Հասարակություն

Իսկ այդ քննադատությունները հանրային կարծիքի վրա ազդո՞ւմ են

Իսկ այդ քննադատությունները հանրային կարծիքի վրա ազդո՞ւմ են

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Կարելի է 24 ժամ միալար թվարկել բոլոր այն խոստումները, որոնք տվել են 2018-ին իշխանության եկած անձինք, եւ որոնք, իրենցից կախված կամ չկախված պատճառներով, չեն կատարել: Կարող ենք ավելի հետ գնալ եւ հիշել, թե նախկին իշխանություններին ինչում էին մեղադրում ընդդիմադիր ՔՊ-ի եւ «Ելք» դաշինքի լիդերները, եւ ինչպես են այժմ այդ բոլորը` մի բան էլ ճոխացրած, իրականացնում իրենք․․․»։

Գրառման նպատակը հասկանալի է։ Հեղինակը խոսում է մերօրյա հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում իշխանություններին ուղղված քննադատության մասին։ Համաձայն ենք հեղինակի հետ, որ ներկայում Հայաստանում իշխանություններին ուղղված քննադատության պակաս չկա։ Ընդ որում՝ քննադատությունն էլ այնքան բազմաշերտ է, որ իշխանությունների գործունեության մասին քննադատական խոսք լսել ցանկացողներն ունեն ընտրության ամենալայն հնարավորությունը։ Սակայն կարեւորը ոչ այնքան քննադատական խոսքի մեծածավալությունն ու բազմաշերտությունն է, որքան այն, թե այդ քննադատական խոսքն ինչ արդյունքի է հասնում հայաստանյան հասարակության քաղաքական մոտեցումների կամ քաղաքական ընտրության հարցում։

Ակամա հիշեցի մի դրվագ՝ հենց Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որը, կարծեմ, նա է մի առիթով պատմել՝ նախքան իր իշխանության գալը տված հարցազրույցներից կամ գրառումներից մեկում։ Ուրեմն, «նախկինների» օրոք, երբ Գյումրիում տեղի են ունեցել համայնքային ընտրություններ, Փաշինյանն իր այն ժամանակվա թիմով Գյումրիում է եղել, որպեսզի «պաշտպանի ընտրողի քվեն» կեղծումից, առուծախից։ Մի կին է հանդիպել նրան ու ասել՝ պարոն Փաշինյան, ինչ լավ է, որ Գյումրիում եք, ինչ լավ եք քննադատում Սերժենց իշխանություններին՝ բմբլահան եք անում ԱԺ ամբիոնից արտասանած գրեթե յուրաքանչյուր ելույթում, քարը քարին չեք թողնում, համարձակորեն խոսում եք է՛լ կոռուպցիայի, է՛լ քրեաօլիգարխիկ համակարգի, է՛լ հազար ու մի բաների մասին։ Փաշինյանը ոգեւորվում է կնոջ այս խոսքերից, շնորհակալություն է հայտնում ու ասում, թե բա՝ «մայրիկ ջան, իսկ դու ո՞ւմ ես ընտրել այս ընտրություններում»։ «Էլ ո՞ւմ բդի ընտրեի՝ Բալասանյանենց»,- պատասխանում է կինը։

Ինչի համար այս պատմությունը ներկայացրի։ Իմաստն այն է, թե ում է պետք քննադատությունների այն տեղատարափը, որ կա ներկա իշխանությունների հասցեին, եթե մինչեւ հիմա ռեալ չգիտենք, թե հասարակության մեծամասնության վրա այն ինչ ազդեցություն է ունենում։ Ես չեմ ասում, թե քննադատությունը պետք է դադարեցվի։ Քավ լիցի՝ ամենեւին։ Հարցն այն է, թե այդ քննադատությունն ում համար է արվում։ Օրինակ, երեւանյան մամուլի ակումբներում ամենօրյա ռեժիմով ասուլիսներ տվողները, Հայաստանի հարեւան երկրների ղեկավարներին անվանական թվարկելուց ոգեւորված՝ իրենց քաղաքագետ համարողները երբեւէ մտածե՞լ են, թե ընտրություններին չմասնակցած այն 50-55 տոկոս ընտրողներին, էլ չենք ասում՝ իշխանության կողմնակիցներին, իրենց քննադատությունները տեղ հասնո՞ւմ են, նրանց վրա ազդեցություն ունենո՞ւմ են կամ գոնե ընկալելի՞ են։ Ու եթե այո, ապա՝ որքանով։

Այլապես՝ օրումեջ շարժումներ են ստեղծվում Երեւանում, շարժումներ են բորբոքվում ու մարում՝ էլի Երեւանում, քաղաքական կարծիքների բախումներ են լինում՝ հիմնականում ֆեյսբուքյան տիրույթում կամ դարձյալ Երեւանում տեղակայված մամուլի ակումբներում ասուլիս տվողների միջեւ.․․ մի խոսքով՝ պատկեր է ստեղծվում, թե քաղաքական կյանքը եռում է, սակայն կարեւոր պահերին, ինչպիսիք, օրինակ, ընտրություններն են, քաղաքացին գնում ու կատարում է այն ընտրությունը, որը կատարում է՝ հերթական անգամ անակնկալ մատուցելով նույնիսկ իշխանություններին, որոնք զարմացած են մնում, որ այսքանից հետո դեռ իրենց համակրողներ ու ձայն տվողներ կան։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image