Հասարակություն

Հայ առաքելականի փոխարեն՝ Հայաստանի առաքելական եկեղեցի

Հայ առաքելականի փոխարեն՝ Հայաստանի առաքելական եկեղեցի

Կիրակի օրը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում իր կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Փաշինյանը նախօրոք հրահանգել էր տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը: Սրա նպատակն ամենեւին էլ հայրենասիրությունը չէ, այլ Հայ առաքելական եկեղեցին պառակտելը, Հայ առաքելական եկեղեցու փոխարեն Հայաստանի առաքելական եկեղեցի ստանալը, Հայ առաքելական եկեղեցու՝ արտասահմանում գործող թեմերը նրանից անջատելը, նրա համահայկական եւ միջազգային կառուցվածքն ու ազդեցությունը ոչնչացնելը: Կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի այստեղ դրոշը:

Եթե Հայաստանում գտնվող եւ գործող եկեղեցիներում Փաշինյանը կարող է պարտադրել, որ տեղադրվի Հայաստանի Հանրապետության դրոշը կամ հնչեցվի Հայաստանի հիմնը, ապա բնական է, որ նույնը չի կարող պարտադրել Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Լիբանանում կամ որեւէ այլ տեղ գործող Հայ առաքելական եկեղեցիներում: Կստացվի մի իրավիճակ, երբ Հայաստանում գործող եկեղեցիներում եկեղեցական արարողակարգը կլինի տարբեր, քան այլ համայնքներում գործող եկեղեցիներինն է: Ավելին` չի բացառվում, որ որոշ երկրներում գործող եկեղեցիներում տեղի իշխանությունների հորդորով կամ հենց տեղի քահանաների կամ ավելի բարձրաստիճան հոգեւորականների նախաձեռնությամբ, այդ երկրների իշխանություններին սիրաշահելու նպատակով, տեղադրվի այդ երկրի դրոշը, եւ հնչեցվի այդ երկրի հիմնը: Հիմա Հայ առաքելական եկեղեցիներում իրականացվող արարողակարգն ընդհանուր է, անկախ գտնվելու վայրից:

Բայց հիմնը եւ դրոշը միայն եկեղեցու պառակտման մի տարրն են` արտաքին կողմը: Պարզ է, չէ՞, որ եթե Փաշինյանին հաջողվի գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա գահին նստեցնել իր դրածոյին, այդ դրածոյի իշխանությունը չի ճանաչվելու տարբեր երկրներում գործող հայ համայնքների, առավել եւս՝ եկեղեցու ներկայացուցիչների կողմից, ովքեր նոր, այսպես կոչված՝ կաթողիկոսին համարելու են ոչ օրինական, որը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է մի անձի կողմից, այն էլ՝ ամբողջ հայության կողմից մերժված անձի: Ամենապարզ օրինակը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմն է, որտեղ թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է` գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որը միաժամանակ վայելում է Ռուսաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունը: Ինչո՞ւ նա պետք է ճանաչի նոր՝ նիկոլանշանակ կաթողիկոսի իշխանությունը: Իսկ Ռուսաստանի թեմն ամենամեծերից է, եթե հավատանք Ռուսաստանի իշխանությունների հավաստիացումներին` այնտեղ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Եթե Նիկոլ Փաշինյանը կարող է կաթողիկոս նշանակել, ինչո՞ւ, ուրեմն, նույնը չի կարող անել Ռուսաստանի նախագահը, Ռուսաստանի իշխանություններն էլ կարող են Եզրաս արքեպիսկոպոսին ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս կամ կաթողիկոսական տեղապահ, նստավայրն էլ՝ Մոսկվան, էլի ժամանակավոր, մինչեւ Էջմիածնի ազատագրումը:

Չէ՞ որ նրա իշխանությունը բազմակի ավելի օրինական կլինի, քան Փաշինյանի նշանակած կաթողիկոսինը, որի օրինականությունը չի ճանաչի նույնիսկ Հայաստանի հասարակությունը:
Բայց Ռուսաստանը միակը չի լինի, որ չի ճանաչի փաշինյանական կաթողիկոսի իշխանությունը. դա միայն շղթայական ռեակցիա կառաջացնի, որի արդյունքում Հայ առաքելական եկեղեցին կզրկվի իր արտասահմանյան թեմերից եւ կվերածվի Հայաստանի առաքելական եկեղեցու: Գուցե Փաշինյանի ուզածն էլ հենց դա է` ունենալ մի կառույց, որն ամբողջովին վերահսկելի եւ հաշվետու է իրեն, որտեղ բոլոր նշանակումներն արվում են իր կողմից, եւ նույնիսկ եկեղեցական արարողություններն են համաձայնեցվում իր հետ կամ կատարվում իր գրած սցենարով:

Սա, իհարկե, Փաշինյանի ո՛չ խելքի, ո՛չ էլ հնարավորությունների հարցն է: Ինչպես բազմիցս ասել ենք, Փաշինյանը եւ Ուկրաինայի իշխանությունները` նախագահ Զելենսկին եւ նրան նախորդած Պորոշենկոն, իշխանության են բերվել եւ հրահանգավորվում են նույն կենտրոնի կողմից, եւ բոլոր առումներով նրանց գործողությունները սինքրոն են, ինչպես երկիրը պատերազմի եւ պարտության մեջ ներքաշելու, այնպես էլ հասարակությանը պառակտելու, հասարակության մեջ օտար եւ մերժելի արժեքներ ներմուծելու հարցերում: Ուկրաինայում էլ եկեղեցին պատակտվեց երկու մասի` Ուկրաինական ուղղափառ եկեղեցուց անջատվեց, եւ ստեղծվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին: Սա եւս արվում էր ճիշտ նույն քարոզչական նարատիվներով, ըստ որի՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը եւ հոգեւորականությունը ռուսական գործակալներ են, ծառայում են Ռուսաստանի շահերին, եւ միայն նրանց կալանավորելու, դատապարտելու միջոցով է հնարավոր հասնել եկեղեցու ազատագրմանը: Այսօր էլ Ուկրաինայի բանտերում գտնվում են եկեղեցու բազմաթիվ հոգեւորականներ, որոնց միակ մեղքն այն է, որ հրաժարվում են ենթարկվել իշխանության կամայականություններին:

Այնպես որ, եթե Փաշինյանին իսկապես հաջողվի գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա փոխարեն կաթողիկոսական գահին նստեցնել մի ինչ-որ խեղկատակ դրածոյի, իսկ դա անպայման խեղկատակ կլինի, քանի որ ոչ մի նորմալ մարդ, առավել եւս՝ հոգեւորական, չի համաձայնի դառնալ Փաշինյանի ձեռնասուն գործիքը, ապա մենք աշխարհում կունենանք մի քանի կաթողիկոս եւ բազմաթիվ առանձին հայկական եկեղեցական կառույցներ, որոնք չեն ճանաչի Էջմիածնի իշխանությունը: Մի բան, որն էլի է եղել հայ ժողովրդի պատմության մեջ, երբ երկիրը զավթված է եղել օտարների կողմից, ինչպես մեր օրերում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image