Հիբրիդային եւ լոկալ տեսք ունեցող պատերազմների երկարատեւությունն ու հանգուցալուծում չունենալը տարածաշրջանը կանգնեցնում են էլ ավելի մեծ խնդիրների առաջ, եւ, բնականաբար, այդ բոլոր օջախներն իրար հետ կապ ունեն՝ ասում է միջազգայնագետ, արեւելագետ Արարատ Կոստանյանը։ Տարածաշրջանային եւ միջազգային խաղացողների շահերը բախվում են այս օջախներում, որոնք ստեղծվել են, ինչպես, օրինակ, Ուկրաինան, Գազան, Լիբանանը։
«Բնականաբար, Արցախի հարցն էլ է փոխկապակցված այս խնդիրների հետ, որովհետեւ կա Թուրքիա եւ Թուրքիայի հովանավորյալ դերակատարը մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանը։ Տարածաշրջանում ազդեցություն ունեցող Իրանը, Ռուսաստանը, որոշ չափով դիվանագիտական ազդեցություն ունենալ փորձող Արեւմուտքը, որը ո՛չ ռազմական ներկայություն ունի հիմա, ո՛չ էլ ներկայիս վիճակում կարող է այդ ներկայությունն ունենալ, եւ այս ֆոնին, եթե Սիրիայում հանկարծ քաոս սկսվի՝ հեղաշրջումների շարան, հրաժարականներ եւ այլն, այդ քաոսը, անշուշտ, ներթափանցելու է մեր տարածաշրջան։ Ադրբեջանը, ի դեպ, ուշի-ուշով հետեւում էր եւ Սիրիայի հետ կապված հայտարարություններ, ու հարց է առաջանում, թե ինչ կապ ունի Ադրբեջանը Սիրիայի խնդիրների հետ, բայց նա փորձում է աշխարհին ցույց տալ, որ այստեղ նաեւ ինքն ունի նկրտումներ՝ էքսպանսիա իրականացնելու։ Նախիջեւանն Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապելու այդ պանթյուրքական ծրագիրն իրականացնելու գործիքը կարծես տրվել է Ադրբեջանին։ Եթե Սիրիայի խնդիրն արագորեն չլուծվի՝ խոսակցական լեզվով ասած, Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակները բացվելու են, եւ նրանք փորձելու են այստեղ իրականացնել իրենց ծրագրերը։ Այնպես որ, Սիրիայում այս 2-3 ամիսները, կարծում եմ, խաղաղ կլինեն՝ ընտրություններ, նոր սահմանադրություն եւ այլն, եւ ադրբեջանա-թուրքական նկրտումներն այս երկու-երեք ամիսների ընթացքում չեն լինի»,-շեշտեց Կոստանյանը։ Հետեւաբար, մեր տարածաշրջանում հնարավոր կայունության համար անհրաժեշտ է, որ իրավիճակը Սիրիայում կարգավորվի։
Արեւելագետը նշում է, որ նախկին տասնամյակում իսլամիստները պարտվեցին Սիրիայում, քանի որ չկարողացան հաշվի առնել երկրի պատմական, դեմոգրաֆիկ առանձնահատկությունները` բազմակրոն եւ բազմազգ լինելը, նրանք փորձեցին իրենց օրակարգն ու տեսլականը պարտադրել բոլորին, ինչը եւս պատճառ դարձավ այս իրավիճակին հասնելուն։ Մյուս կողմից, իշխանությունը եւս չցանկացավ զիջումների գնալ ու քաղաքական դաշտն ընդլայնել, եւ հանգեցին այս իրավիճակին։ Եթե ընդդիմադիրների իշխանությունը կարողանա հաստատել չափավոր իսլամիստական օրակարգ, ինչպես Էմիրություններում, որտեղ երկար տարիներ չափավոր իսլամական քաղաքականություն են վարում եւ նույնիսկ նախարարություն ունեն։ Սաուդյան Արաբիան էլ վահաբիստական գաղափարախոսությունից անցում է կատարում չափավոր իսլամին, այնպես որ, սա կարող է լուծում լինել։ «Սիրիայում եթե նոր դերակատարների հայտարարությունները խաբկանք չլինեն, լոզունգ չլինեն՝ ժողովրդին սիրաշահելու համար, ես կարծում եմ, այստեղ կստեղծվի նոր ազդեցություն՝ ի հակազդեցություն այն ազդեցության, որով Թուրքիան երկար տարիներ փորձում է «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունը պարտադրել տարածաշրջանին։ Այնպես որ, եթե «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսության փոխարեն Սիրիայի նոր իշխանությունները որդեգրեն չափավոր իսլամի ինստիտուցիոնալության հարցը, ապա դա կմեղմի իրավիճակը մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին Ծոցի երկրների հետ մեր շփումները դրական քայլեր են, որովհետեւ Հայաստանը չպետք է դիտվի իսլամի թշնամի, մենք ոչ մի խնդիր չունենք եւ չենք ունեցել իսլամի հետ։ Քաղաքական եւ մշակութային առումով մենք ավելի սերտ հարաբերություններ ենք ունեցել իսլամի հետ, չմոռանանք մեր պատմականորեն հարաբերությունները, Երուսաղեմում հայ քրիստոնեական եւ իսլամական համայնքի հարաբերությունները, Հուսեյնի ֆաթվան՝ հրովարտակը հայերի մասին, որ ամբողջ իսլամական աշխարհը պետք է մազապուրծ եղած հայերին ոչ միայն օգնի, այլեւ վերաբերվի որպես իրենց ընտանիքի անդամի։ Սրանք շատ կարեւոր դրվագներ են, որը մենք պետք է դրականորեն օգտագործենք։ Երբ Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ փորձում էին արցախյան խնդիրը ներկայացնել որպես կրոնական, կարծում եմ՝ իրենք ձախողվել են եւ պիտի ավելի ձախողվեն՝ շնորհիվ մեր բարիդրացիական հարաբերությունների, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։