Մշակութային գործիչների հետ Բագրատ սրբազանի հանդիպմանը նախօրեին մասնակցում էր շուրջ 200-300 գործիչ, որոնց դիմելով՝ սրբազանն առաջարկեց ոչ թե իրավիճակին գնահատական տալ, քանի որ դրան բոլորս ենք առերեսվում այս օրերին, այլ առաջարկել լուծումներ։
Բեմադրիչ Խաչիկ Չալիկյանն այնքան էլ գոհ չէ հանդիպումից, ինչպես ինքն է նկատում՝ գեղարվեստական մթնոլորտը սնանկ էր․ «Այսօր մտավորականությունն օտարված է երկրից, ինքն իրենից, ճշմարիտ արժեքներից, որովհետեւ տասնամյակների ընթացքում ձեւավորեցին մի մտավոր շերտ, որն իրենց հաճո էր, իսկ իրական մտավորականին ժողովուրդը չի ճանաչում, որովհետեւ գործով պիտի ճանաչես, բայց գործելու դաշտ չկա։ Իհարկե, այդ հավաքին իրական մի քանի մտավորականներ կային․․․, ես չէի ուզում խոսել, որովհետեւ տեսա, որ որեւէ արժեք, պահանջ, մտավորականի տեսիլ չի ձեւավորվում խոսացողների կողմից, որովհետեւ մի մասը նեղ շրջանակի հարցեր էր բարձրացնում, այսինքն՝ երկրին հուզող ընդհանուր տեսիլ մտավորականությունը չուներ այդ օրը, բայց խնդիրը դա չէ․․․, ես այնտեղ փորձեցի խոսել դրա մասին, որ ամենակարեւորը՝ մտավորականը պետք է խորքային տեսնի, որ այս երեւույթներն ամեն դեպքում պատահական չեն կարող լինել, եւ անգամ պատահական չէր, որ այդ հարցերը հոգեւորականն էր բարձրացնում, որովհետեւ քաղաքական դաշտն իսպառ ապականել են, եւ այս առումով շատ կարեւոր է համայն հայության իրական տեսիլը, ակնկալիքը ներկայացնել։ Եվ ես հույս ունեմ, որ սրբազանը, ով երեւույթները ճիշտ է ընկալում, այդ օրվանից կքաղի այն, ինչ ճշմարիտ էր, որովհետեւ նրա մեջ մի զարմանալի բան կա, նա մեր ժամանակի մեջ չէ, այլ՝ հավերժության։ Ու երբ ինքն իրական արժեքներից՝ հոգեւոր Հայաստանից է խոսում, ինքն ու մթնոլորտը ներդաշնակվում են, իսկ երբ փորձում է քաղաքական դաշտն արթնացնել, միանգամից անօգնական է դառնում։ Դրա համար շատ մեծ վտանգ կա, որ իր թիկունքին կանգնած ներսի ու դրսի ինչ-ինչ դավադիր ուժեր չկարողանան այդ համակարգի ձեւավորման հարցում իրենց շահերն առաջ մղել։ Դրա համար շատ կարեւոր է՝ այս դեպքում փորձել իրեն օգնել, որպեսզի նա նոր Հայաստանի տեսիլը հանկարծ տանուլ չտա այսօրվա պարազիտ համակարգին»։
Ինչպես նկատում է Խ․ Չալիկյանը, այսօր մեր եկեղեցին համայն հայության պահանջներն է կրում ու հենց դրանով էլ թիրախավորվում․ «Այսօր թիրախներից մեկն էլ մեր եկեղեցին ոչնչացնելն է, որը հազարամյակներով եղել է, բայց այսօր շատ առարկայական է դարձել, եւ դրա համար ուզում են մեր հոգեւոր որակները սպանել, մեր ողնաշարը կոտրել, որովհետեւ եկեղեցին ոչնչացնելով կամ այն կցելով այլ եկեղեցու՝ դրանից հետո մենք մենք չենք լինի, եւ մեր լինել-չլինելն այլեւս հայի հետ որեւէ առնչություն չի ունենա։ Դրա համար այսօր հոգեւոր դասի կողմից այդ խնդիրը բարձրացնելը շատ կարեւորում եմ եւ կարծում եմ՝ մեր բոլորի մեղքը կլինի, եթե մենք թիկունք չկանգնենք եւ չփորձենք հենց նույն սրբազանին օգնելով, ի վերջո, այս ավազակ համակարգից ազատվել։ Այսօր մենք խնդիր չունենք հերթական ընտրություն անելու, քանի որ ամեն ընտրությունից հետո հետընթաց ենք ապրել, մենք շատ ավելի մեծ ընտրություն պետք է կատարենք՝ մեր ինքնության եւ մեզ պարտադրվող իրականության միջեւ, մենք պետք է քաղաքակրթական ընտրություն կատարենք, իսկ այս քաղաքակրթական պատերազմի մեջ առաջին թիրախում հենց հնագույն ժողովուրդներն են, որովհետեւ հենց նրանք են կրում այդ տոհմիկ հիշողությունը, որն իրենց խանգարում է»։
Հանդիպման ընթացքում առաջարկ եղավ, որ մտավորականները խումբ-խումբ շրջեն ու հանդիպումներ ունենան մարզերում, խոսեն, արթնացնեն նաեւ մարզերում ապրող ժողովրդին։ Այս առումով Չալիկյանը նկատում է, որ մարզերում հանդիպումներ պետք է անցկացնեն, ժողովրդի հետ խոսեն այն արվեստագետները, որոնք հենց այդ արժեհամակարգի կրողն են․ «Ես այնտեղ տեսա նաեւ չկայացած արվեստագետների, որոնք խանդի մղումով էին հայտնվել այդտեղ։ Եթե նրանք գնան մարզեր, ի՞նչ արժեք պետք է այդ շարժմանը հաղորդեն։ Ես կարծում եմ, որ սրբազանի ուղենիշը, ճանապարհը շատ հստակ պիտի լինի՝ ժամանակացույցով, քայլ առ քայլ, ճանապարհային քարտեզով»։
Ինչ վերաբերում է շարժման ընթացքին ու հետագա գործողություններին․ «Այսօրվա մեր համակարգը թույլ չի տա, որ սա օրինական ճանապարհով գնա, եւ ինքը կստիպի, որ ժողովուրդն արտակարգ քայլեր անի։ Ես դրանում վստահ եմ։ Ժողովուրդը չի կարող հիասթափվել մի պատճառով, որ մեզ մոտ բոլոր ընդվզումները, նույնիսկ այս պատուհասի հեղափոխության օրերին, թելադրված են իրենց ինքնությունից, դա նախախնամություն է եւ ոչ պատահականություն։ Սա էլ արդեն ժողովրդական շարժում է, եւ պետք է ստեղծենք համահայկական նոր համակարգ, որը չի կարող կրել անցյալի արատավոր հիմքերը»։