Մշակույթ

Ովքե՞ր են ուսուցչի կարիքի գնահատում անելու, երբ հարյուրավոր դպրոցներում տնօրեն չունենք

Ովքե՞ր են ուսուցչի կարիքի գնահատում անելու, երբ հարյուրավոր դպրոցներում տնօրեն չունենք

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը, որը, համաձայն վերջին փոփոխության, իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչեւ 2024 թվականի մայիսի 29-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը եւ իրականացնի կարիքների գնահատման գործընթացը:

Այս տարի վերապատրաստման եւ ատեստավորման ենթակա են 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա, մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող, առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները:

Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի եւ տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի եւ ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձեւավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:  

Նախկինում ուսուցիչները մասնակցում էին վերապատրաստման նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում էին ատեստավորված, եւ կրեդիտների համապատասխանությունը սահմանված վերջնարդյունքներին ստուգվում էր վերապատրաստող կազմակերպության կողմից։ Ներկայում սահմանվել են վերապատրաստման յուրաքանչյուր բաղադրիչի բարդության 4 մակարդակ եւ արտաքին գնահատում։    
Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեսավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակում:  Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է: Վերապատրաստման ավարտից հետո ուսուցիչը կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա ստանում է կրեդիտներ, որոնք ինքնաշխատ եղանակով ձեւավորվում են ԴԿՏ համակարգում: Վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները շնորհվում են նախարարի հրամանով։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ փոփոխված կարգով հերթական ատեստավորումն անցած տարվանից պետք է կիրառվեր, բայց հետաձգվեց եւ անցած տարի հին կարգով արվեց․ «Հիմնական փոփոխությունն այն է, որ մտցվում է ուսուցչի կարիքի գնահատում, որովհետեւ նախկին համակարգում կար այսպիսի մի խնդիր, որ բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն դասընթացը, եւ լինում էր դեպք, երբ ուսուցիչը, օրինակ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների գծով շատ ուժեղ էր, եւ նրան վերապատրաստելն անիմաստ էր, որովհետեւ այդտեղ ինքը կարող էր վերապատրաստողից էլ շատ բան իմանալ։ Դրա համար որոշվեց, որ ըստ կարիքի պետք է արվի, որպեսզի ամեն ուսուցիչ գնա այն դասընթացներին, որոնցից ինքը թույլ է կամ բարելավման կարիք ունի։ Սա առաջին հայացքից տրամաբանական համակարգ է, բայց սրա կիրարկումը բավական բարդ է, որովհետեւ շատ դժվար է ուսուցչին գնահատելը, նրա կարիքը բացահայտելը։ Մեր տնօրենները ոչ միշտ են այդ ինֆորմացիային տիրապետում, ավելին՝ այսօր հարյուրավոր դպրոցներում մենք տնօրեն էլ չունենք, այլ՝ ժամանակավոր պաշտոնակատար, որն ընդհանրապես կառավարման եւ կարիքի գնահատում անելու փորձ չունի։ Դրա համար այստեղ կարող են առաջանալ տարաձայնություններ՝ ուսուցչի ու տնօրենի միջեւ։ Կարիքի գնահատումը բարդ գործընթաց է, որտեղ կարող են առաջանալ տարաձայնություններ»։

Մյուս խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ ուսուցիչները 4 մակարդակի են բաժանվում՝ տարրական, ձեռնահասության, տիրապետման, փորձագետի մակարդակ․ «Հավանաբար, ձեռնահասության տակ նկատի ունեն կոմպետենտը, բայց եթե մենք կոմպետենտն արդեն կարողունակություն էինք թարգմանել, թող այստեղ էլ նույնձեւ թարգմանեինք եւ ոչ թե օգտագործեինք «ձեռնահաս» անհասկանալի բառը։ Ըստ այդմ, ուսուցիչը, համաձայն իր կարիքի, պետք է գնա իր մակարդակից մի հատ բարձր մակարդակի վերապատրաստման, այսինքն՝ եթե իրեն գնահատել են 2-րդ մակարդակ, ինքը պետք է մասնակցի 3-րդ մակարդակի համար նախատեսված դասընթացի։ Այդ դասընթացների թիվը 12-ն է՝ ռեսուրսների կառավարում, 21-րդ դարի հմտություններ։ Այսպիսի բաներ են, ու հիմա կազմակերպությունները պետք է մոդուլներ մշակեն այդ վերապատրաստումների համար»։

Ս․ Խաչատրյանի համար գլխավոր խնդիրն այն է, որ այդ վերապատրաստումները տարբեր ՀԿ-ների, հիմնադրամների են հանձնում․ «Ես ավելի կողմնակից եմ, որ պետության կողմից մշակվի շատ լուրջ մի դասընթաց, ծրագիր՝ լավագույն չափանիշներով, փորձով։ Այսինքն՝ կարելի է 2 տարի դադարեցնել այս գործընթացը, նորմալ մի ծրագիր կազմել, որովհետեւ չեմ կարծում, թե Հայաստանում այդքան մարդկային պոտենցիալ կա՝ բարձր մակարդակի վերապատրաստումներ անելու համար։ Ու, գիտեք, ուսուցիչներն էլ են ասում, որ բան չսովորեցինք կամ դա արդեն գիտեինք, որովհետեւ հաճախ վերապատրաստողներն ընտրվում են անձնական կապերով պայմանավորված, թե ով ում հետ է մոտիկ»։

Այլ հարց է վերապատրաստման դիմաց տրվող վճարը, որը, ըստ Խաչատրյանի, շատ ցածր է։ «Այդպիսի գումարով լուրջ վերապատրաստում ակնկալելն անլուրջ է, պետք է նորմալ վճարել, չի կարելի մեկ ուսուցչին 24-25 հազար դրամով վերապատրաստել։ Այդ գումարը տալիս են դպրոցին, որն էլ այն փոխանցում է վերապատրաստող կազմակերպությանը»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու մատնանշում մեկ այլ խնդիր եւս․ «Մի բան էլ այդ կարգում կա, որ եթե ուսուցիչը՝ բարձր կարգի փորձագետը, մասնակցել է միջազգային կոնֆերանսի կամ պետության համաֆինանսավորմամբ միջազգային հանդեսում հոդված է տպագրել, գրված է, որ իր հանդեպ սահմանվում է անհատական վերահսկողություն։ Սա ես մի քիչ վիրավորական կհամարեի, կարելի էր գրել՝ սահմանվում է հաշվետվողական համակարգ, բայց անհատական վերահսկողություն՝ նշանակում է, որ քեզ մի մարդ պետք է կցեն, ու նա գալու է տեսնի, թե միջազգային կոնֆերանսում սովորածդ կիրառո՞ւմ ես, թե՞ չէ։ Լավ կլիներ՝ նման մի համակարգ պաշտոնյաների հանդեպ կիրառվեր․ որ գնում են միջազգային գործուղումների, իրենց սովորածը կիրառո՞ւմ են հետո կառավարման պրոցեսներում։ Հետո, դա այդքան պրիմիտիվ բան չէ, որ ես գնացի մի կոնֆերանսի, մի բան տեսա, ու շուռ եկավ իմ դասավանդումը։ Եթե այդպես հեշտ լիներ, տարեկան 20-30 անգամ միջազգային կոնֆերանսի գնացածները հիմա արդեն իդեալական շրջանավարտներ կտային։ Այդպես մեխանիկական պետք չէ մտածել։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում, երբ ուսուցչին ինչ-որ բան են ուզում տալ, դա անպայման պետք է թանկ գնով տրվի, ուզում ես միջազգային կոնֆերանսի գնալ, ուրեմն հետո քեզ վրա նշանակելու ենք անհատական վերահսկող, ուզում ես բարձր աշխատավարձ՝ պետք է քննություն տաս։ Միշտ էլ ցածր աշխատավարձ ստացողի հանդեպ ավելի դաժան են լինում, իսկ բարձր աշխատավարձ ստացողների հանդեպ՝ ավելի մեղմ, մինչդեռ հակառակը պետք է լիներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image