Հարցազրույց

«Հրապարակ»․ Բոլորս ինքնաիրացման խնդիր ունենք, մեկը բանաստեղծություն է գրում, օրինակ՝ ես

«Հրապարակ»․ Բոլորս ինքնաիրացման խնդիր ունենք, մեկը բանաստեղծություն է գրում, օրինակ՝ ես

Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր, «Վարչաբենդի» դիսկոտեկին մասնակցած ՔՊ-ական, նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

- Պարոն Բագրատյան, Փաշինյանի դիսկոտեկին Ձեր եւ Գագիկ Մելքոնյանի մասնակցությունը շատ քննարկվեց, ի՞նչ գործ ունեիք այդ երիտասարդական ժամանցին։

- Մենք հայտարարությունը նայեցինք, ես ու Մելքոնյան Գագիկն էինք, իսկապես, չգիտեինք՝ ինչ ձեւաչափով է, մտածեցինք, որ հաճելի համերգ կարող է լինել, գնանք լսենք։

- Բայց Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ գրել էր, որ դիսկոտեկ է լինելու։

- Դիսկոտեկի մասին կարող էինք չմասնակցել, ասացին` նոր երգեր են հնչելու, մտածեցինք՝ գնանք.երիտասարդների հետ դիսկոտեկի մասնակցելու մտադրություն, ցանկություն չունեինք, մենք գնացինք համերգի  համար։

- Չե՞ք պարել։

- Չէ, լսեցինք երաժշտությունը։

- Իսկ ինչո՞ւ չպարեցիք։

- Մելքոնյան Գագիկի ոտքը ցավում էր, ես էլ, հարգելով իրեն, ապրումակցելով իրեն՝ չպարեցի, նստեցինք, համերգ լսեցինք։

- Իսկ գուցե ձեզ կանչել էին, որ մասսովկա՞ ապահովեին, ասում են՝ մասնակիցների յոթ պորտ ստուգել են, որ օտարներ չմասնակցեն, անակնկալներ չլինեն։

- Ոչ, այդպես չի եղել։ Անկեղծ եմ ասում, համերգ շատ եմ սիրում, իմացա, որոշեցինք գնալ։

- Բայց Փաշինյանը երիտասարդների էր հրավիրել, շատ հստակ գրել էր, ձեր մտքով ինչո՞ւ անցավ՝ գնալ։

- Այո, երիտասարդների էր հրավիրել, բայց վերջում՝ համերգից 4-5 օր առաջ պարզեցինք, որ պատգամավորները եւս կարող են մասնակցել, ու ես Մելքոնյանին հիշեցրի, որ նման միջոցառում կա, գնացինք։

- Իսկ հնարավո՞ր է առաջիկայում ձեզ էլ ինչ-որ կարգավիճակով տեսնենք այդ բենդում, ձեր թիմակիցները հերթով բացահայտում են իրենց նախասիրությունները, մեկը կլարնետ է սիրում նվագել, մյուսը պարում է։

- Ես դաշնամուր եմ սիրում նվագել, բայց պարապմունքների ժամանակ հասկացել եմ, որ երաժշտական ունակություններս չեն փայլում, մեր մանկության ժամանակ ընդունված էր, որ երաժշտական գործիքի պիտի հաճախեիր, հաճախել եմ։

- Բայց կարող եք Անահիտ Ավանեսյանի պես պարել։

- Բոլորը կարող են պարել, բայց ավելի հաճելի է երիտասարդների պարը։

- Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Փաշինյանը որոշեց հարվածային գործիքների վրա նվագել։

- Յուրաքանչյուրս ինքնաիրացման խնդիր ունենք, մեկը բանաստեղծություններ է գրում, օրինակ՝ ես, մյուսն այլ բանով է զբաղվում։ Եթե երկրի ղեկավարը տիրապետում է երաժշտական գործիքի եւ կարողանում է երիտասարդներին երաժշտությամբ գրավել, հաճելի է։

- Նորմա՞լ է, որ մեր երկրում, որտեղ բազում խնդիրներ կան, վարչապետի պաշտոնում աշխատող մարդն այնքան պարապ ժամանակ ունի, որ նվագել է սովորում, ինքնիրացման խնդիրներ լուծում 50 տարեկանում։

- Ես չեմ կարծում, որ որեւէ պաշտոնյա այնքան զբաղված է, որ ուրիշ բան չի կարող անել, եթե ժամանակդ ճիշտ տեղաբաշխես, ամեն ինչ էլ կարող ես անել։ Սթիվ Ջոբսի ասածին կողմ եմ, որ մարդը պետք է աշխատի գլխով, ոչ թե 24 ժամ։

- Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ՔՊ-ն ամենացածր վարկանիշն ունի երիտասարդության շրջանում, եւ ակնարկում էր, որ Փաշինյանը դրա համար է այդ «կապիկություններն անում», որ վարկանիշը բարձրացնի երիտասարդության մոտ։

- Դա իր կարծիքն է, եւ կարծում եմ, որ ինքը պրոյեկտում է իր անելիքը ՔՊ-ի վրա, ի՞նչ է նշանակում նման բառապաշարը։ Եթե ուրիշը կապիկություններ կանի, թող անի, ամեն մարդ մի կապիկություն է անում։ Ես կարծում եմ, որ երիտասարդները  բազմաշերտ են, այո, կան խմբեր, որոնց գրավում է մեր քաղաքական ուժի կարծիքը, գործելակերպը, կլինեն խմբեր, որոնք չեն ընդունի։

- Իսկ վերջին համերգը ո՞րն է եղել, որին մասնակցել եք։

- Ջենիֆեր Լոպեսի համերգին ենք մասնակցել, հայտնի երգիչների համերգներին միշտ էլ հաճելի է մասնակցել, կամ եթե Վրաստանի վարչապետը գա՝ համերգ տալու, հաճելի չի՞ լինի։

- Մի խոսքով, մշակութասեր, համերգասեր պատգամավոր եք, ու մանդատի համար չէ, որ գնացել եք համերգ լսելու։

- Բայց մանդատն ի՞նչ կապ ունի։

- Գնում եք, աչք մտնում, ծափ տալիս վարչապետին, ձեր կուսակիցների աչքին էլ եք բարձրանում, թե ինչ հավատարիմ եք։

- Կուսակցության ղեկավար է, բնական է, որ պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Ծայրահեղության մեջ մի ընկեք, մարդկային վիճակ է համերգ տալը, մասնակցելը։

- Մարդիկ ձեզ քննադատում են՝ այսքան աղետ բերեցիք երկրի գլխին, հիմա տժժում եք` երգում, պարում։

- Կարծում եմ՝ սուբյեկտիվ կարծիք է՝ ով ինչ բերեց, բայց ի վերջո բոլորս էլ ցավեր ենք ունենում, չկա մարդ, որ ցավեր չունենա, ողբերգություն տեսած չլինի։ Ապրենք այդ ողբերգությա՞մբ, մենք պետք է իրար ապրեցնենք, որ կարողանանք հաղթահարել դժվարությունները, եթե մենակ վշտով ապրենք, կմնանք վշտի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image