Հարցազրույց «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի խորհրդի անդամ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ
- «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցազրույց է տվել իշխանական կայքին եւ ասել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է գրանցի ու թույլ չպետք է տա մասնակցել ընտրություններին` այնպես, ինչպես Մոլդովայում արեցին։ Իբր դրսից ուղղորդվելու ու ֆինանսավորվելու հանգամանքն է։ Նախ՝ որքանո՞վ է այս պնդումն իրականությանը մոտ, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեզ թույլ չտան մասնակցել ընտրություններին։
- Ճիշտն ասած, ասելիք չկա, եթե Արամ Սարգսյանը պետք է որոշի՝ ով պետք է մասնակցի, ով՝ ոչ։ Ինչ վերաբերում է իրավական ընթացակարգերին, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նման բան գոյություն չունի: Եթե այդ ամենը հորինովի ու սարքովի չէ, որեւիցե նախադրյալ, որեւիցե հիմք գոյություն չունի, որով կարելի է արգելել մեր կուսակցության մասնակցությունը։
- Հաշվի առնելով, թե ով է Արամ Զավենիչը, արդյո՞ք նա չի բարձրաձայնում իշխանության ներսի տրամադրությունները, այսպես ասած` թեման դնում է շրջանառության մեջ, որ զոնդաժ անեն... որեւէ բան բացառել պետք չէ։
- Միանշանակ՝ այդպես է, ինքն արտահայտում է իշխանությունների ցանկությունը։ Ինֆորմացիան գցել է դաշտ եւ, հավանաբար, սպասում է արձագանքների: Դա հին, փորձված մեթոդ է, բայց այլեւս՝ չաշխատող։ Կարծում եմ՝ նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք շատ այլ փաստարկներ բերել, որ իրենց ուժը չպետք է մասնակցի, ե՞ւ... որեւէ կուսակցությո՞ւն է որոշում` որ ուժը պետք է մասնակցի, որը՝ ոչ։ Սա իրականում իրենց վախերի դրսեւորումն է։ Որքան մեր ճանաչելիությունը, որպես կուսակցության, մեծանում է, մեր վարկանիշը՝ մեծանում, մեր ղեկավարի ուժը՝ ընդգծվում, շարունակվում, այնքան իրենց վախերը շատանում են։ Ի վերջո, իրենց ամենօրյա ռեժիմով հատուկ ծառայությունները զեկուցում են իրավիճակի մասին, եւ վստահեցնում եմ՝ օր-օրի ավելի է վիճակները սրվելու։ Մենք պատրաստ ենք, չենք վախենում։
- Իշխանությունը թքած ունի օրենքի, օրինականության վրա եւ կարող է ցանկացած քայլի գնալ՝ տեսնելով ձեր վարկանիշը․ ունե՞ք արդյոք հակաքայլեր, այլընտրանք` ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցում։
- Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, թույլ տվեք փակագծեր չբացել, այնպես չէ, որ չենք նախատեսում կամ կանխատեսում նման քայլեր: Պարզապես իմ անձնական կարծիքն է, որ բացառում եմ, քանի որ դա շատ մեծ ռիսկ է․ Մոլդովան այլ խնդիր է, Հայաստանը՝ այլ։ Չեն մարսի, հաստատ, եւ իրենք էլ գիտեն, որ մենք այս պահի դրությամբ առաջին ընդդիմադիր ուժն ենք, ու առաջին ուժին թույլ չտալ մասնակցել՝ մի քիչ ճոխություն կլինի անգամ իրենց համար` այն առումով, որ չենք կարող իրենց թույլ տալ։ Բնականաբար, սահմանադրական ճանապարհով հակազդելու մասին եմ խոսում, ոչ թե սպառնալիքներ եմ հնչեցնում, ու չփորձեն շահարկել։
- Փողոցային պայքարի՞ դուրս կգաք, թե՞ այլ ուժով կառաջադրվեք, ի՞նչ կանեք։
- Որեւիցե բան չբացառելով՝ մենք ունենք մեր սցենարները։ Իրենք ինչ մտածում են՝ ինչ կարելի է անել, մենք դրա հակաքայլն արդեն ունենք։
- Իշխանականները նաեւ համառորեն առաջ են տանում այն թեզը, որ ընդդիմադիրները «Գյումրի 2» են ծրագրել, շեշտում են, որ եթե ձեր ուժն ամենաշատ ձայները հավաքի, վարչապետի թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը, աջակցելու եք նրան։ Քոչարյանով փորձում են վախեցնել ժողովրդին՝ իմանալով, որ հանրության որոշ խմբեր նրան չեն ընդունում։
- Նման հայտարարություններ անողներին խորհուրդ եմ տալիս դիմել համապատասխան մասնագետի՝ բժշկի, ես բացառում եմ դա՝ որպես կուսակցության խորհրդի անդամ։ Մենք հաստատ 50+ ենք հավաքելու, եթե անգամ չհավաքենք էլ, բացառում եմ մեր ձայները Քոչարյանին կամ որեւէ մեկին տալը։