Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը միանգամից խիստ նկատողություն է տվել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող Սարուխանի Ս. Մակարյանի անվան N1, Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 եւ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոցների տնօրեններին: Ինչպես տեղեկացանք՝ Սարուխան համայնքի դպրոցների տնօրենները խիստ նկատողություն են ստացել դպրոցներում իրականացված աուդիտից հետո, իսկ Զոլաքար համայնքում աշակերտներից վարագույրի համար գումար են հավաքել:
Թե ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, որ մարզպետը նկատողության փոխարեն խիստ նկատողություն է տվել, Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան N1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանն ասաց. «Ինչ ասեմ, եթե գտել են, որ ես շատ խիստ խախտում եմ արել, ուրեմն խիստ նկատողություն են տվել: Երկար տարիներ աշխատել եմ դպրոցում. ոչ մի մարզպետի օրոք նկատողություն չեմ ստացել: Իմ աշխատանքը դպրոցում կատարում են, այս պահին էլ շինարարություն ենք անում դպրոցում»: Հարցին՝ հնարավոր է, որ մարզպետից երկրորդ նկատողությունը ստանաք, եւ ազատվեք դպրոցի տնօրենի պաշտոնից. Մուդոյանն ասաց. «Որ ազատեն ինչ պետք է անեմ, ձեռքիցս ամեն շինարարական աշխատանք գալիս է, մեկ այլ տեղ աշխատանք կգնեմ»:
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ ստանում նկատողություն, էդպիսի խիստ խախտումներ էլ չի հայտնաբերել աուդիտը, մի քանի հաշվապահական սխալներ, որոնց մի մասն արդեն ուղղվել է»,-մեզ հետ զրույցում ասաց Սարուխան գյուղի Մ. Խոստեղյանի անվան թիվ 2 միջն. դպրոցի, տնօրեն՝ Սվետլաննա Դանիելյանը:
Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N2 միջնակարգ դպրոց, տնօրեն՝ Սամվել Մելիքյանը տեղյակ չէր, որ նկատողություն է ստացել. «Ես տեղյակ չեմ, ե՞րբ եմ ստացել նկատողություն: Ինչի պետք ա նկատողություն տան, տեղյակ չեմ, իմանամ, ձեզ կասեմ»:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Կարեն Զազյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դրամահավաքություն է եղել Զոլաքարի միջնակարգ դպրոցում, եւ տնօրենը դրա համա՞ր է խիստ նկատողություն ստացել.
«Զոլաքարի դպրոցի տնօրենի հետ կապված մենք բողոք ենք ստացել, որ դպրոցում դրամահավաք է կազմակերպվել, գումար են հավաքել վարագույր գնել, այն դեպքում, որ այդ դպրոցում խնայված միջոցներ կան: Եվ անօրինական բուֆետ էր գործել, թեկուզ 1 օրով բուֆետ չպետք է գործի, եթե մարզպետարանը տեղյակ չի: Դրանից էլ տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Սարուխանի երկու դպրոցների տնօրենները ստացել են խիստ նկատողություն՝ մարզպետարանի կողմից իրականցրած աուդիտի արդյունքում: Մի շարք խատումներ են հայտնաբերվել՝ ֆինանսական, հաշվապահական, գնումների գործընթացների հետ կապված»,-ասաց վարչության պետը: