Քաղաքականություն

Եթե ապագան չի գալիս Նիկոլի մոտ, Նիկոլը կգնա ապագայի մոտ

Եթե ապագան չի գալիս Նիկոլի մոտ, Նիկոլը կգնա ապագայի մոտ

Հին ժամանակներում լինում է, չի լինում, Մուհամեդ անունով մի պատկառելի մարդ է լինում: Նա այնքան մեծ վստահություն ու հարգանք ուներ համագյուղացիների շրջանում, որ մեծից փոքր, որեւէ քայլ անելուց առաջ, նրա կարծիքն էին հարցնում, նրա խոսքով շարժվում: Անգամ խոսակցություններ էին տարածվում, որ Մուհամեդն ամենակարող է, համարյա՝ աստված, նրա բոլոր ասածները կատարվում են: Այդ գյուղի մոտ, սակայն, մի հիմար սար կար, որ մերթընդմերթ ժայթքում էր: Լավան լցվում էր ցանքատարածությունները, չորացնում ամեն ինչ: Առուներն անընդհատ փոխում էին իրենց հունը, գյուղն էլ ամեն անգամ տեղաշարժվում էր առուների հետեւից: Այլեւս անհնար էր այդպես ապրել, եւ գյուղացիները դիմում են Մուհամեդին, որ նա սարին մի բան հասկացնի, նախատի կամ մի բան անի, որ հրաբուխն այլեւս չժայթքի: Մեր հույսը դու ես՝ ասում են Մուհամեդին:

- Լավ,- ասում է Մուհամեդը,- դուք այսօրվանից հաշվեք երեք լուսին, իսկ չորրորդ լուսնի գիշերը կհավաքվեք գյուղի ծայրի բլրի վրա: Ես կգամ, սարին կկանչեմ, հետը խիստ կխոսեմ ու ամեն ինչ կկարգավորեմ:
Գյուղացիները բերանները բաց լսում են այս ամենը եւ գնում տուն, որ չորրորդ լուսնի օրը գան ու տեսնեն Մուհամեդի սարի հրաշքը: Երեք լուսին անցնում է, չորրորդ լուսնի օրը Մուհամեդը բարձրանում է բլուրը: Մարդիկ հավաքվում են նրա շուրջը եւ սպասում սարի գալուն: Սպասում են մինչեւ առավոտ՝ սարը չի գալիս: Առավել անհամբերները ձեռքները թափ են տալիս, ուզում են լքել բլուրը: Հույսն աստիճանաբար փոխվում է հուսահատության: Անհարմար վիճակ է ստեղծվում: Եվ Մուհամեդը, տեսնելով, որ իր վարկանիշը համագյուղացիների աչքին գահավիժում է, բարձրացնում է ձեռքն ու հանդիսավորությամբ հայտարարում.
- Սիրելի հայրենակիցներ, ըսկի դարդ չանեք` սարն այսօր չեկավ ինձ մոտ, վաղը ես կգնամ սարի մոտ…
Այդ օրվանից հետո Մուհամեդին այլեւս ոչ ոք չի տեսել: Բազմաթիվ լուսիններ են անցել, Մուհամեդն էլ երեւի մեռել է, բայց գյուղը դեռ կա ու դեռ պատմում է Մուհամեդի ու սարի հրաշքը՝ թե այսպես ու այսպես, սարը չեկավ Մուհամեդի մոտ, բայց Մուհամեդը գնաց սարի մոտ…

Չգիտեմ, դուք այս պատմության մեջ որեւէ այլաբանություն նկատեցիք, թե ոչ, բայց ես շատ ընդհանուր գծեր տեսա Նիկոլի եւ Մուհամեդի միջեւ: Ավելին ասեմ, Նիկոլը՝ ինչպես Մուհամեդն այնտեղ դրած: Ի՜նչ հավատով էին նայում նրան մարդիկ, ի՜նչ սպասումներ ունեին… Է՛լ փռում էր ասֆալտին, է՛լ ծեփում պատերին, է՛լ Արցախը Հայաստան է, եւ վերջ, է՛լ Հայաստանը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, է՛լ ամեն հպարտ քաղաքացի տեղով վարչապետ է… Մարդիկ էլ հո մի ավանդական սովորություն ունեն: Նրանք իրենց ամենավառ հույսերը պաշտոնի ու դիրքի հետ են կապում: Բայց, ավաղ, այդ ամենի փոխարեն եղավ պատերազմ, Արցախն այլեւս Հայաստան չէ, ոչ ոք ասֆալտին չփռվեց, ոչ ոք չծեփվեց պատերին, ոչ մի հասարակ մահկանացու վարչապետ չդարձավ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը թքեց Մուհամեդի, ներողություն, Նիկոլի կախարդական փայտիկին… Եվ լուրեր տարածվեցին, որ Նիկոլի բոլոր ասածները սուտ են եղել, սովորական փչոց, ու նա այդ ամենն ավելի քան 2 տարի փչել է, որ մարդկանց մոլորեցնի: Մարդիկ հո հիմար չեն: Մի օր էլ զայրացան ու ելան փողոց, որ Նիկոլին վռնդեն: Անհարմար վիճակ էր ստեղծվել, բայց Նիկոլը ելքը գտավ: Նա, որպեսզի իրեն ոչ ստերիլ ձեւով ս. չանեն, հայտարարեց արտահերթ ընտրություններ: Եվ, պատկերացրեք, «հաղթեց» այդ ընտրություններում՝ այս անգամ հայտարարելով, որ ապագա կա, կա ապագա… Մարդիկ մի ավանդական սովորություն էլ ունեն: Նրանք իրենց ամենավառ հույսերը հատկապես ապագայի հետ են կապում:

Սակայն ընտրություններից 3 տարի անց, Նիկոլի խոստացած ապագան ոչ մի կերպ չի ուզում գալ: Արցախը քիչ էր, մարդիկ իրենց հողերն էլ են տալիս, իսկ ապագան չկա ու չկա: Բա ի՞նչ անենք… Մի խելոք մարդ ասում է՝ գնանք Նիկոլի մոտ ու հարցնենք՝ ո՞ւր է ապագան, ինչո՞ւ չի գալիս: Թող բարի լինի՝ գնա ապագայի մոտ ու նրան բերի այստեղ: Գալիս են Հանրապետության հրապարակ՝ Նիկոլը չկա: Բա ո՞ւր ա… Հեծանիվ ա քշում: Էլի են գալիս, էլի չկա: Բար ո՞ւր ա… ՔՊ-ի Նուբարաշենի կառույցի նիստ ա վարում: Նորից են գալիս: Այս անգամ ավելի խիստ տոնով՝ բա ո՞ւր ա… Գնացել ա Ծիլքար, որ հասկանա, թե ինչու ոչխարաբուծությունն այնտեղ լավ չի զարգանում: Ասում են՝ հովվի պրոբլեմ կա, երեւի ակադեմիական քաղաքում հովվագիտության ֆակուլտետ բացի: Այսպես երկար շարունակվել, բնականաբար, չէր կարող: Վերջը՝ Նիկոլին բռնացրին Երեւանի բակերից մեկում.
- Այ Նիկոլ, ապագան ո՞ւր ա…
- Ուշանում ա սրիկան, ես ի՞նչ կարող եմ անել… հեռուստացույցով կանչում եմ, սոցիալական ցանցերով կանչում եմ, Ֆեյսբուքով կանչում եմ, Տիկտոկով կանչում եմ, Տելեգրամով կանչում եմ, Վայբերով կանչում եմ, արթուն ժամանակ կանչում եմ, քնած ժամանակ կանչում եմ, հեծանիվ քշելիս կանչում եմ, նիստեր վարելիս կանչում եմ՝ չի գալիս ու չի գալիս, ես ի՞նչ անեմ:
- Չի՞ գալիս, թե՞ չկա ապագա…
- Չէ՜, ինչպե՞ս կարող է ապագա չլինել, ուղղակի չի գալիս, ուշանում է…
- Դե որ այդպես է, դու գնա ապագայի մոտ, Մուհամեդից օրինակ վերցրու, նա ինչպե՞ս գնաց սարի մոտ ու համոզեց սարին, որ կրակ չժայթքի այլեւս:
- Բայց էդ լավ բան եք ասում, գիտե՞ք: Հենց վաղը վեր կկենամ ու կգնամ ապագայի մոտ:
Ասում են՝ Նիկոլի այս խոսքերից հետո մի խնձոր է ընկել 9-րդ հարկից: Ոչ ոք մոտ չի գնացել: Բոլորն էլ համոզված են եղել, որ դա Նիկոլի համար էր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image