Վենսի այցի շուրջ բարձրացած աղմուկը խանգարեց լսել ու վերլուծել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցելու եւ մասնակցության ձեւաչափի մասին: Իվետա Տոնոյանի պարզաբանումներից հետո միայն հասկացանք, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով, այլ կուսակցությունների հետ դաշինք չի կազմելու, ինքն էլ, հնարավոր է, առաջին համարը չլինի: Իսկ մինչ այս պարզաբանումը Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ստեղծում է մի յուրահատուկ Նոյան տապան, որտեղ հավաքելու է մեր ազգի առողջ ներուժը, որ փրկի Հայաստանը: Ընդ որում՝ ընտրությունը խիստ է լինելու՝ ասել է Գագիկ Ծառուկյանը: Ով եկավ մանդատի ու պաշտոնի ակնկալիքով, «տապան» չի մտնելու: Հարց է առաջանում՝ պարոն Ծառուկյան, իսկ ինչպե՞ս պիտի մեր մտավոր ու առողջ ներուժը փրկի, վերականգնի, զարգացնի ու բարգավաճեցնի Հայաստանը, եթե պատգամավոր, վարչապետ կամ նախարար չլինի: Մերկ ձեռքերո՞վ… Գործիքներ են, չէ՞, պետք: Իսկ պետությունները ղեկավարելու ավելի լավ գործիքներ, քան մանդատն ու պաշտոնն են, մարդկությունը մինչ օրս չի ստեղծել:
Այսուհանդերձ՝ շատ ռոմանտիկ է հնչում․ նստում ենք Գագիկ Ծառուկյանի «տապանն» ու բոլորով փրկվում… Չուզողը ես լինեմ: Այնքան եմ հոգնել քաղաքականությունից ու քաղաքական խարդավանքներից, որ էլ չասելու: Բա 8 տարի անընդմեջ ապրես ստի, կեղծիքի, դավաճանության, մարդկային ամենավերջին այլանդակությունների մեջ ու չզմայլվե՞ս Նոյի տապանի գաղափարով… Մուտքը տոմսով չի, չէ՞, պարոն Ծառուկյան… Ջա՜ն… Ինձ ո՛չ մանդատ է պետք, ո՛չ պաշտոն, փոխարենը՝ ապագա Հայաստանի լավ տեսլական ունեմ, որ սիրով կփոխանցեմ ուրիշներին՝ ապագա մանդատավորներին եւ պաշտոնավորներին: Բայց այստեղ, պարոն Ծառուկյան, մեր, այսինքն՝ Ձեր «տապանը» դեմ է առնում քաղաքականության պատին: Ի՞նչ ենք անելու «ջրհեղեղից» հետո, երբ աղավնին վերադառնա ձիթենու ճյուղով: Առասպելն ասում է՝ այդ ժամանակ Նոյն իր որդիներով ու կենդանիներով դուրս եկավ տապանից, Արարատի լանջով իջավ ստորոտը, կենդանիներ զոհաբերեց Աստծուն, ապա սկսեց զբաղվել գինեգործությամբ ու հացահատիկի մշակությամբ: Նա պատգամավորներ ու նախարարներ չնշանակեց, որովհետեւ պետություն չկար, հետեւաբար՝ նաեւ պետություն ղեկավարելու անհրաժեշտություն: Ու պատահական չէ, որ Նոյին անվանեցին նահապետ եւ ոչ թե վարչապետ:
Մի կարեւոր հարց էլ կա, պարոն Ծառուկյան: Մենք որ այսքանով լցվել ենք տապանը, գոնե պետք է իմանանք, թե ով է այդ տապանը կառուցել, այլ խոսքով՝ ով է այդ տապանի Նոյը: Գիտե՞ք, ինձ հետ ժամանակին մի շատ զվարճալի դեպք է պատահել, եւ ես չէի ցանկանա երկրորդ անգամ ընկնել այդ վիճակի մեջ: Ուրեմն մի անգամ Գյումրիից Երեւան էի թռչում… Երբ ինքնաթիռն արդեն օդում էր, բորտուղեկցորդուհին մտավ սրահ, ողջունեց մեզ եւ ճերմակ ատամները բացելով՝ հայտարարեց.
- Սիրելի ուղեւորներ, շնորհավորում եմ ձեզ՝ այս փորձնական չվերթի մասնակիցը լինելու կապակցությամբ: Մեր ինքնաթիռը վարում է Նիկի անունով շիմպանզեն…
Ինքնաթիռում, բնականաբար, իրարանցում սկսվեց՝ ո՞նց թե շիմպանզեն, ինչո՞ւ նախապես չէիք զգուշացրել, ձեզ ո՞վ է իրավունք տվել խաղալ մեր կյանքի հետ… Մարդիկ եղան, որ այսուայնկողմ սկսեցին վազել, պարաշյուտ պահանջել, գոռգոռալ: Ինձ հետ նույն շարքում մի ՔՊ-շնիկ էր նստած: Սա հոնքն էլ չշարժեց բորտուղեկցորդուհու հայտարարությունից:
- Ձեզ այս ամենը չի՞ անհանգստացնում,- հարցրի նրան:
- Ոչ,- պատասխանեց անխռով:
- Ինքնաթիռը կապիկն է վարում… Հասկանո՞ւմ եք, թե դա ինչով կարող է վերջանալ:
Ձեռքը թափ տվեց.
- Է՜է՜է՜, Ռոմանոսը գետնի վրա ՀԷՑ է ղեկավարում՝ չեմ վախենում, հիմա որ կապիկն ինքնաթիռ է ղեկավարում, պիտի վախենա՞մ…
Մեր երկրի ինքնաթիռն արդեն 7-8 տարի՝ ինչ կենդանի ասես վարում է` սովոր ենք, բայց, պարոն Ծառուկյան, արդեն ժամանակն է, որ իմանանք, թե ով է ղեկավարելու մեր, այսինքն՝ Ձեր «տապանը»: Իվետա Տոնոյանն ասում է՝ հնարավոր է դուք չլինեք առաջին համարը: Իսկ ո՞վ, եթե ոչ Դուք… Եվ ես, դեռ «տապան» չմտած, իրավունք ունեմ կասկածելու` արդյոք այդ փոխադրամիջոցն ինձ հեռու կտանի՞ քաղաքականությունից, կփրկի՞ ստի ու կեղծիքի այս իրականությունից:
ՀԳ. Կմերժե՞ն, արդյոք, «տապանի» ուղեւորներն այս իշխանություններին: Այդ մասին՝ հաջորդ դասին: