Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե 2021-ին Նիկոլին ընտրած լինեի, ապա 2023 թվականից այս կողմ բարոյական իրավունք կունենայի նրան, որպես վարչապետի, դատի տալ ՔՊ-ի նախընտրական ծրագիրը տապալելու մեղադրանքով: Հատկապես որ կորցնելու բան չունեմ՝ 2020-ից 2-3 տարի գործազուրկ եմ եղել, իսկ հետո տարիքի բերումով անցել թոշակի: Ու կփորձեի այդ գաղափարի շուրջ միավորել բոլոր թոշակառուներին, ովքեր 2021-ին ընտրել են երբեմնի «դուխով» Նիկոլին, որ հետո դարձել էր «խեղճ ու հարիֆ»: Իսկ միավորման հիմք էլ կլիներ թոշակի բարձրացումն ընդամենը 3 հազար դրամով՝ բարձրաստիճան չինովնիկներին հատկացվող մի քանի հարյուր հազարների հասնող պարգևատրումների պարագայում: Թեմայից թեթևակի շեղվելով՝ ասեմ, որ տեղյակ չէի, որ 2018-ի համեմատ 2024-ին 50 տոկոսով ավելի լավ եմ ապրել: Կարծում եմ, որ, որպես կրթված անձնավորություն, ինձ լուսավորելու համար շնորհակալություն պետք է հայտնեմ «մեծարգո վարչապետ», պարոն Փաշինյանին: Եվ երջանիկ զգամ ինձ, որ ապրում եմ Նիկոլ Փաշինյանի նման «հզոր վարչապետի» կառավարման օրերում:
Ինչևէ, վերադառնալով 2021-ին Նիկոլին ընտրելու հարցին, պետք է ասեմ, որ որքան էլ այսօր ափսոսամ, միևնույն է, խայտառակ պարտության խորհրդանիշ անձին՝ ով, ասեմ ավելին, հպարտ էր պարտությամբ, ընտրել ես չէի կարող: Ինչպե՞ս կարող էի ընտրել նրան, ով 2019-ին խոստացավ պահպանել Արցախը՝ հայտարարելով, թե Արցախը Հայաստան է: Իսկ այնուհետև Արցախը թշնամուն հանձնելով՝ խոստացավ պահպանել Հայաստանը: Ու կրկին թշնամուն հանձելով մեր երկրի այս կամ այն տարածքը՝ գեներացրեց անվտանգության սպառնալիքներ, որ առկա չէին նույնիսկ մերժված նախկինների օրոք: Բայց քանի որ բազմաթիվ մարդիկ կան, որ հրապարակավ հայտարարում են, որ ձեռքը կոտրվեր՝ 2021-ին նրան չընտրեր, կարծում եմ, որ այդ հարցով կարող է զբաղվել խորհրդարանական ընդդիմությունը: Կարող է հավաքագրել այդ մարդկանց, նրանց միջից ընտրել մի քանի առավել գրագետ անձանց, ու նրանց անունից կազմակերպել ՔՊԿ-ի դեմ դատական հայցի ներկայացումը: Ինչ իմանաս, որ կաթողիկոսի և ընդհանրապես եկեղեցու դեմ նիկոլական արշավանքի այս օրերին այդ երկու գործընթացները միավորվելով՝ սիներգիայի (երևույթ՝ երբ երկու անձանց ջանքերը ոչ թե սոսկ միավորվում են, այլ ստանում են այնպիսի որակ՝ կարծես թե առկա է նաև երրորդ անձի ուժը) կանոնով իրար փոխլրացնելով՝ չեն հասնի նպատակին:
Ասվածը կարող է դուր չգալ ոմանց, բայց այդ դեպքում պետք է առաջարկել նոր գաղափար, կյանքի կոչել այն: Անհրաժեշտ է ինչ-որ բան նախաձեռնել, այլապես ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ջանքերով և հասարակության պասիվ հայացքի ներքո մենք կարող ենք կորցնել ոչ միայն այն, ինչ արդեն կորցրել ենք, այլև տասնապատիկ ավելին: Իսկ տասնապատիկ ավելին մեր հայրենիքն է, անկախ մեր պետականությունը և ընդհանրապես մեր մեծ հայրենիքի այս փոքր անկյունում ապրելու մեր իրավունքը: Ու որպեսզի չարժանանանք մեր հետնորդների արժանի անեծքին՝ պետք է ինչ-որ բան անել: Իսկ դրա գործընթացը մեզ արդյունքներ կմատուցի սիներգիայի կանոնով: