Չնայած Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվեց անցյալ տարի, մարտի 2-ին, ԱԺ-ում 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ, սակայն, դատելով president.am կայքից, նրա աշխատակազմը լիովին ձեւավորված չէ։ Մասնավորապես՝ « նախագահի աշխատակազմ» բաժնում նշված չէ, թե ով է արտաքին կապերի վարչության պետը, ով է արարողակարգի վարչության պետը, ով է ներքին աուդիտի բաժնի պետը, ով է նախագահական նախաձեռնությունների վարչության պետը։ Իսկ ահա, ըստ կայքի, հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարը Զոյա Բարսեղյանն է, համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի պետի պաշտոնակատարը Հրանուշ Աղայանն է, քարտուղարության պետի պաշտոնակատարը Արմինե Գեւորգյանը։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, մեր այն դիտարկմանը, թե ինչու վերջնական ձեւավորված չէ նախագահի աշխատակազմը, նախ արձագանքեց, որ ինքն այս պահին արձակուրդում է, կփորձի տեղեկատվություն տրամադրել մի քիչ ուշ։ Ավելի ուշ Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագահի աշխատակազմը պարբերաբար համալրվում է․ մշտապես լինում են թափուր պաշտոններ, հայտարարվում են մրցույթներ, ինչը բնական պրոցես է։