Քաղաքականություն

Եվրամիության համար մեկ է, թե Սյունիքով անցնող միջանցքն ով կվերահսկի

Եվրամիության համար մեկ է, թե Սյունիքով անցնող միջանցքն ով կվերահսկի

Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սոցցանցերում լուսանկար էր հրապարակել` Արցախի դրոշով, անդրադարձել արցախահայության թեմային։ Նշել էր, որ Արցախը բնակեցված է եղել հիմնականում հայերով: Ադրբեջանը սովորաբար շատ ագրեսիվ է արձագանքում նման դրսեւորումներին․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին շտապ կանչել էին ԱԳՆ՝ բողոքի նոտա հանձնել, եւ գերմանական կողմը շտապել էր ներողություն խնդրել ադրբեջանցիներից, ու Շտայնմայերի սոցիալական էջից ջնջվել էր այդ գրառումը: Գրառման եւ դրոշի առկայությունը պայմանավորել էին տեխնիկական սխալով։ Բայց Գերմանիայի նախագահ Շտայնմայերը Հայաստանում էր, եւ չնայած այս իշխանությունը ցեղասպանությունից հրաժարվելու քաղաքականություն է որդեգրել, նա ցանկություն էր հայտնել այցելել Ծիծեռնակաբերդ եւ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ի դեպ, այցի ժամանակ ոչ մի նշանակալի հայ պաշտոնյա չէր ուղեկցում նախագահին, ինչը եւս վկայում է ցեղասպանությունն այլեւս առաջնահերթություն չհամարելու եւ հարեւան թշնամական պետությունների ղեկավարների արձագանքներից վախենալու մասին:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Գերմանիայի նախագահի` տարածաշրջան կատարած այցելության հիմնական նպատակներին, ասում է, որ դրանք երկուսն էին՝ Եվրամիության դիրքերի ակտիվացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, եւ այլընտրանքային ուղիներ ապահովելու փորձեր՝ առաջին հերթին էներգետիկ մատակարարումների մասով եւ այն հարցի հետ կտրվածքով, որ ՌԴ-ի հետ կարծես թե հարաբերությունների վերականգնումը չի ստացվում: Հարցին, թե արդյոք Գերմանիայի նախագահը չէ՞ր ենթադրում, որ արցախահայության մասին իր գրառմանը կարող է հաջորդել ադրբեջանական կողմի կոշտ արձագանքը, քաղաքագետն ասաց, որ եթե Գերմանիայի նախագահը չի իմացել, ապա իր արարողակարգի թիմի հետ հարցեր ունի պարզելու: Մեր կողմից հավելենք․ առավել հավանական է, որ իմացել է, եւ սպասել են նաեւ նման արձագանքի: Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, ապա եթե Հայաստանի իշխանություններն են գրեթե պաշտոնապես արգելում Արցախի դրոշն ու այդ հարցը համարում փակված, ապա Գերմանիայի նախագահի դիրքորոշումն այդ տեսանկյունից կարելի է նորմալ համարել՝ նկատում է քաղաքագետը:

«Ուրիշ բան, որ պետք չէր անել ու հետո ներողություն խնդրել: Ինչ վերաբերում է ցեղասպանության թանգարան այցելությանը, վստահ եմ, որ Գերմանիայի նախագահը Բաքվում այցելելու է նաեւ շահիդների պուրակ: Դրանք արարողակարգային ծրագրեր են՝ ձեւական բնույթ կրող, ուղղակի մենք պիտի մեզ համար ընկալենք, որ, ցավոք սրտի, Գերմանիան եւ Եվրամիությունը մեր տարածաշրջանում լիդեր համարում են Ադրբեջանին, եւ իրենց համար շատ ավելի կարեւոր են հարաբերություններն Ադրբեջանի հետ, քան՝ Հայաստանի»,- ասաց Բաղդասարյանը: Եթե Եվրամիությունը Հարավային Կովկասի հետ կապված ինչ-որ ծրագրեր ունի, ապա դա չի կարող արվել առանց Հայաստանի եւ չի կարող լինել առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման: Եվ եթե ԵՄ-ի համար հիմնական խնդիրը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է եւ Հարավային Կովկասը Եվրոպայի համար էներգետիկ հաբ դարձնելը, ապա դա հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում:

«Թե ինչպես կլինի այդ կարգավորումը, արդեն այլ հարց է: Բայց որ առանցքում կարգավորումն է՝ Գերմանիայի նախագահը չէր կարող այցելել միայն Երեւան կամ միայն Բաքու»,- ասաց քաղաքագետը: Եվրամիությունը բավականին հզոր ուժային բեւեռ է, եւ Միացյալ Նահանգների փաստացի հակաեվրոպական դիրքորոշման դեպքում Եվրոպան պիտի ակտիվացնի իր ջանքերը բոլոր մյուս հնարավոր, այլընտրանքային ուղղություններով, եւ դրանց մեջ ամենակարեւորներից մեկը Հարավային Կովկասն է՝ կարծում է քաղաքագետը:

«Միացյալ Նահանգների նոր վարչակարգի քաղաքականությունից հետո Հարավային Կովկասի դերն ավելի է մեծանում: Միջին միջանցքը ոչ միայն Հարավային Կովկասի մասին է, այլեւ Կենտրոնական Ասիայի, որտեղից էներգակիրները, շրջանցելով Ռուսաստանը, պիտի հասնեն Արեւմուտք»,- նկատում է Բաղդասարյանը։ Եվրամիությանն անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում լինի․ ԵՄ-ի համար միեւնույն է՝ այդ կարգավորումը կլինի միայն Ադրբեջանի՞ պատկերացումների համաձայն, թե՞ Հայաստանի. «Իրենց համար, կոպիտ ասած, միեւնույն է՝ Սյունիքով անցնող ճանապարհը հայե՞րը կվերահսկեն, թե՞ ադրբեջանցիները: Իրենց համար կարեւոր է, որ դա գործի եւ լինի ռուսական եւ իրանական վերահսկողությունից դուրս»: Եվրոպայում Ռուսաստանը համարում են ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ էներգետիկ սպառնալիք, եւ այլընտրանքներից մեկը, գուցե՝ հիմնականը, Հարավային Կովկասով անցնող, Ռուսաստանը շրջանցող լոգիստիկ ուղիներ բացելն է՝ մեզ հետ զրույցում վստահեցնում է քաղաքագետը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image