Հասարակություն

Կրճատումները կլինեն էվոլյուցիոն ճանապարհով

Կրճատումները կլինեն էվոլյուցիոն ճանապարհով

Օպտիմալացվող պետական համակարգում վերջին ամիսներին որոշակի անորոշություն է տիրում։ Հատկապես այն նախարարություններում, որոնք միավորվելու են, հայտնի չէ, թե օպտիմալացման արդյունքում ովքե՞ր են շարունակելու պաշտոնավարել որպես փոխնախարար, ո՞ր հաստիքներն են կրճատվելու։ Հայտնի է, որ մշակույթի նախարարությունը պետք է միավորվի կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ։ Այս ընթացքում շրջանառվել են խոսակցություններ, որ առնվազն երկու փոխնախարար լինելու են մշակույթի ոլորտից։

Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը հիշեցնում է, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում։ Իսկ մայիսի 7-ին մեկնարկող նոր նստաշրջանում այդ նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ եւ հաստատվելու պարագայում, պաշտոնական հրապարակումից հետո  տասնօրյա ժամկետում օրենքը կմտնի ուժի մեջ։

«Օրենքի նախագծով նախատեսվում է երկամյա ժամկետում նոր կառուցվածքի, նոր կանոնադրության  ներկայացում։ Թե ինչպիսին կլինի նոր՝ միավորված նախարարության կառուցվածքը՝ դա կախված է արդեն գերատեսչության ղեկավարից՝ նախարարից։ Երկրորդ քայլը կլինեն արդեն քննարկումները։ Առաջին հերթին կհաստատվի օրենքի նախագիծը, երկրորդ հերթին կհաստատվի  առանձին նախարարությունների կառուցվածքը։ Այս պահին  խոսվում է, որ միավորումները լինելու են տեխնիկական բնույթի, այսինքն՝ ավտոմատ միացումներ, եւ ենթադրյալ  կրճատումները վերաբերում են առավելապես քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում՝ նախարարի տեղակալներին, նրանց օգնականներին եւ այլն։ Իսկ օժանդակ վարչությունների կամ բաժինների կրճատում  օրակարգում չկա, դա կարող է տեղի ունենալ էվոլյուցիոն զարգացման արդյունքում»,- ասաց Վահե Բուդումյանը։
Նախարարությունների միավորման դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում նախկինում հաստատված ծրագրերին։

Վահե Բուդումյանը նշում է․ «Նախորդ տարի ներկայացված ծրագրերն արդեն հաստատված են եւ արտացոլված են տարբեր  որոշումներում, տարբեր իրավական ակտերում, նաեւ՝ «Բյուջեի մասին» օրենքի համապատասխան հավելվածներում։ Այսինքն՝ խոսք չի կարող լինել առկա կամ ընթացիկ ծրագրերի առկախման կամ բացառման մասին։ Ենթադրենք՝  մենք իրականացնում ենք ստեղծագործողների եւ հետազոտողների դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակներում  պայմանագրեր  ենք կնքում ստեղծագործողների, գրողների կամ հետազոտողների հետ, իրենց ինչ-որ գումար ենք հատկացնում ստեղծագործությունների համար։ Եվ այդ ծրագիրը  պետք է իրականացվի տեւական ժամանակում, օրինակ՝ մեկ տարի ժամկետում։ Եվ, անկախ այն բանից՝ կմիավորվի՞ նախարարությունը, թե՞ ոչ, այն չի կարող կասեցվել։ Սրանք արդեն հաստատված ծրագրեր են։ Հետագայում պլանավորված ծրագրերը, կարծում եմ, պետք է վերանայվեն։ Ելնելով  քաղաքական նպատակահարմարությունից, նախորդ տարվա արդյունքներից, նրանց վերաբերյալ պետք է կայացվի որոշում։ Արդեն գոյություն ունեցող ծրագրերը ամեն տարի պետք է վերանայվեն, իսկ առկա ծրագրերը չեն կարող կասեցվել»։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ մշակութային ոլորտին վերաբերող որոշ հարցումներ, դիմումներ հղվում են Կրթության եւ գիտության նախարարությանը, քանի որ ենթադրվում է, որ հենց վերջինս է դրանց իրական հասցեատերը։

«Եթե նման խնդիր կա, ապա դա կա՛մ պատահականություն է, կա՛մ սխալմունք, որովհետեւ մշակույթի նախարարությունը գործում է նախկինի պես, օրենքի փոփոխությունները դեռեւս ուժի մեջ չեն։ Նախարարությունը նախկինի պես ընդունում է հարցումներ, մշակութային ծրագրերին վերաբերող գրություններ»,- արձագանքեց Վահե Բուդումյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image