Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը բան փոխեց Նիկոլի կյանքում

Հրայր Թովմասյանը բան փոխեց Նիկոլի կյանքում

Հրայր Թովմասյանն իր հատուկ կարծիքով մոխրակույտի վերածեց Նիկոլ Փաշինյանի սահմանադրական դատարանը, որն օրերս որոշել էր, որ Նիկոլի տեղակալի գլխավորած հանձնաժողովի կատարած սահմանային ձեւախեղումների «կանոնակարգը» (սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների կանոնակարգ) համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Հրայր Թովմասյանը ոչ միայն ցույց տվեց, որ Փաշինյանն ու իր տեղակալը հակասահմանադրական ընթացքի մեջ են, այլեւ ապացուցեց, որ ՍԴ-ում մեխի գլուխներ են նստած, որոնց համար ՀՀ սահմանադրությունն օրվա իշխանության կուրսով մեկնաբանելը մեկ-երկու հաշվի գործ է:

Ես ներողություն եմ խնդրում Հրայր Թովմասյանից՝ իր գործընկերներին «մեխի գլուխ» անվանելու համար, բայց ստիպված էի այդ որակումը տալ, որովհետեւ մյուս որակումները, որոնք տեղին կլինեին Հայաստանի Անկախության հռչակագիրը նսեմացնող այդ խմբակին, առավել խիստ են ու սպանիչ: Այնպես որ՝ «մեխի գլուխը» դեռ լավ է:
Ընթերցողին մի «աննշան» միջադեպ հիշեցնեմ, որ կապված է Նիկոլի, ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի հետ: Հիշո՞ւմ եք Հրայր Թովմասյանի մասնակցությամբ վերջին դատական նիստերը: Այո, էն, որ աղջիկ-դատավորը քնել էր: Ուրեմն՝ գործն այնքան ջուր էր, որ ոչ միայն Հրայր Թովմասյանի ներկայության անհրաժեշտությունը չկար, այլեւ դատավորին բացարձակապես չէր հետաքրքրում: Պարզապես Նիկոլը որոշել էր՝ իր ու իր տեղակալի հակասահմանադրական քայլերի մասին վկայող սահմանազատման եւ սահմանագծման «կանոնակարգ» կոչված փաստաթուղթը սղղացնել ՍԴ-ով, ինչին այդ հիմնարկում կարող էր ընդդիմանալ միայն մեկ դատավոր՝ Հրայր Թովմասյանը: Եվ դատական հետապնդում սկսեցին Թովմասյանի նկատմամբ: Հիշո՞ւմ եք, որ որոշեցին Հրայր Թովմասյանին բերման ենթարկել դատարան: Չէ, դուք մի հատ պատկերացրեք՝ ՍԴ դատավորին բերման ենթարկել դատարան: Ի՞նչ արժե միայն այս ձեւակերպումը… Խայտառակություն: Եվ պատկերացրեք՝ ո՛չ Նիկոլի ուսապարկանոցում, ո՛չ էլ, այսպես կոչված, ՍԴ-ում մի կենդանի շունչ չգտնվեց, որ հարց տար՝ արա, հո դուք էշ չե՞ք, ի՞նչ է նշանակում՝ ՍԴ դատավորին «բերման ենթարկել», դա լսվա՞ծ բան է, որտե՞ղ է գրված:

Հիմա՝ բուն հարցը. ուրեմն, կարդալով Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը՝ կապված ՍԴ-ի վերջին վերդիկտի հետ, եկա այն եզրակացությանը, որ ՍԴ-ում նստած են մեխի գլուխներ, որոնք իսկական սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը. վտանգավոր արարածներ, որոնք միայն հսկայական փողեր են խժռում եւ աչքներն էլ չեն թարթի, եթե Նիկոլը հրամայի՝ ՀՀ Գոյաթուղթը հայտարարել Նոր Հայաստանը «խժռող» անպետք իր: Հրայր Թովմասյանն իր կարծիքում գրում է. «Ինձ համար անընդունելի եւ իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով, Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որեւէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական եւ պատմական նշանակությունը, այլեւ վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանն այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց»: Ավելի պարզ ասած՝ Հրայր Թովմասյանն ահազանգում է, որ գործ ունենք Հայաստանի անկախության հռչակագրի եւ ՀՀ սահմանադրության ոտնահարման հետ:

Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է մեղավոր: ՍԴ-ի մեխի գլուխները կարծում են, որ հետագայում, երբ արդեն իրենց բերման ենթարկեն դատարան, կկարողանան արդարանալ, թե երկրի բարձրագույն ղեկավարության (իմա՝ Նիկոլի) հրամանն են կատարել: Դատավոր-խայտառակություններին ասեմ, սակայն, որ դա աշխատող տարբերակ չէ: Դուք Նիկոլին լավ չեք ճանաչում: Նա այս գործից արդեն իսկ ձեռքերը լվացել ու ողջ պատասխանատվությունը գցել է ձեզ վրա՝ «կանոնակարգն» ուղարկելով ՍԴ: Դուք պիտի այնքան խելք ունենայիք, որ ասեիք՝ «կանոնակարգը» ենթակա չէ Ազգային ժողովի կողմից վավերացման, հետեւաբար՝ չի կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։ Ուշադիր կարդացեք, թե այդ մասին ինչ է ասում Հրայր Թովմասյանը. «Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ եւ այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում։ Սակայն վարույթ ընդունելով եւ քննելով այն՝ անգամ այդ պարագայում ՍԴՈ-1749 որոշման մեջ Սահմանադրական դատարանը թույլ է տվել «կանոնակարգում» ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գնահատման եւ մեթոդաբանության մի շարք էական խախտումներ, որոնք հանգեցրել են թե՛ Սահմանադրության, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտումների, ինչպես նաեւ կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը»: Այսինքն՝ հարգելի մեխի գլուխներ, դուք ոչ միայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն եք խախտել, այլեւ արել եք մի բան, որը հետագայում կարող է սահմանադրական կարգի խաթարման պատճառ դառնալ:

Իսկ հիմա վերադառնանք դատարան, որտեղ քննվում է ՀՀ արդեն նախկին իշխանությունների գործը՝ «Սահմանադրական կարգի տապալման փորձ» հոդվածով: Նիստը դռնբաց է: Այն տեղի է ունենում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: Բերման են ենթարկվել բոլոր կասկածյալները՝ Նիկոլից մինչեւ Սեդա Սաֆարյան, ՔՊ-ից մինչեւ ՍԴ-ի հավաքարար: Գործով դատախազը մահապատիժ է պահանջում քաղաքացի Նիկոլ Փաշինյանի համար: Ոչ ոք, անգամ ՍԴ-ի մեխի գլուխները, ծպտուն չեն հանում: Նիկոլին վերջին խոսքի իրավունք է տրվում: Ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ մեռնելուց առաջ խռխռալն էլ ո՞րս է… Սա Նիկոլի համար չի ասված, սակայն: Մե՛ ճղճղոց, մե՛ վայնասուն, մե՛ թիվ մեկ մեղավոր, մե՛ թիվ երկու պատասխանատու (առաջինը Մհեր Գրիգորյանն է)… Ասենք՝ ես չէի հասկանում, բա ՍԴ-ում մեխի գլուխնե՞ր էին նստած, որ չկանխեցին: Մարզադաշտում հավաքված ժողովուրդը, որ ատենակալների կարգավիճակ ուներ, արձագանքում է՝ ճիշտ է ասում Նիկոլը, խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ ՍԴ չկա, մեխի գլուխների հավաքածու է… Եվ պատկերացրեք՝ Նիկոլին կարող են հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ ՍԴ-ին ողջ կազմով, բացառությամբ Հրայր Թովմասյանի, ուղարկել ոչ այնքան հեռավոր վայրեր՝ հանրօգուտ աշխատանքի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image