Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տված հրահանգը՝ բռնել սատանաներին, եթե չեմ սխալվում՝ հատուկ ժամկետ չէր նախատեսում եւ այսօր, իմ համեստ կարծիքով, ավելի ակտուալ է, քան երբեւէ: Այո, սատանաներին պետք է բռնել եւ քշել դժոխք, ինչպես դա անում էին «Դեկամերոնի» հերոսները: ԱԱԾ-ի գործն էլ, ի դեպ, հիմա ավելի է հեշտացել, քանզի սատանաները փոխել են իրենց մարտավարությունն ու գործում են լիակատար ազատության մեջ՝ բացահայտ: Գնում ես ու բռնում… Անգամ նույնականացման եւ ավելորդ ձեւականությունների անհրաժեշտություն չկա: Ուղղակի պետք է ԱԱԾ-ում չձեւացնեն, թե տեսողության հետ կապված պրոբլեմներ ունեն: Կարճ ասած՝ սատանա բռնելն այսօր զուտ տեխնիկայի հարց է:
Կհարցնեք՝ իսկ ո՞ւր են նրանք՝ սատանաները… Հիմա ինչ, միանգամից ասե՞մ, թե՞ հեռվից գամ: Կարծում եմ՝ հեռվից գալն ավելի ճիշտ կլինի, որովհետեւ «սենց» բաները միանգամից չեն ասում: Նախ՝ ինչ է սատանան: Մեր բանահյուսության քրիստոնեության շրջանից այդ «էակները» հայտնի են որպես ծուռոտ, ոտնաթաթերը դեպի ետ, պոչավոր, կոտոշավոր, քաչալ, այլանդակ դիմագծերով ու վարքով կենդանիներ, որոնք քայլում են ետին վերջույթների վրա, սնվում արյունով եւ անվերջ դավեր նյութում: Հիշատակություններ կան, որ սատանաների ամբողջական բանակներ են եղել ժամանակին, որոնք ղեկավարել են սատանայապետերը: Սատանաների բնակության հատուկ ալյանսներ չկան: Նրանք միշտ այնտեղ են, որտեղ կարելի է որեւէ վատ բան անել՝ մարդկային կյանք թունավորել, նյարդեր քայքայել, մի բան պղծել, քանդել, փչացնել, սով, մութ ու ցուրտ տարածել: Եթե մի քիչ ուշադիր նայենք շուրջներս, իսկույն կտեսնենք նրանց, թեեւ մեր ժամանակներում սատանաները մարդկանց հագուստ են կրում՝ թաքցնելով իրենց այլանդակ ֆիգուրը:
Ինչի՞ հետեւանք է երբեմնի ծաղկուն ու հարուստ Ուկրաինայի այսօրվա վիճակը: Սատանաների գործունեության՝ ուրիշ բացատրություն ուղղակի չկա: Ուկրաինայում նրանց հաջողվել է թափանցել գերտերությունների մատի ու մատանու արանքը եւ այնպես խառնել ամեն ինչ, որ, չի բացառվում, Ուկրաինայի նման պետությունից միայն կաշին ու ոսկորները մնան: Հիշո՞ւմ եք մայդանը, երբ ուկրաինացիները մերժեցին նախկին իշխանություններին: Իշխանափոխությունից հետո, ուրեմն, Մինսկում ստեղծվեց բանակցային հարթակ, որտեղ ռուսներն ու ուկրաինացիները քննարկում էին իրենց խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել: Եվ պատկերացրեք՝ կգտնեին, եթե ամենահաս սատանան չմտներ ռուսների եւ ուկրաինացիների (ախր նրանք գրեթե նույն ժողովուրդն են) ծոցը: Խառնեց, խոսք տարավ-բերեց, մեկին սիրաշահեց, մյուսին վատաբանեց, բզբզեց, վերջում էլ մի «կլոունի» դրեց Ուկրաինայի գահին, ու սկսվեց: Թե բա՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականություն, Ղրիմ, Դոնբաս, կեցցե Ուկրաինան… Կարելի էր մտածել՝ ռուսները տարածք չունեին, եւ աչքները Ուկրաինայի տարածքների վրա էր: 10 տարի էր երեւի ուկրաինացիներին պետք, որպեսզի հասկանային, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Եթե խնդիրը տարածքային լիներ, Ռուսաստանը վաղուց Խարկովն ու Կիեւը գրաված կլիներ, իսկ, այսպես կոչված, միջազգային հանրությունն էլ ծպտուն չէր հանի, ինչպես Արցախի հարցով այսօր ծպտուն չի հանում: Սատանաները հենց այդպես էլ գործում են՝ ժողովուրդներին կանգնեցնում են փաստի առաջ եւ «սկում», ինչպես քարը՝ պղտոր ջրում: Հետո արդեն ժողովուրդները կոտրած տաշտակի առաջ իրենք իրենց հարց են տալիս, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ:
Հիշո՞ւմ եք, որ Հայաստանում 2018 թվին, Կիեւի մայդանից 5 տարի անց, նմանատիպ մի բան տեղի ունեցավ, ու հայերը մերժեցին նախկիններին: Մերժեցի՞ն, լավ, իսկ հետո՞… Հետո արդեն սատանաների գործունեության հիանալի պայմաններ ստեղծվեցին Հայաստանում: Թվում էր՝ ամեն ինչ լավ կլինի, հայրենասիրության պակաս չկար, բոլորը ողջունում էին մեր մայդանը, ասում էին՝ դա հայ ժողովրդի ընտրությունն է: Բոլորը, բայց ոչ սատանաները: Սատանաները Հայաստանի վարչապետի աթոռին տեսան մի մարդու, որի խելքն ուտելն իրենց համար մեկ-երկու հաշվի գործ էր: Մի պարզ, գյուղացի տղա, որ հազիվ սովորել էր քաղաքում օրվա փող աշխատել: Նրան խելքահան անելու համար սատանաներից մեծ խելք չէր էլ պահանջվում: Ո՛չ քաղաքականությունից էր հասկանում, ո՛չ աշխարհաքաղաքականությունից, ո՛չ գիտեր դաշնակիցն ինչ է, ո՛չ թշնամի էր ճանաչում: Սատանաները երկու տարում Նիկոլի ձեռքով մեզ թշնամացրին բոլոր դաշնակիցների հետ, միայնակ թողեցին թուրքի դեմ ու իրենք թռան: Դրանից հետո պատերազմն անխուսափելի էր… 5 հազար կյանք, տասնյակ հազարավոր վիրավորներ, տարածքային կորուստներ, Արցախի հայաթափում, Հայաստանի սուվերենության ոտնահարում, հեղինակության անկում ամբողջ աշխարհում: Սատանաները խրախճանքի մեջ են, իսկ մենք մենակ ենք մնացել Նիկոլի՝ այդ միամիտ գյուղացու հետ, որ այսօր էլ ո՛չ քաղաքականությունից է հասկանում, ո՛չ աշխարհաքաղաքականությունից, ո՛չ դաշնակից ունի, ո՛չ էլ թշնամի է ճանաչում:
Ահա եւ հասանք տեղ ու կարող ենք մատնացույց անել մեր շուրջը գործող սատանաներին՝ չվախենալով հնարավոր ուշաթափություններից ու ղզղնումներից: Տատիցս սատանայի մասին ինչ լսել, լսել եմ, բավական է, հիմա ժամանակն է նախապաշարումները դնել մի կողմ եւ ուղիղ ասել՝ ահա ձեզ մի սատանա, ոչնչացրեք նրան: ԱԱԾ, քեզ ակնոց պե՞տք է… Տիկին դատախազ… Կներեք, Դուք արդեն ունեք: Հակակոռուպցիոն, ՍԴ, ՆԳՆ, ՊՆ, ՄԻՊ, ԿԸՀ, ԴԱՀԿ, արտաքին հակահետախուզություն, արդարադատություն, ԲԴԽ, ինչու ոչ՝ ՊՆ, դուք դեռ շնչո՞ւմ եք: Լավ է: Հիմա ես ինտելիգենտ սատանաների մի ոչ ամբողջական ցուցակ կտամ ձեզ, միայն թե խոստացեք բռնել նրանց: Եվ այսպես՝ Արման Բաբաջանյան, Արայիկ Հարությունյան (Դդում), Դանիել Իոաննիսյան, Տիգրան Խզմալյան, Լեւոն Շիրինյան, Լեւոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, Ստյոպա Սաֆարյան, Հովսեփ Խուրշուդյան: Այսքանը բավական է: Մնացածին ջրի երես կհանեն իրենք, երբ ինչպես պետք է հարցաքննեք: Կարող եք դիմել նաեւ վրաց գործընկերների օգնությանը: Նրանք գիտեն ինչպես անել, որ ողջ սատանայախումբը ջրի երես դուրս գա: Կարող եք դիմել ԱԺ-ի քաղաքական մեծամասնությանը, որն այսօր քննադատության թիրախ է դարձել հենց սատանայախմբի ջանքերով: Թող, ինչպես Վրաստանի խորհրդարանը, օրենք ընդունեն սատանաների եւ սատանայական ՀԿ-ների գործունեությունը Հայաստանում դադարեցնելու մասին: Գիտեմ, ցույցեր կլինեն, ինքնահրկիզման փորձեր, իշխանափոխության կոչեր կհնչեն, բայց դուք էլ Վրաստանի իշխանություններից ոչնչով պակաս չեք՝ այդ ամենը լռեցնելու հարցում: Այլապես սա ի՞նչ է, մարդիկ արդեն Նիկոլին ու ՔՊ-ին են մեղադրում Արցախը հանձնելու, դավաճանության եւ հազար ու մի ուրիշ հանցանքների մեջ: Է՛լ «եվրաքֆուր», է՛լ Ալիեւի պահանջով նոր սահմանադրություն, է՛լ իրական Հայաստան, է՛լ Ալմա-Աթայի հռչակագիր, է՛լ ծռտի քարտեզ… Նիկոլը, ախր, էդ ամենից ի՞նչ է հասկանում: Սատանաներին է պետք բռնել, սատանաներին: