Երբ Կապանում ընտրությունների կապակցությամբ Փաշինյանը լաց էր լինում, մի տեսակ տարօրինակ դեժավյու եկավ մտքիս։ Հիշեցի «Խաթաբալա»-ի իրեք մանեթանոց լացողներին։ Էն մարդկանց, որ լացը ոչ թե ապրում են, այլ խաղում են՝ ըստ պատվերի։
Սկզբում սկսում են «թեթև ռեժիմով»․ աչքերը մի քիչ թրջում են, ստուգում են՝ տեսախցիկ կա՞, արձագանք կա՞։ Հետո, երբ հասկանում են՝ պատվերը լուրջ է, անցնում են լիարժեք արտադրական հզորության․
ձեռքեր՝ օդում,
դեմք՝ դրամատիկ,
մազեր՝ արդեն վտանգի տակ,
ու հանկարծ ամբողջ բեմը դառնում է ողբի փոքրիկ գործարան։
Բայց ինչքան էլ ճչան, ճանկռոտեն, “հոգևոր փլուզում” խաղան, մեկ է՝ ֆիլմի տրամաբանության մեջ միշտ կա էն սառը դիտողը, որը ասում է՝
-«էս իրեք մանեթի լա՞ց է»։
Ու Ֆրունզիկի կերպարն էլ աչքիս առաջ է գալիս՝ արդեն ներվերից դուրս եկած․
-«գլուխ եք հա պահում… մի մարդավարի ղա՜-ղա՜-ղա՜ արեք էլի…»
Լացողը էլ ավելի է ջանում, դեմքին խփում, մազերը պոկում, նորից փորձում է “ճիշտ տոնայնությունը” գտնել՝ ղա՜… ղա՜… վու՜յ վու՜յ… բայց մեկ է՝ ինչ-որ բան միշտ չի “համընկնում պատվերի հետ”։
Հիմա ինչու մտովի հիշեցի սա․ որովհետև նույն զգացողությունն էր առաջանում, երբ Փաշինյանը նախընտրական բեմադրության ժամանակ ձայնի վերջին խազով գոռում էր՝
«Ես ձեզ սիրում եմ, ես ձեզ սիրում եմ»։
Կարծես քննություն էր հանձնում՝ էմոցիայի պետական քննություն․ ամեն անգամ մի քիչ ավելի բարձր նոտա, մի քիչ ավելի ուժեղ հուզական ճնշում։ Հետո, երբ տեսավ, որ միայն ձայնը քիչ է, անցավ հաջորդ փուլին՝ աչքերի օգնությանը։
Ու վերջում էլ արդեն հայտարարեց՝
«Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում»։
Կարծես սպասում էր, որ դահլիճը պիտի ավտոմատ կերպով միանա իրեն՝
լաց, ճիչ, մազապոկություն, համընդհանուր մելոդրամա։
Բայց իրականությունը միշտ մի քիչ ավելի սառն է ստացվում, ու էդտեղ նորից մտքում հնչում է նույն կինեմատոգրաֆիկ սառը գնահատականը՝
«էս իրեք մանեթի լա՞ց է…»