Քաղաքականություն

Ինչ նկատի ուներ Մարիա Զախարովան

Ինչ նկատի ուներ Մարիա Զախարովան

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն էր։ «Դա արձանագրվել է Եվրամիության հովանու ներքո գտնվող երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին՝ 2022 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի մայիսին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ պատասխանատվություն դնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վրա՝ նկատի ունենալով վերոնշյալը, տեղին չէ, ճիշտ չէ եւ արդարացված չէ։

«Մենք տեսնում ենք կոնտինգենտի խնդիրն այնպես, որ, կրկնում եմ, նոր պայմաններում, որոնք ի հայտ են եկել Երեւանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչման հետեւանքն է․․․ Այս համատեքստում պատասխանատվությունը ռուս խաղաղապահ կոնտինգենտի վրա դնելը համարում ենք ոչ ճիշտ, անտեղի եւ չարդարացված, քանի որ կոնտինգենտի խնդիրը ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումն է, այդ թվում՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ երկխոսության համատեքստում»,- հավելել է Զախարովան։

Ինքնին հասկանալի է, որ առաջին հերթին Զախարովան, ամենապարզ ձեւակերպմամբ՝ իրավիճակի պատասխանատվությունն ամբողջապես դնում է Հայաստանի գործող իշխանությունների վրա։ Թե ինչու՝ հասկանալի է։ Սակայն այստեղ նաեւ որոշակի մանիպուլյատիվ բաղադրիչ էլ կա, քանի որ, ի վերջո, իրավիճակը նաեւ պայմանավորված է Մոսկվայի անգործությամբ կամ հանուն ինչ-ինչ հարցերի՝ Արցախում ստեղծված իրավիճակի վրա աչք փակելով։ Այս ամենը նկատի ունենալով, նաեւ հանուն օբյեկտիվության պետք է նշել, որ, այո, պաշտոնական Երեւանը, ըստ էության գործելով, այսպես կոչված, Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման արեւմտյան հարթակի կանոններով, միակողմանի բավարարել է Բաքվի օրակարգը՝ փոխելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեւավորված համատեքստը, սակայն որեւէ երաշխիք չստանալով Հայաստանի անվտանգության, Արցախի սուբյեկտայնության եւ նրա ժողովրդի կյանքի ու անվտանգության համար: Սա, ուզենք թե չուզենք, որպես փաստ ենք արձանագրում, այլ ոչ թե մասնավոր կարծիք կամ վերլուծություն՝ անկախ այն հանգամանքից, թե որքան խանդով են Մոսկվայում վերաբերվում Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման արեւմտյան հարթակի գործունեությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image