Քաղաքականություն

Կարեն Դեմիրճյան․ Հետահայաց հարցազրույցներ 2

Կարեն Դեմիրճյան․ Հետահայաց հարցազրույցներ 2

(Սկիզբը նախորդ համարում) 

ՄԱՍ 2 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆԱԿԱՐԳ 

Ախր դու ո՞վ ես...

- Կարեն Սերոբիչ, երբ Դուք ղեկավարում էիք Խորհրդային Հայաստանը, երբեւէ ենթադրո՞ւմ էիք, որ Հայաստանը կլինի ինքնիշխան պետություն:

- Իհարկե ենթադրում էի, նաեւ ասում էի այդ մասին: Կայսրությունների փլուզումը պատմական օրինաչափություն է: Ես հաճախ եմ ասել, թե կարող է գալ մի օր, երբ ԽՍՀՄ-ը դադարի գոյություն ունենալ, հետեւաբար Հայաստանը պետք է ունենա պետական կառույցներ` անկախ եւ ինքնուրույն գոյատեւելու համար: Խորհրդային ժամանակներում հնարավորություններ կային տնտեսական, մշակութային, գիտական բարգավաճման, եւ այդ ոլորտներում ձեռքբերումներ եղան:

- Պետության էությունը` կախյալ թե անկախ, արտացոլվում է Սահմանադրության մեջ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի ներկա (95-ին ընդունված) Սահմանադրությանը: Այն փոփոխելը Ձեզ թվում է անհրաժեշտությո՞ւն:

- Սահմանադրությունը պետության իրավական հիմքն է: Այն հաճախակի փոփոխելը միանշանակորեն մերժելի է: Իսկ եթե կյանքը թելադրել է փոփոխությունների անհրաժեշտություն, դա պետք է ձեռնարկել լրջությամբ: Ասենք, մի թերություն ինձ համար ակնհայտ է` ինչպե՞ս կարող է կառավարությունում փոխվարչապետի ինստիտուտ նախատեսված չլինել: Այդ սահմանափակումը պետք  է վերացվի: Ընդհանրապես կառավարության կառուցվածքը պետք է որոշվի՝ ելնելով իրադրությունից եւ նպատակահարմարությունից:

- Երկքաղաքացիության նորմն արգելող հոդվածը Դուք նույնպե՞ս կցանկանայիք փոխել: Ինձ թվում է՝ երկքաղաքացիության արգելումը ներկա Սահմանադրության եւ ընդհանրապես երրորդ հանրապետության հիմնարար կարգավորումներից մեկն է:

- Երկքաղաքացիությունը, իբրեւ գաղափար, պետք չէ մերժել: Ապագայում չի բացառվում, որ ինտեգրացիոն ընթացքը տարածաշրջանում, եվրոպական կառույցների հետ բերի ավելի ազատ տեղաշարժի, սահմանների թափանցիկության:

- Դուք գաղափարը չեք ուզում մերժել, մինչդեռ մարդկանց թվում է, թե Դուք պատրաստ եք սփյուռքահայերին արդեն այսօր Հայաստանի քաղաքացիություն շնորհել:

- Ես նման մտադրությունից հեռու եմ: Այդտեղ զինապարտության խնդիր կա. սփյուռքահայերը զորակոչվելու են եւ ծառայելո՞ւ են Հայաստանի բանակում: Իրենք պատրա՞ստ են դրան, կամ իրենց բնակության երկրները դա կթույլատրե՞ն: Կամ հարկային պարտավորությունները... սփյուռքահայերը որտե՞ղ եւ ո՞ւմ են հարկատու լինելու: Գործնականում այնքան խնդիրներ են ծագում, որ սփյուռքահայերին այսօր երկքաղաքացիություն շնորհելն աննպատակահարմար է եւ անիրական: Պետք է ընդունել գաղափարը, իսկ գործադրել այն ժամանակ, երբ դա քաղաքական առումով չի լինի խնդրահարույց, իսկ տնտեսական առումով կլինի շահավետ:

- Նախագահ Քոչարյանը կարծես հույսեր է կապել Սփյուռքից ֆինանսական ներդրումների հետ:

- Видишь-ка, գյուտ է արել... 70-80 տարի Խորհրդային Հայաստանի ղեկավարները երեւի այդքան չէին գիտակցում, որ Սփյուռքից միջոցներ ներգրավեն: Ախր Սփյուռքն ինչքան էլ թափ տաս` կես միլիարդ դոլար հազիվ հավաքվի: Սփյուռքի տնտեսական կամ ֆինանսական աջակցությունը Հայաստանին չի կարող բեկումնային նշանակություն ունենալ:

- Այդուհանդերձ, Քոչարյանը ձեռնարկել է սահմանադրական փոփոխություններ, եւ թվում է՝ իր մոտիվացիան ու պատկերացումները հենց միայն երկքաղաքացիության հարցին էլ առնչվում են:

- Սահմանադրության փոփոխությունը լուրջ պրոցես է երկրի կյանքում, բայց նախագահ Քոչարյանի մոտեցումն անլուրջ տպավորություն է թողնում: Ի՞նչ է նշանակում նախագահին կից հանձնաժողով ստեղծես եւ դեռ այդ հանձնաժողովին էլ ցուցումներ տաս, թե որ նորմերն ինչ ուղղությամբ փոխեն: Ախր դու ո՞վ ես:

Հասարակությունից առաջնային մանդատ ստանում է խորհրդարանը: Հենց խորհրդարանն է հասարակության տարբեր շերտերի ներկայացվելու, նրանց միջեւ կոնսենսուսի հասնելու, օրենքներ, վարքի նորմեր հաստատելու ատյանը պետության մեջ: Նախագահը պետության գլուխն է, ոչ թե հասարակության քաղաքական շերտավորումն արտացոլող ինստիտուտ: Հետեւաբար Սահմանադրության փոփոխություններ պետք է մշակի, քննարկի, երաշխավորի խորհրդարանը:

 

Մենիշխանության խնդիրը

- Կարեն Սերոբիչ, կարելի՞ է արդյոք ասել, թե Դուք խորհրդարանական իշխանակարգը նախընտրում եք նախագահականից կամ մեզանում գործող կիսանախագահականից:

- Ի՞նչ կիսանախագահական, Հայաստանում գործող Սահմանադրությամբ նախագահին այնքան լիազորություններ են տրված, որ ճիշտ կլինի համակարգը կոչել սուպեր-նախագահական:
Ես ղեկավարել եմ երկիր գրեթե մենիշխանության պայմաններում եւ այդ համակարգի թերությունները, ինչպես նաեւ առավելությունները գիտեմ: Ասենք, խորհրդային ժամանակներում Գերագույն սովետի ընտրությունները վերահսկվում էին: Ընդհանուր առմամբ բացասական այդ երեւույթի մեջ էլ դրական կողմ կար: Նախապես հայտնի անցողիկ թեկնածուները բացառում էին պատահական մարդկանց հայտնվելը խորհրդարանում: Գաղափարական այլընտրանքի առումով դա խոցելի վարվելակերպ էր: Բայց մյուս կողմից փակվում էր քրեական տարրերի, ոչ բավարար ինտելեկտուալների, մութ գործարքներում ներքաշված անձանց մուտքն օրենսդիր մարմին:

Ընդհանրապես կադրային քաղաքականությունն ունի օբյեկտիվ բարդություններ` գործարանային կոլեկտիվից մինչեւ բարձրագույն իշխանություն: Եթե հենվում ես հին կադրերի վրա, նրանք ունեն փորձառություն, բայց, որպես կանոն, անընկալունակ են նորի հանդեպ: Եթե բերում ես նոր մարդիկ, նրանք ունեն պատկերացումներ, բայց չունեն փորձ, եւ տեւական ժամանակ նրանց գործունեությունը չի լինում կոնստրուկտիվ, որովհետեւ մերժում են այն, ինչ կա: Եթե հաջողվում է հնի ու նորի զուգադրում, դա կադրային քաղաքականության լավագույն տարբերակն է: Մի կողմից փորձի ու իմացության, մյուս կողմից նոր պատկերացումների համատեղումն առաջընթացի գրավական է:
Վերջնահաշվում մենիշխանական համակարգում եւ կադրային քաղաքականությունը, եւ պետական հաստատությունների գործակցությունը մեծ կախվածություն են ունենում պետության առաջին դեմքի սուբյեկտիվ հատկանիշներից: Դրա համար էլ գերադասելի է ավելի փոքր դերակատարություն, հետեւաբար եւ ավելի փոքր պատասխանատվություն:

- Իսկ ասվածի հետ ինչպե՞ս է ներդաշնակվում Ձեր այն միտքը, թե նախագահը պետք է ժողովրդի հայր լինի:

- Երկրի ղեկավարի պաշտոնը քաղաքական բնույթ ունի: Ինչպիսին էլ լինի պետաիրավական համակարգը, հասարակական համերաշխություն եւ առաջընթաց ապահովելը զգալիորեն կախված է երկրի ղեկավարից: Եթե նա համապատասխանի այն պահանջներին, որ դարերի ընթացքում ձեւավորվել են եւ ներկայացվում են պետության առաջին դեմքին` կարողանա տիրապետել իշխանության, այն գործադրի ի բարօրություն ժողովրդի, ուղենշի ապագան, մարմնավորի արդարամտություն, խրախուսի արժանիքներ, չհանդուրժի թերացումներ, ապա երկիրը կզարգանա: Իսկ եթե նախագահը չի կարողանում վերահսկել ստորադաս կառույցները, վերջիններիս միջեւ մրցակցություն է կամ ինքնագործունեություն, դա հարվածում է պետությանը:

Անվտանգության մարմինները, օրինակ, անջատվեն թե միացվեն ՆԳ համակարգին, դա միայն մակերեսային փոփոխություն է: Դա միայն թվում է, թե անջատ լինելու դեպքում այդ երկու կառույցները փոխադարձաբար կվերահսկեն իրար, իսկ միասնական լինելու դեպքում կհայտնվեն վերահսկողությունից դուրս: Բնականը ոչ թե կառույցներն իրար հակադրելն է, այլ ուղղահայաց հսկողություն ունենալը: Էական է, որ գործադիր իշխանության համար պատասխանատվություն ստանձնողը վերահսկի յուրաքանչյուր նախարարություն եւ նախարարի հետ պատասխանատվություն կիսի: Ի վերջո նախագահի կողմից կառավարության որոշումներ վավերացնելը հենց այդ իմաստն ունի:

- Ձեր կարծիքով քաղաքական ուժերի հանդե՞պ էլ նախագահի կողմից հայրական վերաբերմունք է անհրաժեշտ: Եվ ընդհանրապես մենիշխանական դրվածքը Ձեզ մերժելի չի՞ թվում: Չէ՞ որ միապետներն իրենք աստիճանաբար հրաժարվեցին մենիշխանությունից:

- Իհարկե, միապետներն իրենք են  ժամանակին հրաժարվել մենիշխանությունից, որովհետեւ անհատ-իշխանություն խնդիր գոյություն ունի: Բայց միապետները մնացին որպես պետության գլուխ: Երկրները, որոնք չունեն ժառանգական միապետներ, ընտրում են նախագահներ եւ նրանց համարում պետության գլուխ: Որովհետեւ այդ ինստիտուտը խորհրդանշում է հասարակության միասնությունը:

Իսկ արդեն գործադիր իշխանությունում կոլեգիալ պատասխանատվությունը երաշխավորում է որոշումների ընդունելի լինելը հասարակության համար եւ փոքրացնում է սխալների հավանականությունը: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, բոլորի հանդեպ բարյացակամ եւ համագործակցության պատրաստակամ վերաբերմունք է պետք դրսեւորել: Կյանքում ընդհանրապես այլընտրանքները ողջունելի են, կուսակցական համակարգում՝ նույնպես: Այլընտրանքներն իրար չեն բացառում, այլ միմյանց լրացնում են:

 

Socium-ն ինձ հոգեհարազատ է

- Սահմանադրություն, իշխանություն եւ քաղաքական դաշտ... Անգլիան չունի սահմանադրություն, բայց հաջողությամբ եւ առանց ցնցումների զարգանում է, շնորհիվ երկկուսակցական համակարգի: Հայաստանն ունի սահմանադրություն, բայց չկայացած քաղաքական դաշտը տեղապտույտի է հանգեցրել:

-  Քաղաքական դաշտի կայացած լինելը երկիրը դարձնում է կանխատեսելի: Այդ դաշտի անձնավորված լինելը ցանկալի չէ, այն պետք է լինի գաղափարական: Այստեղ էլ դժվարություն է ծագում, որովհետեւ հաճախ կուսակցություն ստեղծողները վատ գիտեն գաղափարախոսություններ, իսկ գաղափարական հենք չունենալը կուսակցության հանդեպ վստահություն չի ներշնչում:

- Ինձ թվում է՝ Հայաստանում քիչ են մարդիկ, որոնք գաղափարը տարբերեն գաղափարախոսությունից: Դրա համար էլ քաղաքական ծրագրերը գերազանցապես շաղակրատանք են: Եվ դեռ Տեր-Պետրոսյանին էլ հակաճառում էին` իբր ազգային գաղափարախոսություն գոյություն ունի:

- Ազգային գաղափարախոսություն գոյություն ունի:

- Ինչպե՞ս... Գաղափարախոսությունը չի՞ կարգավորում անհատի եւ հասարակության փոխհարաբերությունը: Ասենք, վահաբիզմի «գաղափարախոսությամբ» Բուլղարիայում հասարակական հարաբերությունները կկարգավորվե՞ն...

- Ունիվերսալ առումով գաղափարախոսությունը սոցիալիզմն է, համաձայն եմ: Նույնիսկ սոցիալ-դեմոկրատիան, քրիստոնյա-դեմոկրատները հոսանքներ են: Բայց կան դոկտրինալ գաղափարներ, ինչպես կուզես կոչի, որ տվյալ պետության եւ հասարակության կյանքում դեր են կատարում: Հնարավո՞ր է սիոնիզմի դերն Իսրայելում չտեսնել...

- Սիոնիզմը, թերեւս, ազգային  դոկտրին է... Իսկ Ձեր բառով «ունիվերսալ գաղափարախոսություն ներից» Դուք նախընտրում եք սոցիալի՞զմը:

- Եվ լիբերալիզմ-կոնսերվատիզմի, եւ սոցիալիզմի մեջ կան դրական կողմեր: Անհատը պետք է ազատություն ունենա իր ունակությունները դրսեւորելու եւ ընտրություն կատարելու: Բնությունը մարդկանց չի օժտում հավասար կարողություններով: Հավասարեցնելը հակաբնական ընթացք է:

Մյուս կողմից՝ արդար չի լինի, եթե մեկը, որ ավելի խելացի է ու հզոր, շահագործի մյուսներին, որոնք բնությունից ավելի քիչ են օժտված: Մի կողմից ազատություն անհատին, մյուս կողմից` արդարություն հասարակության անդամների համար: Մարդկությունը զարգանում է այս երկու դիրքորոշումները մոտեցնելու, «ոսկե միջինը» հաստատելու ուղղությամբ: Արեւմուտքի ներկա ընդգծված սոցիալական քաղաքականությունը ցույց է տալիս, որ արդարության ապահովումը եւ տարբերություններ մեղմելը պետականորեն գիտակցվող խնդիր է:

Ես համոզված եմ, որ մարդը, հասարակական էակ լինելով, մեծ կախվածություն ունի հասարակությունից եւ չի կարող լինել նրանից անկախ: Հասարակության բարգավաճումը բարիք է ստեղծում յուրաքանչյուր անհատի համար, հետեւաբար հասարակական շահը պետք է առաջնային արժեք համարվի: Ես նախընտրում եմ սոցիալիզմի գաղափարախոսությունը, հասարակական առաջընթացի սոցիալական ուղղվածությունը, որովհետեւ socium-ն ինձ հոգեհարազատ է:

Շանունակելի
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image