ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը քննադատել է ԿԸՀ-ի արտահերթ նիստում ընդունված որոշումը, որով անվավեր են ճանաչվել թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։
Վարդանյանի խոսքով՝ որոշումը կազմված է այնպիսի ձևակերպումներով, որ դժվար է հստակ հասկանալ՝ խոսքը վերաբերում է արձանագրությունների՞ն, թե՞ հենց քվեարկության արդյունքներին։ Նա նաև նշել է, որ ԿԸՀ-ն չի անդրադարձել այն հարցին, թե տվյալ խախտումները որքանով են ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա։
Նրա գնահատմամբ՝ Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն, եթե քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր և առկա են արդյունքների վրա ազդեցություն ունեցած հանգամանքներ, ապա պետք է նշանակվի վերաքվեարկություն։
Էլինար Վարդանյանը շեշտել է, որ հարցը միայն իրավական հարթությունում չէ դիտարկվում։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական որոշում է, որի նպատակը ԲՀԿ-ի խորհրդարան անցնելը կանխելն է։ Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունները փորձում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ ԲՀԿ-ականների մանդատ ստանալը բացառելու համար։
«ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք, թե որքան հեռու տանող նպատակներ ունեն»,- ասել է նա: