«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ռուսական շուկա մտնող արտադրանքի ամենամսյա մշտադիտարկում է իրականացնում, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում տված հարցազրույցում ՏԱՍՍ-ին ասել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք ներկայում ռուսական շուկա մտնող արտադրանքի ամենամսյա մշտադիտարկում ենք իրականացնում։ Մենք հետևում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ կոնկրետ ապրանքի համար խախտումների աճ է նկատվում, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների», - ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից ներմուծման վերաբերյալ հարցին։
Մայիսի 30-ից սկսած «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նմանատիպ սահմանափակումներ են սահմանվել բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։
Ավելին, հունիսի 3-ից սկսած սահմանափակվել է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։