Հասարակություն

«Հրապարակ». Ուսանող չունեն, որոշել են ՏԿԵՆ աշխատակիցներին կրթել

«Հրապարակ». Ուսանող չունեն, որոշել են ՏԿԵՆ աշխատակիցներին կրթել

Պարզվում է՝ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների համար մայր բուհի Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը հատուկ դասընթացներ է կազմակերպել: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը ԵՊՀ-ի ամենապասիվ ու քիչ ուսանող ունեցող ֆակուլտետներից է` տուրիզմի բաժինը հանած, որը եւս այս ֆակուլտետի շրջանակներում է գործում: Մյուս բոլոր բաժիններում թափուր տեղեր են` դիմորդների դեֆիցիտ: Հիշեցնենք․  սա միակ ֆակուլտետն էր, որ ընդունեց Աննա Հակոբյանին, որ գա եւ պրոֆեսորադասախոսական կազմին «կրթի»: 

ԵՊՀ-ի կայքէջից այժմ տեղեկացանք, որ սեպտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 22-ը ՏԿԵՆ աշխատակիցները մայր բուհում դասընթացների են մասնակցել եւ գլխաքանակ են ապահովել աշխարհագրականի դատարկ լսարաններում: ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, կարեւորելով նախարարության աշխատակիցների պարբերական վերապատրաստման անհրաժեշտությունը ոլորտի զարգացման համար, իր խոսքում ընդգծել է, որ մեկ տարի առաջ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի հետ կնքված համագործակցության հուշագիրը գործնականում իր պտուղներն է տալիս: «Մենք դեռ հնարավորություն կունենանք՝ դիտարկելու համագործակցության հետագա հնարավորությունները։ Այս գործընթացը, անշուշտ, շարունակական պետք է լինի, ուստի տարբեր ուղղություններով կշարունակենք նոր դասընթացներ կազմակերպել»,- ասել է փոխնախարարն ու հավելել, որ նախարարությունն իր իրավասությունների, լիազորությունների ու կարողությունների շրջանակում մշտապես ԵՊՀ-ի կողքին է։ 

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն էլ իր հերթին արժեւորել է ՏԿԵՆ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ այդ գործակցության շրջանակում ֆակուլտետի մագիստրանտների մասնագիտական պրակտիկան նախարարությունում կազմակերպելու հնարավորությունը: Նա նաեւ ընդգծել է, որ «ArcGIS Desktop աշխարհագրական տեղեկատվական համակարգ» վերապատրաստման դասընթացը նախարարության հետ համագործակցության լայն շրջանակի միայն մեկ ուղղությունն է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image