Հայտնի է, որ նախարար-փոխնախարարներին բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ հատկացնելը պետական կաշառատվության ձև է: Ընդունենք, թե դրանով «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետը նպատակ ունի բարձրաստիճան այդ պաշտոնյաներին հեռու պահել կաշառք ընդունելուց: Ինչպես նաև պետական բյուջեի միջոցների նկատմամբ ակնկալիքներ ունենալուց: Սակայն, ինչպես ցույց են տվել բազմաթիվ երկրների օրինակները, դա, մեծ հաշվով, այդպես չէ: Որովհետև ոչ մի տեղ փողն ընդհանրապես շատ չի լինում, այն նույնիսկ բավարար չի լինում: Հատկապես այն դեպքում, երբ պաշտոն ստացած երեկվա ցնցոտիավորը զգացել է փողի համը: Բայց դա էլ էական չէ, քանի որ ոչ մի միլիոնատեր միլիարդատեր դառնալուց հետո չի դադարեցրել միլիարդներն ավելացնելու մրցավազքին մասնակցելը:
Դա՝ մեկ: Եվ երկրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ նվիրյալների առումով ինքը սխալվել է՝ իր ողջ թիմը կիլոմետրերով հեռու է այդ երևույթից, ապա ինչպիսի՞ն է անձամբ իր դիրքավորումը: Ի՞նքը ևս նրանցից է, ովքեր պետական ծառայությունն ընկալում են ոչ թե հասարակությանն ու հայրենիքին ծառայելու, մարդկանց օգուտ տալու, այլ հարստություն կուտակելու ու կյանքը վայելելու միջոց: Թե՞ ինքն, այնուամենայնիվ, փորձում է առաջինը հենց իրեն հեռու պահել թե՛ կաշառք վերցնելուց և թե՛ պետբյուջեն որպես սեփական գրպան դիտարկելուց: Չնայած իր առումով այդ երկու երևույթները մեկը մյուսին ավելի շատ լրացնում են, քան թե հակասում:
Ամեն դեպքում, իր ագահությունն այնքան մեծ է, որ բազմամիլիոնանոց պարգևատրումից իրեն հետ չի պահել նույնիսկ նախընտրական ժամանակաշրջանին մոտ լինելը: Կամ էլ անհրաժեշտ է եղել որոշակի գումար, ինչն իր դեպքում կարող էր ստանալ միայն օրինականացնելով բյուջեի թալանն ու դրան խմբակային բնույթ տալով: Թե ո՞րն է եղել նման հսկայական պարգևավճարներ հատկացնելու նպատակով անցյալ տարեվերջին կատարված օրենսդրական նորարարության իրական պատճառը՝ կիմանանք իշխանափոխությունից հետո: Հատկապես որ շուրջ 5 ամիս անց կերևա, թե մեր հասարակությունն ինչպիսի դիրքորոշում ունի նման և բազմաթիվ այլ երևույթների նկատմամբ: Ու ինչն է ինքը գերադասում՝ իրական երկրում և իրական խնդիրներով բարդություններ հաղթահարելով իրեն արժանապատիվ զգալը, թե նիկոլական երկրում թշնամու կրնկի ներքո ծնկած կապիտուլյացիոն խաղաղություն վայելելը:
Հ․Գ. Որքան տեղյակ եմ, նույն վերաբերմունքն առկա է եղել մայրաքաղաքի բյուջեի նկատմամբ, չնայած մեծ կենտրոնի մաս հանդիսացող Կիևյան փողոցի մայթի սառցակալմանը (նկարում պատկերվածը): Իսկ եթե այդպիսի վիճակում է Կիևյանը, ապա կարելի է պատկերացնել քաղաքի ծայրամասային փողոցների վիճակը: Բայց դե «հարգարժան պարոն» Ավինյանը հաստատ ո՛չ Կիևյանի մայթով էր քայլելու և ո՛չ էլ հատկապես ծայրամասային փողոցների, որպեսզի ընկնելու և ոտքը, ձեռքը կամ օրգանիզմի մեկ այլ մասը ջարդելու սպառանալիքի ներքո հայտնվեր: Իսկ եկեղեցի ո՛չ բոլոր տեղերում կա, և ո՛չ բոլոր եկեղեցիներում է «մեծարգոն» ձմեռային օրերին գնում պատարագի, որպեսզի ափալ-թափալ փողոց մաքրեն: Ու այդպես էլ շարքային քաքացիներս ապրում ենք: Իսկ մի խումբ մարդիկ ճիշտ պահին հայտնվել են ճիշտ տեղում և փորձում են առավելագույնը ստանալ կյանքի վայելքներից: