«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղբալյանն է:
- Ադրբեջանցիներն այն աստիճան բարբարոսաբար են վերաբերվում Արցախում հայկական մշակույթի արժեքներին, որ անգամ օտարերկրացի բլոգերներն են անդրադառնում դրան՝ նշելով, որ տարբեր օկուպացված տարածքներում են եղել, սակայն նման բարբարոսություն, մշակութային արժեքների նկատմամբ անթաքույց ատելություն ու ագրեսիա երբեւիցե չեն տեսել: Ըստ Ձեզ` ո՞րն է ազերիների այդ վերաբերմունքի պատճառը: Իշխանությունները շատ են սիրում խոսել խաղաղության մասին: Նման խաղաղություն լինո՞ւմ է:
- Պարզ է, որ նրանց վայրագությունների պատճառը հիմնականում հայկական հետքը վերացնելն է: Այդ ծրագիրը նրանք վաղուց էին փորձում իրականացնել, իսկ այժմ, երբ հայկական Արցախն իրենց տիրապետության տակ է, բնական է, որ պետք է այդպես վարվեին: Ինչ վերաբերում է խաղաղություն հաստատելուն, ապա եթե այդ խաղաղության գինը պետք է լինի հայկական ինքնության, պետության եւ, առհասարակ, հայ ժողովրդի կորուստը, ապա դա խաղաղություն չէ, դա բնաջնջում է: Եթե մենք մեր հայրենիքն ենք կորցրել, եթե մենք ամեն օր կորցնում ենք մեր մշակութային ժառանգությունը, եթե ամեն օր Ադրբեջանը վերացնում է հայկական հետքը եւ ստիպում է մեզ մոռանալ մեր արմատները, ապա ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:
- 90-ականների պատերազմից հետո որոշ շրջանակներ ադրբեջանական փաստաբանների դերն են ստանձնել ու հայտարարում են, որ հայերը նույնպես համարժեք քայլեր են արել` ավերել են ադրբեջանական ժառանգությունը: Որ մենք էլ ենք բարբարոսություններ արել եւ այլն: Բայց կուզեի նախ հասկանայինք` ի՞նչ ադրբեջանական ժառանգություն է եղել Արցախում, եւ, առհասարակ, հայերը երբեւիցե նման բարբարոսություններով աչքի ընկե՞լ են:
- Ընդամենը մեկ օրինակ բերեմ, ու երեւի միայն դա բավարար է, որպեսզի հերքենք աշխարհին պարտադրված այդ սուտը: Շուշիում վերջին տարիներին` հայաթափումից առաջ վերականգնվեց Շուշիի մզկիթը: Միայն այս մեկ օրինակը փաստում է այն մասին, որ հայերը ոչ միայն նրանց մշակույթը չեն վերացրել, այլեւ դեռ մի բան էլ հարկ եղած դեպքում վերականգնել են նրանց մշակութային ժառանգությունը: Ամեն օր միջազգային հանրությանը նման ստեր են հրամցնում եւ հարկադրում են հավատալ դրան։ Ամենավատը դա է: Բայց մենք տեսնում ենք, որ անգամ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին են ավերել: Ադրբեջանցիները կոնկրետ երկու ճանապարհով փորձում են հայկական հետքը վերացնել․ կա՛մ ոչնչացնել ամբողջովին հայկական մշակույթը, կա՛մ փոխել ծագումը: Ամեն մի թիզ հողն Արցախում այնքան հայկական է, եւ ամենացավալին այն է, որ մենք հստակ չգիտենք, թե կոնկրետ քանի հայկական եկեղեցի է վերացվել այս ընթացքում, մենք միայն տեսնում ենք այն, ինչ ասվում է: Զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում այն, ինչը տեսնում ենք մենք` բոլորս: Ապշում եմ` ինչպե՞ս են այդքան հաշտ այս իրողությունների հետ, ոչ միայն հաշտ, այլեւ բարեկամություն են անում վանդալիզմի հեղինակի հետ:
- Հայաստանի իշխանություններն այս առումով ունե՞ն անելիք:
- Հայաստանի իշխանությունները հենց առաջինը պետք է այդ մասին բարձրաձայնեին: Հենց նրանք պետք է մտահոգվեին արցախյան մշակութային ժառանգությունների ոչնչացումով, բայց, ցավոք, նրանք ոչ միայն մտահոգ չեն, այլեւ` աչք են փակում, կոծկում են ամեն բան` թվացյալ խաղաղության քողի տակ: Եթե Հայաստանի իշխանություններն անտարբեր են այս հարցում, ապա մենք որեւէ այլ պետությունից չենք կարող ակնկալիք ունենալ: