Թերթերը գրել էին, որ Փարաքարի եւ Գյումրիի դեպքերից հետո ՔՊ-շնիկները շոկի մեջ են, որովհետեւ զգում են, որ շուտով նոր գլուխներ են թռչելու: Այս մասին, բնականաբար, ՔՊ-շնիկներին տեղեկացրել են ՔՊ-ի վերնախավից, եւ ինֆորմացիան, որ կատաղած Նիկոլը «արյուն է տենչում», որեւէ տարակուսանք չի առաջացրել նրանց շարքերում: Մյուս կողմից էլ՝ ո՞վ չգիտի, որ ՔՊ-շնիկների գլուխները թռչելու համար են: Դրանք հերթի են դրված եւ հերթով, կարգով թռչելու են: Մինչեւ հիմա քի՞չ գլուխներ են թռել: Ով հասցրեց մինչեւ 44-օրյա պատերազմը տարանջատվել Նիկոլից, տարանջատվեց, ով էլ չկարողացավ պոկ գալ լափամանից, հապաղեց, ահավասիկ, կա՛մ Հովիկ Աղազարյան դարձավ, կա՛մ Հակոբ Ասլանյան, կա՛մ էլ դառնալու ճանապարհին է:
Երեկ արդեն տեսանք նավակ թափահարող Վիլեն Գաբրիելյանին «գլխատված», հաջորդը, ասում են` Գյումրու «պատվավոր քաղաքացի» Անդրանիկ Քոչարյանի գլուխն է լինելու: Ընդամե՞նը… Իսկ Գյումրու ընտրությունների կուրատոր ՔՊ-շնիկ Վահագն Ալեքսանյանի գլուխը դեռ շա՞տ հեռու է հերթում, եւ կամ Արսեն Թորոսյանի ու Արայիկ Հարությունյանի գլուխները, որոնք ոչինչ չկարողացան անել Գյումրիում ընդդիմությանը սեւացնելու համար: Իսկ Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք, գլուխներ թռցնելիս առաջնորդվում է հերթի մեջ դրանց զբաղեցրած տեղով: «Տերն ու ծառան» մի հատ հիշեք: Ծառան հարցնում ա՝ աղա ջան, ո՞ր ոչխարը մորթեմ: Աղան, թե՝ որը պատահի… Վահե Ղազարյանի, Արգիշտի Քյարամյանի եւ Կարեն Անդրեասյանի գլուխները հերթի մեջ հաստատ առաջինը չէին, բայց տեսա՞ք ոնց թռան, քանզի Նիկոլը շատ կատաղած էր, ու պատահած ամեն գլուխ պետք է թռչեր:
Փողն էլ քիչ դեր չի կատարում թռչող գլուխների հաջորդականության հարցում: Մի գործի մեջ որ Նիկոլը փող դրեց, այդ գործը պետք է մինչեւ վերջ գլուխ բերվի: Կլափե՞ն փողերը, կյուրացնե՞ն՝ չեն մարսի: Գլխով են պատասխանատու բոլորը: Գյումրիում ու Փարաքարում ընտրությունները կրելու համար Նիկոլը քի՞չ փող էր դրել: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ փողեր էին դրանք՝ դրամահավաք, Աննայի ֆոնդ… Եթե այդ փողով պետք է ընտրություններ կրեին, ուրեմն պետք է կրեին, ոչ թե լափեին՝ շտաբներ բացեին, սնունդ ու սուրճ առնեին, ավտոները բենզին լցնեին… Այդքան փող եթե ընտրողի վրա ծախսեին, Ալիեւի ռեկորդն էլ կգերազանցեին ու չէին մնա իրենց թեկնածուի համեստ ձայների հույսին: Եվ ահա, եկել է ծախսված փողի համար հաշվետվություն ներկայացնելու ժամանակը: Գյումրու հաշվետվությունը, օրինակ, ո՞վ է ներկայացնելու՝ Վահագն Ալեքսանյա՞նը… Նիկոլը նրանից ավելի շուտ խորոված կպատրաստի, քան թե կհավատա ծախսված փողի եւ ստացված ձայների համամասնությանը:
Դեռ պետք է նաեւ պարզել, թե Գյումրիում ով էր ֆինանսավորել «Եվրատաշիկին»: Ինչքան գիտեմ՝ Թրամփը սրանց կերակրատաշտը դեմներից տարել էր, ու փողի աղբյուր չունեին: Այնպես որ, բոլոր հիմքերը կան մտածելու, որ դա Նիկոլն է արել, քանզի «Եվրատաշիկը» Գյումրիում այլ գործառույթ չուներ, քան Նիկոլից փախած տատանվող ձայներն իր զամբյուղում հավաքելը: Արամ Զավենիչն է այդ գործի մեծ վարպետը, եւ չի բացառվում, որ Նիկոլը հենց նրան էր վստահել ՔՊ-ի «օբշչագից» հանված փողի մի մասը: Իսկ ի՞նչ արեց Արամ Զավենիչը: Նա Գյումրիում պոչը խուզել ու խառնվել էր կասկածելի գրանտակերների ոհմակին՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Լեւոն Բարսեղյան… Եվ, ինչ է, այս թայֆայից ոչ մեկի գլուխը չի՞ թռչելու, Արամ Զավենիչի գլուխը, օրինակ, որպես անտաշ ու անհասկացող «հորթապահի» գլուխ:
Կարող եք, իհարկե, մտածել, որ ես շատ մեծ կարծիքի եմ Նիկոլ Փաշինյանի մասին՝ որպես կազմակերպչի եւ խիստ ղեկավարի: Պետք է ասեմ, որ դա այդպես չէ, եւ ես ամենավերջին մարդն եմ, որին հետաքրքրում է, թե իրենից ինչ է ներկայացնում Նիկոլը որպես ղեկավար, որպես մարդ կամ մի ուրիշ բան: Ես ընդամենը ուզեցա այս հոդվածով ասել, որ այն, ինչ կատարվում է ՔՊ-ում, հատուկ է աշխարհի բոլոր խունտաներին, որոնք ձեւավորվել են իշխանության զավթման արդյունքում, անկախ այն բանից՝ իշխանությունը զավթել է ապագա խունտան, թե այդ բոլուկին իշխանության է բերել որեւէ աներեւույթ ձեռք: Ցանկացած խունտա, որն էլ վերցնեք, ունի մեկ մարմին, որի վրա կա մեկ հատ մեծ գլուխ եւ պզուկների նմանվող բազմաթիվ փոքր գլուխներ, որոնք մեծ գլխի հետ կապի մեջ են խունտայի «կանոնակարգ օրենքով»: Եվ, Աստված մի արասցե, որ մեծ գլուխը խունտայի փլատակների տակ հայտնվելու վտանգի առաջ կանգնի: Նա անմիջապես գործի է անցնում՝ ամպուտացնում է մի քանի պզուկ, կապ չունի՝ մարմնի որ մասից, եւ դա անում է ցուցադրաբար՝ իր ուժն ու դիրքը ընդգծելու մարմաջով: Իսկ ամպուտացված գլուխներն ուղղակի նետվում են հանրությանն ի կեր՝ կերեք սրանց, որ իմ մարմինն են ու խանգարում են ինձ՝ ձեր ապագան կառուցել: