Հասարակություն

Պետությունը ՀԷՑ-ից օրենքով կարող է վերցնել միայն լիցենզիան, ուրիշ ոչինչ

Պետությունը ՀԷՑ-ից օրենքով կարող է վերցնել միայն լիցենզիան, ուրիշ ոչինչ

Համոզելու համար, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ազգայնացումը արդարացված քայլ է, քաղաքացիներին ձեռնտու, Նիկոլ Փաշինյանը եւ մյուս ՔՊ-ականները երեկ հիշել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերցված փայաբաժնի եւ դրա արդյունքում ստացած փողերի մասին: 

«2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից», - գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։ Նույն տվյալը բերում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա իր էջում գրում է, որ Զանգեզուրի կոմբինատում` պետության բաժնետեր դարձնելու որոշումը ընդդիմությունը ժամանակին քննադատում էր, թե` պետությունը բիզնես է խլում, բայց այս շաբաթ այն բյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ 

Բայց քաղաքացիներին հետաքրքրում է, թե ուր են գնում այս փողերը` ոչ վարչապետը, ոչ մյուս ՔՊ-ականները չեն հայտնում այդ մասին:

«Բա ինչո՞ւ է պետական պարտքը հասել 14 միլիարդի, հարկերը` բարձր, աննախադեպ գնաճ, ո՞ւր են գնում փողերը, կամ ավելի ճիշտ հերիք չի՞ լափեք», «Ձեր աչքը լույս, ժողովրդին ի՞նչ», «Ձեզ մի բոլ պարգևավճար կտաք, թազա լեքսուս կառնեք, աչքներդ լույս: Պարտքով պիվա խմող քպ-ականներդ մարդա 2 տուն են առել, ժողովրդին քերթում ես՝ ամեն ինչ թանկացնելով ու տուգանելով», - հենց իր էջում քաղաքացիները հակադարձում են վարչապետին: Մի քաղաքավարի թոշակառու էլ միամիտ հարց է տալիս` արդյոք կենսաթոշակների ավելացմանն ուղղվելո՞ւ է այդ գումարը: 
Տնտեսագետ Տիգրան Մուրադյանն այլ ասպեկտ է շեշտում: «Մենք եթե հետ գնանք, նայենք` նախկինում, տարիներ շարունակ պետությունը Զանգեզուրի կոմբինատից ստացել է ահռելի շահութահարկ, հիմա անունը դրել են շահաբաժին, բայց բյուջեի համար ի՞նչ տարբերություն, դրա անունը շահութահարկ է, թե՞ շահաբաժին է: 

Բառերի տեղափոխությունը ոչինչ չի փոխում»: ՀԷՑ-ի դեպքում օգտագործում են ազգայնացում բառը: Գեղեցիկ է հնչում, բայց սա, ըստ տնտեսագետի, ազգայնացման հետ կապ չունի: «Իրականում բաժնեմասի գնում է լինելու, ինչո՞ւ են դրա անունը ազգայնացում դնում: Ազգայնացում եղել է բոլշեվիկների ժամանակ, Ֆիդել Կաստրոյի, եւ այլն: Եթե ուզում են այդ բառերով ազդեցություն գործել, միգուցե որոշ զանգվածի վրա կգործեն, բայց դա ազգայնացում չի: Եւ երկրորդ՝ եթե Զանգեզուրում արդյունավետ է եղել բաժնետեր դառնալը, սա չի նշանակում, որ մեխանիկորեն նաեւ այստեղ արդյունավետ կլինի: Եւ հետո ՀԷՑ-ի ի՞նչն են վերցնում իրենք: Պետությունը ՀԷՑ ից օրենքով կարող է վերցնել միայն լիցենզիան, ուրիշ ոչինչ: Դա նույնն է, որ կառավարությունը գա, մեր շենքի մթերային խանութը ազգայնացնի: Բայց չէ՞ որ դա իրենը չի: ՀԷՑ- ը այսօր մի բան ունի, որն իրեն տվել է պետությունը, որի վրա նա ունի վերահսկողություն, դա բաշխումն է: Մնացածը կոչվելու է բաժնեմասի, բաժնետոմսի եւ այլնի գնում», - ասում է Տիգրան Մուրադյանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image