Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանն երեկ որոշում էր կայացրել 3 երեխաների մորը երեք ամսով կալանավորել։ Ամբաստանյալ Լիանա Հարությունյանը բանտ է տեղափոխվել 9 ամսական երեխայի հետ, քանի որ երեխայի հայրը չի կարող նրան պահել։
Քիչ առաջ Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում սպասում է, որ հանդիպի Լիանային․ «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Լիանայի մեծ երեխաները տեղափոխվել են Լիանայի հիվանդ մայրիկի բնակության վայր՝ գյուղ, իսկ 9 ամսական փոքրիկը իր մոտ է՝ բանտում։ Արդեն խոսել եմ պատգամավորների հետ։ Դատավորը որոշումը ինձ չի տրամադրել․ նույն ձեռագիրն է, ինչ Լիլիթ Աղեկյանի դեպքում, որոշումը կայացնում են ուրբաթ օրով, դիմացը ընկնի շաբաթ-կիրակի, որ արագ չբողոքարկեն, շահեն ժամանակ, որ մարդկանց զրկեն ազատությունից»։
Զարուհի Փոստանջյանի այն պնդման վերաբերյալ, որ դատարանը որոշումը չի տրամադրում, որ կարողանա բողոքարկել, դրա վերաբերյալ զանգեցինք դատարան, մեզ փոխանցեցին, որ այնտեղ հերթապահություն է, որոշումը պատրաստ է, կարող են վերցնել։
Նշենք, որ Լիանա Հարությունյանը Հնդկաստանի 3 քաղաքացիների համար տևական ժամանակ բանավոր թարգմանություններ է կատարել պատկան մարմինների մոտ գնալիս։ Հետագայում, ապօրինի միգրացիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել տղամարդկանց, Հարությունյանը տևական ժամանակ գործով հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է մեղադրյալ՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածի հատկանիշներով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակություն։ Նրա նկատմամբ նախ ընտրվել է տնային կալանքը։