2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես հետո փակված՝ ռուսական ամենամեծ լսարանն ունեցող «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն ասում է․ սպասեք մեկ տարի եւ կտեսնեք, թե ՌԴ նախագահ Պուտինն ինչքան «կոկիկ» կլինի Փաշինյանի նկատմամբ: Իսկ ի՞նչ է փոխվելու այդ մեկ տարվա ընթացքում, ի՞նչն է խանգարում Պուտինին՝ հիմա «կոկիկ» լինել Փաշինյանի նկատմամբ, «կոկիկ»-ն այս դեպքում փոխաբերական, այսինքն, ճիշտ հակառակ՝ սարկազմի իմաստով է ասված: Բոլորը սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, որն արդեն տեսանելի է:
Երեկ հրապարակվեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատրաստած 28 կետանոց խաղաղության նախագիծը, որը գրվել է առանց Ուկրաինայի մասնակցության, բայց պարտադրելու են, որ Ուկրաինան ստորագրի: Ահա թե ինչպես են աշխարհի մեծ տերություններն իրականում վերաբերվում երկրների ինքնիշխանությանը։ Ի՞նչ իմաստ ունի հարցնել Ուկրաինայի կարծիքը, երբ երկիրը բաժանում են երկու մասի` 75 տոկոսը՝ ԱՄՆ-ին, մնացած 25-ը՝ Ռուսաստանին: Մի՞թե մորթողները մորթվողի կարծիքը երբեւէ հարցրել են, մի՞թե Ուկրաինան առաջին երկիրն է, որ այդպես սառնասրտորեն իրար մեջ կիսում են աշխարհի մեծերը: Քանի՞ անգամ են Հայաստանն այդպես կիսել Պարսկաստանն ու Հռոմը, Բյուզանդիան եւ Արաբական խալիֆը, Օսմանյան կայսրությունը, Խորհրդային Ռուսաստանն ու Թուրքիան։ Քանի՞ անգամ են իրար մեջ կիսել Լեհաստանը։ Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ն իրար միջեւ կիսեցին Գերմանիան, Վիետնամը, Կորեան․․․ ցանկը չափազանց մեծ է:
Ուկրաինան, ավելի ճիշտ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հետ առաջին հանդիպումից հետո դիմադրում էր, դեմ էր նման պայմաններով խաղաղությանը՝ դա համարելով խայտառակություն անձամբ իր եւ Ուկրաինայի համար, բայց հիմա ստիպված կլինի համաձայնել, քանի որ ամերիկացիները նրան ուղղակի պատին են դեմ տվել` ապացուցում են, որ պատերազմը նրա ու նրա մերձավոր շրջապատի համար պայքար է ոչ թե հանուն հայրենիքի, այլ հանուն հարյուր միլիոնավոր դոլարներ յուրացնելու: Ուկրաինայում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործությունների բազմամիլիոնանոց շղթա, որին զոհ են գնացել Զելենսկու կառավարության մի քանի անդամ, բազմաթիվ այլ պաշտոնյաներ, հիմա հերթը հասել է նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, հաջորդը կարող է լինել հենց նախագահը: Ամերիկացիները հասկացնում են, որ միայն իրենց միջնորդությամբ ստորագրվելիք պայմանագիրը կարող է Զելենսկուն ազատել քրեական հետապնդումից եւ կալանքից․ պայմանագիրը համաներում է խոստանում պատերազմի բոլոր մասնակիցների համար, իսկ Զելենսկին եւ նրա մերձավոր շրջապատը պատերազմի ամենակարեւոր մասնակիցներն են:
Զելենսկու ճակատագիրը հուզում է թերեւս միայն նրան ու մերձավորներին, մեզ համար ավելի կարեւոր է տեսնել, թե պարտվող կողմի համար ինչպիսին է լինում իրական կապիտուլյացիան: ԱՄՆ-ն խոստանում է Ղրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը ճանաչել դե ֆակտո ռուսական, ինչը նշանակում է, որ Ուկրաինան պարտավոր կլինի հանձնել այդ մարզերի՝ ուկրաինական հսկողության տակ մնացած մասերը, երեւի դրանք կփոխանակվեն Խարկովի եւ Դնեպրի մարզերում ռուսների հսկողության տակ գտնվող տարածքների հետ, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում ռուսների հսկողության տակ անցած տարածքները եւս կմնան նրանց հսկողության տակ, բայց առանց միջազգային ճանաչման: Ուկրաինայի Սահմանադրությունը կփոխվի, եւ այնտեղից կհանվի ՆԱՏՕ-ին միանալու դրույթը, ուկրաինական բանակի թիվը կսահմանափակվի գրեթե երկուսուկես անգամ, Ուկրաինան կզրկվի հեռահար հրթիռներ ունենալու հնարավորությունից, որոնք հասանելիություն կունենան Մոսկվային եւ Սանկտ Պետերբուրգին:
Ուկրաինայի վերականգնման համար Ռուսաստանը կվճարի 100 միլիարդ դոլար` իր սառեցված արտասահմանյան հաշիվներից, այդ հաշիվներում մնացած 200 միլիարդը կօգտագործվի ռուս-ամերիկյան համատեղ նախագծերի իրականացման վրա` շահողը դարձյալ Միացյալ Նահանգներն է: ԱՄՆ-ն խոստանում է վերացնել Ռուսաստանի նկատմամբ եղած պատժամիջոցները եւ Ռուսաստանին վերադարձնել Մեծ ութնյակ․ սա արեւմտյան երկրների դաշինքն է՝ ուղղված Չինաստանի դեմ: Փաստացի, Միացյալ Նահանգները փորձում է Ռուսաստանին դարձնել Չինաստանի դեմ պայքարում իր դաշնակիցը եւ ոչ թե հակառակը:
Կարո՞ղ է Ուկրաինան, ԵՄ երկրների հետ համատեղ, դիմադրել ԱՄՆ-ի կողմից ներկայացված այս նախագծին, կփորձեն, բայց դժվար թե հաջողեն: Նախ՝ որ նրանք, մեծ հաշվով, ամերիկյան վասալներ են, որոնք փորձում են ինչ-որ ինքնուրույնություն խաղալ, բնավորություն ցույց տալ, եւ եթե Զելենսկին փորձի դիմադրել, ապա խաղաղության հաջորդ պլանը ամերիկացիները կառաջարկեն արդեն Ուկրաինայի նոր իշխանության ղեկավարին, իսկ Զելենսկին կզրկվի համաներման խոստումից:
Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսին է իրական կապիտուլյացիան, ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության, որտեղ որեւէ խոսք չկար Հայաստանի Սահմանադրության փոփոխության, Հայաստանի զինված ուժերի թվի կրճատման, երկրի որեւէ ռազմական դաշինքի մասնակցության անթույլատրելիության մասին, ոչ մի տարածքային զիջում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ են ուզում Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանից` նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերախմբագրում, կատարյալ եւ անվերապահ կապիտուլյացիա. Սահմանադրության փոփոխություն, զինված ուժերի եւ դրանց սպառազինության սահմանափակում, ՀԱՊԿ-ին մասնակցության արգելք, տարածքային զիջումներ Ադրբեջանին:
Հայաստանի իշխանությունը` Փաշինյանը, համաձայնել է այդ պահանջների հետ, դրանց մի մասը, ըստ էության, արել է, մյուսներն անելու համար ժամանակ է ուզել` խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր իշխանությանը ոչինչ չի սպառնա: Բայց ժամանակը եւ իրադարձություններն աշխատում են ընդդեմ Փաշինյանի, եւ նա չի հասցնի կատարել իր խոստումները: Զելենսկին էլ էր ժամանակ ձգում եւ գրեթե մեկուկես տարի երկարաձգեց իր ողորմելի իշխանությունը` ի հաշիվ Ուկրաինայի եւ տասնյակ հազարավոր մարդկային կյանքերի: