Վերջին շրջանում ավելի ու ավելի տարակուսելի է դառնում քրիստոնեական աշխարհի հոգեւոր մայրաքաղաք Վատիկանի ջերմ վերաբերմունքը քրիստոնյաներին, հատկապես՝ հայ քրիստոնյաներին կեղեքող, նրանց նկատմամբ էթնիկ եւ ցեղասպանական քաղաքականություն վարող, իր երկրի տարածքում, ինչպես նաեւ օկուպացված Արցախում պատմամշակութային հին կոթողները, եկեղեցիները եւ նույնիսկ հայկական գերեզմանները ոչնչացնող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ:
Շաբաթներ առաջ Հռոմի պապը եւ այլ բարձրաստիճան հոգեւորականներ Վատիկանում ընդունել էին Ադրբեջանի փոխնախագահ, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային: Ադրբեջանական ԶԼՄ-ները միաբերան պնդում էին, թե ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել Սուրբ Աթոռի եւ Բաքվի համագործակցությունը, նախանշվել են զարգացման նոր ծրագրեր: Օրեր առաջ էլ ալիեւյան ռեժիմի քարոզչակայքերը, նենգափոխելով իրողությունը, գրել էին, թե իբր Վատիկանում Հռոմի պապն ընդունել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեին եւ իբր նրանից հրավեր ստացել՝ այցելել Ադրբեջան: Մինչդեռ «Հրապարակ»-ի լրագրող Լուսինե Պետրոսյանը լրագրողական հետաքննությամբ պայթեցրել էր նաեւ քարոզչական այդ «փուչիկը». Սուրբ Աթոռի կայքում ոչ մի հաղորդագրություն չկար այդ մասին։ Ավելին, Փաշազադեն, թերեւս, սեփական նախաձեռնությամբ մոտեցել էր Սուրբ քահանայապետին՝ ընդհանուր լսարանի առջեւ հերթական ելույթի ժամանակ: Բայց հարցն այստեղ միայն Բաքվի տեղեկատվական նենգափոխությունը չէ:
Եվ ահա, պարզվում է՝ Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել Ադրբեջանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակի էջում։ Ըստ այդմ, կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Վատիկանի միջեւ զարգացող հարաբերությունները՝ բարձր գնահատելով կառուցողական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը եւ միջկրոնական փոխըմբռնման եւ համաշխարհային խաղաղության համար նախաձեռնությունների խթանման գործում ակտիվ համագործակցությունը։ Նաեւ ընդգծել են բարձր մակարդակի շփումների շարունակականության կարեւորությունը՝ քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման, մշակութային եւ մարդասիրական կապերի ընդլայնման, ինչպես նաեւ՝ համատեղ միջազգային նախագծերի առաջխաղացման համար։
«Կողմերը քննարկել են Վատիկանի տարածքում կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հաջողված նախագծերը, որոնք իրականացվել են Հեյդար Ալիեւի հիմնադրամի աջակցությամբ՝ նշելով դրանց նշանակալի ներդրումը համաշխարհային կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանի վաղեմի հանձնառությունը կրոնական հուշարձանների պաշտպանությանը եւ բազմամշակութայնության խթանմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որն ապացուցում է վերեւում վկայակոչվող տարակուսելի օրինաչափությունը: Նշվում է նաեւ, որ «հանդիպմանը անդրադարձ է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին, Վաշինգտոնի գագաթնաժողովում ստորագրված պատմական համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաեւ՝ «օկուպացիայից» ազատագրված տարածքներում վերականգնողական եւ շինարարական աշխատանքներին»:
Իրականում, այս պատմության ակունքները հեռվից են գալիս. 2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանն օգնեց՝ օրինականացնել Ալիեւի միապետությունն Ադրբեջանում» վերնագրով, Սիմոնե Զոպելարոն բացահայտել էր Վատիկանի ադրբեջանամետ կողմնակալությունը ֆինանսական նվիրատվությունների պատճառով, չնայած Հայաստանը քրիստոնյա պետություն է, իսկ Ադրբեջանը՝ իսլամական: 2020 թ․ փետրվարի 22-ին Ադրբեջանի բռնակալ ղեկավար Իլհամ Ալիեւը եւ նրա կինը՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, պետական այցով ժամանել էին Վատիկան։ Նրանց պաշտոնապես ընդունել էին այն ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը (այժմ՝ լուսահոգի), պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը եւ միջպետական հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Ալիեւան Վատիկան էր եկել, որպեսզի ստանար Սուրբ Աթոռի կողմից աշխարհականներին շնորհվող բարձրագույն պարգեւը՝ «Մեծ խաչը»։ Այդ պարգեւն առաջարկում են թեմական եպիսկոպոսները՝ որպես գնահատանքի եւ երախտագիտության նշան Եկեղեցուն կամ հասարակությանը մատուցած ծառայությունների համար, եւ այն վերապահված է պետությունների ղեկավարներին, նախարարներին, դեսպաններին եւ թագավորական ընտանիքի անդամներին:
Սակայն հայտնի է, որ Ադրբեջանի նկատմամբ Վատիկանի նման «հետաքրքրության» շարժիչ ուժը Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունն է։ Այն ժամանակ փորձագիտական հանրությունը փաստեց. վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը դժկամությամբ է թույլ տվել Բաքվի հասցեին որեւէ քննադատություն, հատկապես՝ սեփական հոգեւորականների կողմից: Օրինակ, «Հայր Ժորժ-Անրի Ռույսենը հեռացվել է Հայրապետական արեւելյան ինստիտուտից, քանի որ նա քննադատում էր նրանց, ովքեր չէին ցանկանում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» ձեւակերպումը»: Նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ «եկեղեցին դուրս չեկավ «բոլոր ներգրավված կողմերին եւ միջազգային հանրությանն» ուղղված «զենքերը վայր դնելու» չափավորության ընդհանուր կոչերից այն կողմ»:
Իսկ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաքելական նվիրակ Խոսե Ավելինո Բեթենկուրտից ստացավ նույն պարգեւը, որը երեք տարի առաջ տրվել էր Ադրբեջանի փոխնախագահ Ալիեւային: Այնուամենայնիվ, կար մի էական տարբերություն․ մինչ Ալիեւան իր մրցանակը ստացավ անմիջապես Հռոմի պապից, Փաշինյանին այն հանձնեց առաքելական նվիրակը: Կային նաեւ այլ տարբերություններ, որոնք «օգնեցին ամրապնդել Ալիեւների ընտանիքի իշխանությունը, չնայած Արցախում մարդու իրավունքների խախտումներին»: Ընդհանուր առմամբ, Վատիկան-Բաքու խայտառակ եւ ամոթալի «սիրախաղը» շարունակվում է՝ վիրավորելով ոչ միայն հայության, այլեւ քրիստոնեական արժեքներ դավանող աշխարհի կրոնական եւ հումանիստական զգացմունքներն ու արժանապատվությունը: