Քաղաքականություն

Խորհրդարանական համակարգը լավագույն մոդելը չէ մեր երկրի համար

Խորհրդարանական համակարգը լավագույն մոդելը չէ մեր երկրի համար

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը վերջերս հայտարարել էր երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ հընթացս առաջարկելով վերադառնալ նախկին՝ կիսանախագահական համակարգին։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք՝ պե՞տք է, արդյոք, վերադառնալ կիսանախագահական համակարգին, թե՞ ոչ։

«Մեր դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք, երբ 2015թ․ Սերժ Սարգսյանը փորձեց իր անձնական, խմբակային շահերից ելնելով՝ անցկացնել այդ սահմանադրական «բարեփոխումները»։ Մենք այն ժամանակ ակտիվ պայքարողներից էինք, քանի որ համոզված էինք, որ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում պետք է գործի կիսանախագահական համակարգը։ Եթե հիշում եք, 1995թ․ Էդուարդ Եգորյանը կիսանախագահական համակարգ ունեցող Սահմանադրության կնքահայրն էր, համահեղինակներից։ Իսկ 2015թ․ ընդունված Սահմանադրությունը կապ չունի ժողովրդի ընտրության հետ, նույնիսկ այն դեպքում, երբ 5000 դրամ ընտրակաշառք բաժանեցին։ Բնականաբար, նոր իշխանությունները պետք է վերանայեն այդ Սահմանադրությունը, որը չի ընտրել ժողովուրդը։ Մյուս փաստարկն այն է, որ Հայաստանում ձեւավորված չէ քաղաքական համակարգը, կուսակցությունների գործունեությունը կրում է իմիտացիոն բնույթ։

Դրա վառ ապացույցն այն էր, որ 2017թ․ իշխող ՀՀԿ-ն ստացել էր 50 տոկոսից ավելի քվե, «Ելքը» 7 տոկոս քվե էր ստացել, իսկ մեկ տարի անց նրան մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 70 տոկոս քվե։ Իսկ ԱԺ վերջին ընտրությունները ոչ թե ընտրություն էին, այլ հանրաքվե Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, հեղափոխական հաղթանակն արձանագրելու համար։ Եվ այս պարագայում Սահմանադրությունը պետք է փոխվի կիսանախագահական համակարգի, որն, իհարկե, ավելի պակաս ժողովրդավարական է, բայց այս պահին ցանկալի տարբերակն է։ Քանի դեռ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, չենք կնքել խաղաղության պայմանագիր, ապա պետք է ապրենք պատերազմական երկրի օրենքներով, ինչի համար խորհրդարանական համակարգը լավագույն մոդելը չէ»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image