Հայաստանի ղեկավարությունը փորձում է երկիրը արհեստականորեն կանգնեցնել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ հիմա Հայաստանի ղեկավարությունը արհեստականորեն փորձում է երկիրը կանգնեցնել երկընտրանքի առաջ։ Պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրակողմնորոշումը և դեպի ԵԱՏՄ կողմնորոշումը, ապա ԵԱՏՄ-ի կշիռն ավելի բարձր կլինի Հայաստանի համար։ Դա ավելի շահավետ է հայերի համար։ Նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ այդպես չի լինի»,- հավելել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նշել է՝ Մոսկվայում քաջ հայտնի է, թե ՀՀ–ն ինչ կողմնորոշում ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։
«Հայաստանն արդեն փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին արդեն բավականին տևական ժամանակ»,-ասել է Պեսկովը։