Հասարակություն

«Հայասի գրուպը» անցած տարվանից պարտք է խաղողագործներին 

«Հայասի գրուպը» անցած տարվանից պարտք է խաղողագործներին 

Անցած տարին ծանր էր խաղողագործների համար։ Մթերող ընկերությունները կամ պայմանագիր չէին կնքում, կամ՝ կնքում էին, բայց իրենց հարմար պայմաններով, ինքնարժեքից էլ ցածր գնով։ Ինչը թեև գյուղացու սրտով չէր, բայց ստիպված հանձնում էին, միայն թե խաղողը չփչանա։

Տարին բերքառատ էր, մթերումը՝ սահմանափակ։ Չկարողանալով խաղողը տեղում իրացնել, Արմավիրի մարզի Նոր Արտագերսի գյուղացիներից շատերն այն հանձնեցին Արագածոտնի մարզում գտնվող «Հայասի գրուպ» կոնյակի և գինու գործարանին։

«Հայասի գրուպը», որը կապվում է ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ, անցած տարվանից գյուղացիների փողը չի տվել։ Նոր Արտագերսից Լյովա Վասիլյանը մի կողմից դժգոհում էր, որ մեկ տարի անց գումարը չեն տվել, մյուս կողմից վախենում էր, որ բողոքելուց հետո իր հետ կթարսվեն ու ընդհանրապես կհրաժարվեն վճարելուց։ Համագյուղացիներից մեկն էլ կողքից էր ահ տալիս, թե՝ չես վախենո՞ւմ, որ բարձրաձայնում ես։
Լյովա Վասիլյանը ստիպված է խաղողը Ոսկեվազ՝ «Հայասի գրուպ» տարել։ Առաջին անգամ է գործ ունեցել այս ընկերության հետ։ Չնայած գոհ է, որ ընդառաջել՝ ընդունել են, բայց չի հասկանում՝ ինչու գումարը չեն տալիս։
«Չեն ասում՝ չենք տա, ասում են՝ կլինի, կտանք։ Բայց ես չեմ կարող սպասել։ Վարկիս մարման ժամկետը մոտենում է։ 780 հազար դրամ վարկ պետք է փակեմ, բայց չունեմ։ Բանկին էլ հո չե՞ս կարող բացատրել, կամ, իրեն հետաքրքի՞ր է, որ բացատրես․․․»-ասում է խաղողագործը։ 

Վերջինս «Հայասի գրուպի» հետ պայմանագիր չունի, փոխարենը ստացական ունի այն մասին, որ վաճառած 4 տոննա խաղողի դիմաց ընկերությունն իրեն պարտք է 1,5 մլն դրամ։

Վասիլյանի ասելով՝ «Հայասի գրուպի» հետ գործ բռնած համագյուղացիները ևս դժգոհ են վճարի ուշացումից, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Ի տարբերություն նրանց, որոնց պարտքը 4-5 մլն դրամ է, իրենը քիչ է՝ 1,5 մլն։ «Իմն ամենաքիչն է, բայց միայն ես եմ խոսում»,-ասաց Լյովա Վասիլյանը, ով կողքը կանգնած համագյուղացու «գրաքննող» հայացքի տակ մտքերը մի կերպ էր ձևակերպում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image