Ներկայացնում ենք երեք գիրք, որոնք արժե կարդալ՝ ձմեռային երեկոները կարճելու համար, չմոռանալով, որ կարդալը ոչ միայն կարեւոր է, այլ նաեւ՝ «նորաձեւ»։
Ժորժի Ամադու․ «Ինչպես են թուրքերը բացահայտում Ամերիկան»։ Սա փոքրիկ վեպ է կամ ծավալուն վիպակ, որում հեղինակ Ժորժի Ամադուն լիովին ապացուցում է, որ լատինաամերիկյան գրականության գլխավոր թեման պատմությունն է։ Սկզբում կարծես թե ընտանեկան կոնֆլիկտ է, հետո այն աճում է ազգայինի ու դառնում լոկալ մելոդրամա՝ աստիճանաբար ավելի ու ավելի ընդգրկուն դառնալով։ Այստեղ խաչվում են մաչիզմն ու ֆեմինիզմը, միգրացիայի ու ինքնության խնդիրները, հայրերի ու որդիների հավերժական վեճն ու ընտանեկան խանութի անկումը՝ որպես կապիտալիզմի խորհրդանիշ։ Այս ամենը համեմված է, իհարկե, հումորով եւ բարեհոգությամբ։ Հերթական հիշեցումն է, որ մեր՝ մեկմեկու հանդեպ ունեցած ամբիցիաներն առավել հաճախ գալիս են անցյալից, եւ ոչինչ չկա, որ չհաղթահարվի։
Լորեն Գրոֆ․ «Ճակատագրեր եւ ֆուրիաներ»։ Գրեթե դետեկտիվ պատմություն այն մասին, որ միանշանակ երջանիկ ու դժբախտ ընտանիքներ չեն լինում։ Վեպը սկսվում է որպես ընտանեկան ասք։ Սակայն մեղրամիսը բերում է ճգնաժամի, որն ուժգնանում է դրամատիրական հարաբերությունների՝ ընտանեկան կյանքի վրա ունեցած պրոյեկցիայով։ Նոր ամուսնացած, սակայն ապրուստի միջոցներից զրկված երիտասարդը պատրաստ է ամեն բան անել, որ սիրելի կինը երջանիկ լինի։ Եվ առաջին հայացքից թվում է, թե կինն աջակցում է ամուսնուն։ Սակայն եթե դա նույնիսկ իդիլիա է, ապա պետք է քանդվի։ Մելանխոլիկ մտորումներ այն մասին, որ շատ իրադարձություններ արժեւորվում են միայն այն ժամանակ, երբ դառնում են հիշողություն։ Հետադարձ հայացքը նույնքան կարեւոր է, որքան ապագայամետ երազանքները, իսկ մարդկային կյանքին պետք է տալ ավարտունություն։
Վիլյամ Ֆոլքներ․ «Մոծակներ»։ Դասական հեղինակի վաղ շրջանի գործերից է, որը բաղկացած է վեց մասից, նախաբանից եւ վերջաբանից։ Վեպում խոսվում է ամերիկյան հարավի մասին, որտեղ արյունախում մոծակներն իրենց զգում են մարդկանցից ավելի ազատ եւ տերուտնօրեն։ Բոհեմական կյանքի հեգնական ու խելամիտ նկարագրություն, որտեղ զրույցները նման են այն նույն խայթոցներին, որ անում են մոծակները։ Երիտասարդ սերունդը մատնացույց է անում ավագ սերնդի թերությունները, իսկ ներկայում «նկարիչը միշտ միայնակ է» սկզբունքն է տիրում։