ գորգի թանգարան եւ ենթաճյուղեր մարզերում

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ պ․գ․թ․ Կարեն Փահլեւանյանը, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող՝ պ․գ․թ․ Սվետլանա Պողոսյանն ու ՊՈԱԿ-ի գիտաշխատող՝ պ․գ․թ․ Աշխունջ Պողոսյանը։

«Այս գիրքը նոր խոսք է հայագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառներում։ Այստեղ ներկայացված է 47 տարիների երկար աշխատանքը, որի ընթացքում մեր բազմաթիվ նվիրյալների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքվել եւ մեկտեղվել են շուրջ 2 հազար 200 թանգարանային առարկաներ, գորգեր, եւ դրանցից ընտրված շուրջ 300 նմուշ ներկայացված է այս քառալեզու գրքում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն։ Գիտահեն ներկայացված են հայկական գորգերը՝ խմբերով, դասակարգված ըստ աշխարհագրության, ժամանակագրության, տեխնոլոգիաների»,- նշել է Կարեն Փահլեւանյանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշել է, որ հայկական գորգերն իրենց որակով եւ գեղագիտական յուրահատկությամբ վաղուց են արժանացել ճանաչման՝ արաբ պատմիչներից մինչեւ ուշ միջնադարի ու նոր շրջանի եվրոպական, ռուսական եւ այլ աղբյուրներ։

Աշխունջ Պողոսյանն էլ ընդգծել է, որ գորգերի հավաքածուի ստեղծման նպատակն է՝ Հայաստանում ունենալ գորգի թանգարան՝ Վաղարշապատում, եւ ենթաճյուղեր՝ Իջեւանում, Բերդում, Գորիսում, Կապանում, Սիսիանում։ «Պետք է հասնել նրան, որ ունենանք գորգագործական մշակույթի գիտահետազոտական կենտրոն։ Դա պետք է կազմակերպված լինի պետականորեն»,- նշել է Պողոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image