Քաղաքականություն

«Հրապարակ». Հայաստանը կարող է դառնալ տիտանների մարտադաշտ 

«Հրապարակ». Հայաստանը կարող է դառնալ տիտանների մարտադաշտ 

Նախօրեի ուշ երեկոյան հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որը հաջորդեց ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը։ Փաստաթղթում հաճախ է նշվում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության մասին, հրապարակումից վայրկյաններ անց իշխանական եւ մերձիշխանական շրջանակները մեջբերում էին հենց այդ բառերը՝ մեկնաբանելով, թե տեսեք, որ դատարկաբանություն էին բոլոր այն արձանագրումները, որ Հայաստանը միջանցք է տվել Ադրբեջանին, ոչ թե ապաշրջափակել տարածաշրջանը։ Բայց հայտարարության տեքստում որքան հաճախ են գործածել այս բառերը, այնքան էլ ներառել են վտանգավոր կետեր, որոնք փաստում են ընդդիմախոսների ասածները։

Ըստ հայտարարության՝ «Հայաստանը մտադիր է թույլատրել եւ աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը եւ պահպանել 26 տոկոս մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»։ Տեւական ժամանակ ՀՀ իշխանությունները հերքում էին 99 տարով ԱՄՆ վերահսկողությանը ճանապարհ հանձնելու խոսակցությունները, ինչպես նաեւ այն, որ այդ ճանապարհի վրա այլ պետություններ ավելի մեծ ազդեցություն են ունենալու, քան Հայաստանը, հրապարակված փաստաթղթով բռնվեցին իշխանությունների որոշ ստերը։ Բայց սա չէ ամենավտանգավորը, անգամ իշխանական շրջանակներում էին երեկ ցածրաձայն տագնապում, որ փաստաթղթում տեղ գտած կետերից մեկը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի համար։

Խոսքը հետեւյալ ձեւակերպման մասին է․ «Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որեւէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) եւ վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը»։ Սա նշանակում է, որ վաղը կարող է ԱՄՆ-ն համաձայնության գալ, ասենք, Թուրքիայի հետ իր բաժնեմասը նրան վաճառելու հարցում, այս դեպքում ՀՀ իշխանություններին մեկ րոպեում կարող են պարտադրել համաձայնություն տալ՝ բաժնեմաս վաճառել Անկարային, հակառակ պարագայում Թրամփը Վենեսուելայի օրը կգցի Հայաստանը։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ բավարարվել է նաեւ Ադրբեջանի այն պահանջը, որ ինքը չի ցանկանում այդ ճանապարհի վրա հայ սահմանապահի երես տեսնել։ Սա էլ փաթեթավորել են միջազգային խուճուճ ««Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել» ձեւակերպման տակ, համաձայն որի՝ ճանապարհով երթեւեկող ադրբեջանցիները չեն տեսնի մաքսավորի, իրավապահի երես, նրանք մնալու են հետնամասում, իսկ ադրբեջանցիները շփվելու են դեռեւս մեզ համար անհայտ ծագման օպերատորների հետ։ Եվ, վերջապես, չի լուծվում ապաշրջափակման հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ, ըստ փաստաթղթի, Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ․

«Մասնավորապես, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հայ-ադրբեջանական փաստաթուղթը, այս իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես եռակողմ փաստաթուղթ, մենք ասացինք՝ լավ, եթե բացվում է ճանապարհը, միջանցքը, Ադրբեջանը կապվում է Նախիջեւանի հետ, բայց Հայաստանի ապաշրջափակման խնդիրն այս փաստաթղթով չի լուծվում։ Եթե դուք նայեք, այստեղ որեւէ ակնարկ չկա, որ Հայաստանի ապաշրջափակումը վերացվում է։ Կար հստակ որոշակի էություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ։ Երբ այս վերջին երկու-երեք ամիսը Հայաստանն Ադրբեջանի միջով սկսեց ստանալ ցորեն, մի քիչ` մի բուռ, մեծամասամբ չորրորդ կարգի, եւ բենզին, մասնակի տրանզիտի իրավունք է տրամադրվել Հայաստանին, որովհետեւ դուք տեսնում եք՝ Հայաստանը միայն ներմուծում է, ոչ մի բան չի արտահանում։ Այստեղ եկավ այն, ինչը ասում էինք, որ Հայաստանը, փաստորեն, Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել»։ Խաչատրյանի խոսքով, եթե մենք ուզում ենք տարածաշրջանի բոլոր կապուղիների ապաշրջափակում, ապա ոչ միայն Ադրբեջանը պետք է Մեղրիի միջով Նախիջեւանի հետ կապ ստանա, այլեւ Հայաստանը պետք է Նախիջեւանի միջով անխոչընդոտ անցում ստանա, միանա Արարատի մարզի հետ. «Իջեւան-Ղազախ ճանապարհը պետք է բացվի, նաեւ՝ դեպի արեւմուտք, որովհետեւ Թուրքիան էլ իր ճանապարհների բացումը, հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ամենածանր մտահոգությունը՝ ԹՐԻՓՓ-ի ծրագրի հետ կապված, այն էր, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի պահ դրվի հստակ երկընտրանքի առաջ՝ Իրանի հետ կապված։ «Այս դեպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»։ Նա նշեց, որ, օրինակ, իրանական կողմը շատ լուրջ մտահոգություններ ունի, որ «Թրամփի ուղու» շինարարության պատրվակի ներքո այլ ուժեր կարող են տեղակայվել իր սահմանին։ «ՀՀ գործող իշխանությունը Հայաստանը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ գլխացավանք կարող է լինել»,- եզրափակեց Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image