Վերլուծություն

Բարդույթավորված մեկը

Բարդույթավորված մեկը

Նիկոլական հերթական սուտը՝ «Հայաստանը պատրաստ է բոլոր սցենարներին»: Ոչ, կյանքն անընդհատ ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ մի բանի էլ պատրաստ չէ: Ո՛չ արտաքին թշնամու հետ փոխհարաբերությունում եւ ո՛չ էլ տնտեսական միության շրջանակում, որի անդամ է Հայաստանը, ու ինքն էլ, որպես պետության ղեկավար ու վարչապետ, ներկա է միության կառավարչական երկու խորհուրդներում: Եթե պետության ղեկավար ու վարչապետ լիներ ադեկվատ մեկը, ապա սեղանին կունենար հարցերի իրական լուծումներ: Եվ ոչ թե իր նման՝ «լուծումներ» զուտ խոսքի մակարդակում: Հենց միայն Լարսի անցակետում ռուս մաքսավորների վերաբերմունքը հայկական բեռնատարների նկատմամբ վկայում է իրական համակարգային լուծումների բացակայության մասին:

Իսկ իրական լուծումներն էլ կապահովեին առնվազն պետական վերլուծական կենտրոնները: Եվ դրանք էլ կլինեին ոչ թե փաստացի հանգամանքներով պայմանավորված, այլ՝ իրադարձությունների այս կամ այն խմբաքանակի համար նախատեսված, ինչի համար էլ գործում են դրանք՝ ստանալով բյուջետային ֆինանսավորում: Օրինակ, «Օրբելի» վերլուծական կենտրոնը, որը գործում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, կամ էլ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, որը գործում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմում: Զբաղվում է տնտեսական ու անվտանգային հետազոտություններով: Էլ չասած՝ բազմաթիվ մասնավոր կազմակերպությունների մասին:

Բայց դիտարկելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անկապ որոշումները՝ տեսնում ենք, որ վերոնշյալ կենտրոնները գործում են իրենց համար, իսկ պետության ղեկավարը՝ իր համար: Այսինքն, ինքնուրույն կամ իր մակարդակից ցածր մտավոր մակարդակ ունեցողների հետ հարցեր է քննարկում եւ «լուծումներ գտնում»: Ավելի ցածր մտավոր մակարդակի առումով կասկած չկա, քանի որ անհեթեթ մտքերի ու գործողությունների շարանը վկայում է, որ դիմացինները բացարձակ մակարդակ չունեն կամ էլ եթե նույնիսկ ունեն, ապա դա այնպես են պահում, որ վերջինս չզգա դրա առկայությունը:

Դա՝ մեկ, եւ երկրորդ. եթե ՀՀ իշխանությունը խնդիրներ է ստեղծում ռուսական հովանավորությամբ ստեղծված միջպետական կառույցների համար, ապա չի կարող չհետեւել արձագանքը՝ անկախ այն բանից, թե ինչ է գրված ԵԱՏՄ կանոնադրության մեջ կամ, ավելի ճիշտ՝ միության կանոնադրությանը համապատասխան: Հատկապես որ ՌԴ նախագահը նման չէ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին, որը գործում է գեղցիական մեթոդներով: ՌԴ-ում, որքան տեղյակ եմ, կան մի շարք տեսչական մարմիններ: Ու դրանք էլ, ժամանակ առ ժամանակ, «խնդիրներ են հայտնաբերում» ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող ապրանքների այս կամ այն տեսականու մեջ, երբ Փաշինյանը հերթական խնդիրն է ստեղծում ՌԴ-ի համար:

Այդ ամենից, բնականաբար, տեղյակ է ամեն հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանող Փաշինյանը: Բայց նա պահում է իրեն ճիշտ այնպես, ինչպես դրա նախորդ օրն Ազգային ժողովում: Ավելի ճիշտ, եթե այնտեղ ինքն իրենից դուրս է գալիս՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների ելույթ-հարցերին, ապա կառավարության թիվ 1 շենքում արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում իր նախկին գործընկերների նկատմամբ: Տրված կոնկրետ հարցերին պատասխանում է թեմայից դուրս մտքեր հայտնելով: Եվ երբ լրագրողները փորձում են ճշտել, օգտագործում է իր հնարած կաղապարը․ «Ես արդեն պատասխանեցի հարցին»: Իհարկե, ինքն իրականում չպատասխանեց հարցին: Բայց շաբաթական այդ ժամը, նախ, օգտագործվում է Արեւմուտքի աչքին թոզ փչելու համար, երկրորդ․ իր իշխանության սոցիալական հենարանը հանդիսացողների համար: Բայց այդ մեկ ժամվա ընթացքում իր դրսեւորած վարքը, անկախ իր կամքից, խոսում է տվյալ անձի բարդույթների մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image