Հայաստանյան կենսաթոշակառուներին «hraparak.am»-ը հիշեցնում է, որ կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկում է յուրաքանչյուր ամսվա 3-ից, այս տարի այն ոչ աշխատանքային է։ Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 5-ից։ Ասեմ, որ այն վատ լուր է, չնայած վատ լուրին տեղյակ լինելն ավելի գերադասելի է երջանիկ անտեղյակությունից: Իսկ լուրի լավ ու վատ լինելը չեն գիտակցի նրանք, ովքեր, չգիտես ինչու, որոշել են յուրաքանչյուր ամսվա 3-ից միայն սկսել կենսաթոշակների վճարումը: Հենց չգիտես ինչու, քանի որ թվայնացման մեր դարում տարեկան կտրվածքով ամենամսյա թոշակ վճարելը խնդիր չպետք է լիներ: Պետբյուջեն հաստատվում է տարեկան կտրվածքով, ուրեմն ամսական վճարումներն էլ պետք է կատարվեն ավտոմատ կերպով: Այսինքն՝ յուրաքանչյուը ամսվա 1-ին, որովհետև այլ եկամուտ չունեցող թոշակառուն պետք է սնունդ ընդունի նաև 1-ին ու 2-ին:
Իհարկե, ընդհանուր կանոնի մեջ կարող են լինել ծրագրային «խախտումներ» աշխատող թոշակառուի գումարի ավելացման և կամ վերջինիս մահվան առումով: Բայց այդ երկուսից առաջինը ևս հնարավոր է ավտոմատացնել, կմնա զուտ երկրորդը: Իսկ մեր երկրի թոշակառուները, որքան էլ դրանք վատ ապրեն, այնուամենայնիվ, զանգվածայնորեն չեն մահանում: Իսկ թե որ դեբիլի մտքով է անցել այդ «հանճարեղ» գաղափարը՝ էական չէ, որովհետև այն հավանության է արժանացել բազմաթիվ պետական գերատեսչություններում, ինչպես նաև այն անձանց կողմից, ովքեր համարվում են կառավարության անդամներ: Եթե ասվածին ավելացնենք նաև թոշակների չափը՝ 40 հազար (±), ապա, որպես թոշակառու, դրանց բոլորին մաղթում եմ ոչ հեռու ապագայում ընկնել նույն վիճակի մեջ՝ ինչ այսօր կենսաթոշակ կամ նպաստ (չեմ կարծում, թե դրանց առումով վիճակն ավելի բարվոք է) ստացողները: Չնայած հասկանում եմ, որ վերջին յոթուկես-ութ տարում այնքան հարստություն են կուտակել, որ թոշակների հույսին չեն մնալու:
Ինչ մնում է կոնկրետ հունվարյան թոշակին, ապա բացի նրանցից, ովքեր չունեն այլ եկամուտներ կամ չեն ապրում հարազատների հետ, մնացածներն ինչ-որ ձևով կարող էին վերապրել առաջին 5 օրը: Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին այնքան սնունդ են գնել, որ 5 օրում հաստատ չէր վերջանա՝ եթե, իհարկե, ունեցել են այդ հնարավորությունը: Ճիշտ է, դա վնաս է օրգանիզմին, բայց երբ ստամոքսը դատարկ է լինում, այն սնունդ է պահանջում՝ առանց նայելու դրա օգտակար կամ վնասարար լինելուն: Ուրիշ հարց, որ անմիջապես կամ ինչ-որ ժամանակ անց այն հիշեցնում է իր մասին: Բայց սոված մարդը նման բաների մասին չի մտածում՝ այդպիսին է մարդկային բնույթը: Նույնիսկ նորագույն ժամանակաշրջանում սոված մարդիկ զբաղվել են մարդակերությամբ՝ մարդկային հում միս ուտելով, ուր մնաց թե հինգ-վեց օրյա հնության տոլման կամ մնացած բաները չուտեն:
Շատ ավելի բարդ է իրավիճակը տարվա մնացած ամիսներին, երբ թոշակառուն կամ թոշակառու զույգը փորձում է ձգել մինչև ամսվա վերջը: Ու հատկապես երբ նաև կախված է դեղերից, որ պետք է ընդունի մշտապես՝ ամենօրյա կտրվածքով: Հատկապես որ, որոշ դեղեր էլ, չգիտես ինչ տրամաբանությամբ, տուփի մեջ ոչ թե 30 հատ են՝ գոնե, այլ 28: Չնայած հանգիստ կարող էին նույն տուփում տեղավորվել 30-ական քանակով: Մի խոսքով, քաղաքակիրթ մեր դարում, չգիտես ինչու, թոշակառուների մասին մտածելու պարտավորություն ունեցողներն աչքաթող են անում հասարակ բաներ: Ինչը գիտակցելը, կարծես թե, մեծ խելք չէր պահանջում:
Որպեսզի ակնհայտ լինի, թե որքան անարդարացի է ամեն ամսվա 3-ին թոշակ բաժանելու պրակտիկան՝ ներկայացնեմ 2026 թվականի այն ամիսները, որոնց դեպքում խնդիրներ են առաջանալու թոշակների հատկացման առումով: Եվ այսպես, 2026-ի փետրվարին և մարտին ամսի 1-ը կիրակի է, այսինքն դժվար թե հասցնեն 3-ին՝ եթե դրա համար իրենց անհրաժեշտ է երկու աշխատանքային օր: Մայիսին՝ 2-3-ը շաբաթ և կիրակի են, նույնը՝ օգոստոսին. Այսինքն վիճակն ավելի վատ է լինելու՝ եթե շարժվեն նույն ոճով: Հոկտեմբերին 3-ը շաբաթ է, 4-ը՝ կիրակի՝ ճիշտ հունվարի նման, իսկ նոյեմբերին 1-ն է կիրակի: Ի դեպ, ավելի լավ չի լինի իրավիճակը 2027-ի հունվարին. 1-ն ուրբաթ է, 2-ն ու 3-ը՝ շաբաթ և կիրակի՝ գումարած 1-ի և 2-ի ոչ աշխատանքային օր լինելը:
Հասարակություն
Ամանորյա «մաղթանք»
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյան
Երգչուհի Ռուզան Ավետիքյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է մանկահասակ երեխայի լուսանկ...
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հ...
Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացն...
Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վի...
×
❮
❯