Օրերս Ամերիկյան համալսարանում հանդես գալով որպես բանախոս եւ ներկայացնելով իր «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ Նիկոլ Փաշինյանը լսարանին հարցադրում արեց, թե ինչու է Մայր Աթոռն Էջմիածնում եւ ոչ թե Արտաշատում կամ Գյումրիում, կամ Երեւանում, եւ դա կապեց Վաղարշապատի՝ հայոց մայրաքաղաքը լինելու հանգամանքի հետ։ Մտահոգված Փաշինյանի այդ հայտարարությունից՝ տարբեր կարծիքներ, նույնիսկ առաջարկներ արվեցին՝ Մայր Աթոռը տեղափոխելու նպատակահարմարության մասին։
ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Պարգեւ Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե նախկինում եղե՞լ են նման նախադեպեր, երբ, անվտանգային կամ մի շարք այլ խնդիրներով պայմանավորված, Մայր Աթոռը տեղափոխվի։ «Մայր Աթոռն անընդհատ տեղափոխվել է՝ մինչեւ 1441-ը, երբ վերջնականապես նորից վերադարձավ Էջմիածին։ Դա արվել է՝ պայմանավորված թե՛ քաղաքական իրավիճակով, թե՛ տվյալ ժամանակաշրջանի պահանջներով, կաթողիկոսներն անընդհատ տեղաշարժվել են։ Նախ՝ եղել է Դվինում, հետո տեղափոխվել է Ախթամար, որից հետո եկել է Անի, այստեղից էլ՝ Կիլիկիա։ Այսինքն՝ Մայր Աթոռը, կաթողիկոսական գահը պատմության մեջ անընդհատ տեղաշարժվել են, նման նախադեպեր շատ կան»,- նշում է զրուցակիցս։
Այդ տեղաշարժերն ի՞նչ հանգամանքներով են պայմանավորված եղել։ «Օրինակ, պատերազմական իրավիճակով, այդ օրվա քաղաքական իշխանությունների պահանջներով, նրանց նախասիրություններով կամ որոշումներով։ Ժամանակին, երբ մենք մի քանի թագավորություններ ունեինք, թագավորը միաժամանակ ձգտում էր, որ կաթողիկոսն իր մոտ նստի, որ հետագայում դա էլ օգտագործվեր իր իշխանության լեգիտիմացման կամ օգտագործման համար։ Այսինքն՝ կաթողիկոսական գահն անընդհատ տեղաշարժվել է մինչեւ 1441-ը, եւ դա նորություն չէ»,- նկատում է Պ․ Բարսեղյանը։
Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ սրանով Փաշինյանն ալտերնատիվ եկեղեցի է ուզում ստեղծել՝ իր առաջնորդով հանդերձ, եւ դրա համար շաբաթներ առաջ հայտարարեց, որ համակարգող խորհուրդ է ձեւավորում, որի անդամներին ինքն է ընտրելու, թեեւ մինչ օրս չեն հրապարակվել դրա կազմն ու նպատակները։
«Անկեղծորեն, չգիտեմ, թե այսօրվա իշխանություններն ինչ մտադրություններ ունեն, բայց, ավանդաբար, Եկեղեցին պառակտելը, բաժանելը, մի քանի կաթողիկոս ունենալն այնքան էլ հեշտ գործ չէ, որովհետեւ Եկեղեցին կուռ, ամբողջական կառույց է, եւ Եկեղեցու մասին պատկերացումներ չունեցողներն են, որ մտածում են՝ հեշտությամբ կարելի է Եկեղեցու հետ կապված ինչ-որ հարցեր լուծել։ Առավել եւս՝ մենք պատմության մեջ ունեցել ենք նախադեպեր, օրինակ 590-ին՝ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո, երբ Հայաստանի մեծ մասն անցավ Բյուզանդիային, հակաթոռ (աթոռին հակառակ) կաթողիկոսություն ստեղծվեց։ Այսօրվա Ավանի եկեղեցին դրա վառ օրինակն է, իսկ եպիսկոպոսներից մեկին՝ Հովհաննես Բագարանցուն, բյուզանդական իշխանությունները հռչակեցին կաթողիկոս։ Սակայն Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների մեծամասնությունը, ըստ էության, Հովհաննես Բագարանցուն լուրջ չվերաբերվեց, նրա իշխանությունը շատ կարճ ժամանակահատված գոյատեւեց, նրա մահվանից հետո նոր կաթողիկոս այդպես էլ չօծվեց, եւ հակաթոռ կաթողիկոսությունն ու աթոռը, ի վերջո, վերացան։ Մինչդեռ պատմականորեն ձեւավորված Մայր Աթոռում կաթողիկոսն ինչպես որ կար, այդպես էլ շարունակեց իր բնականոն ընթացքը, իսկ հակաթոռ կաթողիկոսը հայտնվեց ու անհետացավ պատմությունից։ Հետագայում էլի նմանատիպ փորձեր եղել են՝ տարբեր ժամանակահատվածներում կաթողիկոսներ ունենալու, տարբեր աթոռներում կաթողիկոսներ հռչակելու ուղղությամբ, նաեւ ինքնահռչակ կաթողիկոսներ ենք ունեցել, բայց դրանք երկար կյանք չեն ունեցել, եւ, վերջին հաշվով, Եկեղեցին միշտ ձգտել է ունենալ մեկ գլուխ՝ մեկ առաջնորդ, եւ այդ մեկ առաջնորդի ինստիտուտը պաշտպանել է անընդհատ»։
Հունիսի 27-ին Մայր Աթոռում տեղի ունեցածն աննախադեպ էր, քանի որ դիմակավորված եւ զինված ուժայինները մտան Վեհարանի տարածք՝ Միքայել սրբազանին բերման ենթարկելու։ Սրա հետ կապված՝ Պարգեւ Բարսեղյանը դժվարանում է ասել, թե, օրինակ, խորհրդային տարիներին եղե՞լ է նման նախադեպ, բայց ենթադրում է, որ եղած կլինի, որովհետեւ․ «Եթե խորհրդային տարիներին, հատկապես 20-30-ական թվականներին, հալածանքները հասել էին գագաթնակետին՝ բոլոր հոգեւորականները հալածված էին, մի մասը կարգալույծ էր, մի մասն էլ՝ ձերբակալված, ո՞վ պետք է խանգարեր, որ ոստիկանությունը՝ այն ժամանակվա միլիցիան, մտներ Մայր Աթոռ։ Դրա համար ենթադրում եմ, որ նախադեպեր եղած կլինեն․․․»։