Հարցազրույց ռեժիսոր Վահան Խաչատրյանի հետ
- Ընտրություններ եղան, թվում էր` հասարակությունը փոփոխություն է ուզում, բայց երկրի քաղաքական դիմագիծը մնաց նույնը: Որպես արվեստագետ՝ ի՞նչ մտորումներ ունեք այս առիթով:
- Իմ տպավորությունն է, որ մարդիկ կառչած են այն վիճակից, որի մեջ ապրում են: Քաոսը, որ ձեւավորվել է տարիների ընթացքում, արմատացել է շատերի հոգիներում, եւ այդպես արմատացած էլ փորձում են պահել նույն կարգավիճակը: Կան վախեր, կան անհասկանալի բաներ: Եկել է մի պահ, որ չես կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում մարդու հոգում, ինչ է ուզում: Եթե յուրաքանչյուր մարդու մոտենաս եւ հարցնես` ինչ ես ուզում, կտեսնես, որ ինքը չի հասկանում: Այս պահին մի սցենարի վրա ենք աշխատում, որի վերնագիրն է՝ «Հայրենիք»: Հակակերպարներից մեկը հայտարարում է, որ հայրենիք գոյություն չունի, երբ զարմացած հարցնում են, թե ինչպես, ասում է` այո, այն գոյություն ունի պարզապես ժողովրդի ուղեղում, չկա ժողովուրդ՝ չկա հայրենիք: Ես փորձում եմ արվեստի տեսանկյունից նայել, որովհետեւ, եթե իրականությանն ուղիղ մի քիչ շատ նայեմ, հաջորդ հարցազրույցի համար երեւի հոգեբուժարանում ինձ հետ կհանդիպեք, որովհետեւ սթափ նայել, գնահատել այն, ինչ կատարվում է, եւ այդ ամենին անտարբեր մնալ, անհնար է: Երեւի մարդիկ ուզում էին այն, ինչ եղավ, նույն խոսակցությունները շարունակվում են նույնաբովանդակ ֆորմայի մեջ: Ունենալու ենք նույն խորհրդարանը, որ ունեինք վերջին տարիներին, եթե մարդկանց ուզածը դա է, ես՝ որպես արվեստագետ, կփորձեմ ֆիլմերով, ներկայացումներով կամ հրապարակային խոսքով իմ ազդեցությունն ունենալ, որ մարդը լավն ուզենա, վերջապես:
- Եթե իշխանությունը նույնն է մնում, ուրեմն մենք համաձայն ենք Արցախի էթնիկ զտման, Եկեղեցու դեմ հալածանքի, մեր պատմության ու ցեղասպանության ուրացման հետ, որ Արարատը մեզ հետ կապ չունի: Այդպե՞ս է:
- Հայը, որ չունի իր սրտում Արարատը, հայը, որ չունի իր սրտում Արցախի ազատամարտը, որով ինքն անկախացավ, եւ չունի իր արյան մեջ ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային ցեղասպանությունների դեմ պայքարի տեսակը, արդյո՞ք հայ է: Իսկ եթե կեղծված են ընտրությունները, դա արդեն խնդիր է, եւ կապ չունի, թե ում կողմից է կեղծված` իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն, թե՞ երրորդ ուժի: Դա չպետք է լինի, անգամ ամենավատթար վիճակը պետք է արդար լինի: Եթե մենք անգամ դեմ ենք իշխանությանը կամ ընդդիմությանը, պետք է հասկանանք, որ արդար է հաղթել: Ես դեմ եմ ընտրակեղծիքներին: Ես պետք է շնորհավորեմ, անկախ այն փաստից` պարտվե՞լ, թե՞ հաղթել է իմ ուզած ուժը: Պետք է գիտակցեմ, որ այս ուժը հաղթել է: Մենք պետք է, թեկուզ ընդդիմադիր կեցվածքով, շարունակենք ապրել իրար հետ: Ես իշխանության ջատագով արվեստագետ չեմ ընկալում, ինչպես իմ շատ արվեստագետ կոլեգաներ, որ, չգիտես ինչու, ով իշխանության է, նրա ջատագովն են: Ես զգացել եմ նաեւ, որ ինչ-որ վախի զգացողություն կա: Ես հիմա սպասում եմ ձեւավորված իրական, ճիշտ ընդդիմության առաջխաղացմանը, որը, ցավոք սրտի, չեմ տեսնում իմ երկրում: Ինչքան հիշում եմ, օրվա իշխանությունը եղել է ընդդիմություն, ընդդիմությունը` իշխանություն, հիմա տեղերով փոխվել են, նույն մարդիկ են: Մենք նույն մարդկանց մեջ փորձում ենք պտտվել ու հասկանալ: Խոսակցությունը բովանդակային չէ: Վերջին բանավեճը, որ լսում էի, ուզում էի հասկանալ` սա հանրային հեռուստատեսությո՞ւնն է, թե՞, ներողություն, անհասկանալի, կենցաղային ինչ-որ կեղտոտ բանավեճի ալիք: Բայց հարցն այն է, որ մեր հանրությունը սովորել է դրան, եւ մեր խեղճ հանրությանը ես չեմ կարող մեղադրել, անգամ նրանց, որոնց հետ ես համաձայն չեմ:
- Հունիսի 7-ը հայրենիքի համար կռի՞վ էր, մենք պարտվեցի՞նք այդ կռվում:
- Ես չեմ ուզում հունիսի 7-ը համեմատել հայրենիքի համար կռվի հետ: Մի քիչ շատ ենք խոսում հայրենիք կորցնելու մասին, իսկ ի՞նչ ենք անում, որ չկորցնենք: Երբ հայրենիքին վտանգ սպառնա, ինձ նման եւ ինձնից շատ ավելի լավ տղաներ վազելու են առաջնագիծ, իսկ խոսացողներն այդպես էլ մնալու են խոսացող: Հայրենիքի համար պետք է պայքարել ամեն օր, ամեն մեկը՝ իր գործով: Անցյալ տարի մենք Արցախի հեռուստատեսության հետ նկարահանեցինք «Տուն էր մտել» փաստավավերագրական ֆիլմ՝ Արցախի շրջափակման օրերի մասին, որը ֆիլմարտադրողների ֆեդերացիայի շնորհիվ հասավ Կաննի տաղավար: Մեր տղաներն «Օսկարի» են մասնակցում, այսինքն` հայրենիքի համար պայքարը պետք է սկսվի քարը քարի վրա դնելուց: Իսկ եթե դու զբաղված ես դատարկախոսությամբ, ինչպես մեծամասնությունը, ուզում եմ հասկանալ` սա բամբասանքի՞ երկիր է: Սեւակն ասում է` խավարի դեմ պայքարելու լավագույն ձեւը մի մոմ վառելն է: Դու մտել ես ներս եւ հայհոյում ես, թե ինչու է մութ. այ մարդ, մի հատ մոմ վառիր:
- Մեր արվեստագետները միշտ էլ այդ մեկ մոմը վառել են, բայց արդյո՞ք հասարակությունը խավարից դուրս է եկել:
- Ես իմ կոլեգաներից շատերին վատ բան չեմ ուզում ասել, բայց ցավով եմ տեսնում, եւ դա նոր չէ, գալիս է դեռ ԽՍՀՄ-ից, որ մերոնք ավելի շատ պրոպագանդիստներ են, քան՝ արվեստագետներ: Փարաջանովը «պերսոնա նոն գրատա» էր, բայց ինքը ամենահանճարեղներից էր (էլի կարող ենք թվարկել), մնացածը նախարարությանը կից աշխատակիցներ են եղել: Այդ մտածելակերպը մինչեւ դուրս չգա, վիճակը չի փոխվի: Մեր թատրոնները, մեր կինոն ազատ չեն․ ինքն պետական ոչ առեւտրային կառույց է եւ արդեն թատրոն չէ, ՊՈԱԿ է, վերջ: Քո խաղացանկը հաստատում է նախարարությունը` ըստ իր ճաշակի, իր ցանկության, բայց դու չես կարող առօրեական ճիշտ, սուր բաներ խոսել, երբ ազատ չես: Երբ այդ ազատության գաղափարախոսությունը, մտքի ազատությունը չկա, արդեն սխալ է: Բացի այդ, թայֆայացված խնդիր կա, վախկոտ են: Չի կարող մտավորականը լինել վախկոտ: Գիտե՞ք զավեշտը որն է, ես տեսել եմ բոլորին եւ լավ հիշում եմ․ այն նույն մարդիկ, որոնք ջատագովն են օրվա իշխանության, 10 տարի առաջ ջատագովն էին նախորդ իշխանության, դրանից 10 տարի առաջ էլ` նրանց նախորդի, վաղն ով գա` լինելու են նրանց ջատագովը: Երբ հանրությունը տեսնում է սա, ասում է` եթե սա է իմ մտավորականը, ես ի՞նչ ունեմ խոսելու նրա հետ: Դո՛ւ ես մեղավորը, որ հանրությունը քեզ այդպես է վերաբերվում, դու անկեղծ չես, վախկոտ ես, իսկ վախկոտ մարդուն չեն սիրում, որովհետեւ դու օրվա իշխանության հետ վազողն ես: Դու պետք է լինես ազատ, եւ օրվա իշխանությունը քեզ հետ պետք է հաշվի նստի, գա եւ լուռ հաղորդվի քո արվեստին, նաեւ` ընդդիմությունը: Արվեստը պետք է նաեւ միավորի, արվեստն իրավունք չունի միայն ասելու, որ դու սխալ ես, պետք է օգնի քեզ՝ վերափոխվել, մաքրազարդվել:
- Արվեստագետը մաքրագործում է, իսկ հասարակության մակարդակն ավելի է իջնում, ինչպե՞ս հասկանալ այդ աբսուրդը, ո՞վ է մեղավոր:
- Դո՛ւ ես մեղավոր, մտավորական: Մտավորականը նույն հասարակության մեջ է, սխալ է, երբ ասում է` մենք հասարակությունից բարձր ենք, ո՛չ, դու հասարակության ներկայացուցիչն ես, նրա ծնունդը: Եթե դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցրել՝ լինել սիրտը, կներեք, չես կարող լինել ամորձիները: Եթե քո վրա դրված է պարտականություն` լինել սիրտ եւ քարոզել սեր, դու իրավունք չունես իջնել ներքեւ: Երբ այդքան իջնում ես, հասարակությունն էլ ասում է` այ մարդ, էս մարդը պիտի սիրտ լինի, բայց ոտնաման է, ես ինչո՞ւ պետք է այս ոտնամանի ետեւից գնամ, եթե մի օր ինքն այսպես է, մի օր` այնպես: Պետք է այս անցած տարիները վերլուծել, ինձ թվում է՝ երկրում ամենամեծ բանը, որ պակասում է, սերն է: Ես տեսնում եմ, որ իրական սերը պակասում է:
- Սերը հայրենիքի նկատմամբ գալիս է նախ մարդու նկատմամբ սիրուց, մենք կարողանո՞ւմ ենք սիրել դժվար վիճակում գտնող մեր կողքինին:
- Մարդը հացադուլ է հայտարարում` Արտուր Օսիպյանի մասին եմ խոսում: Առաջին օրից գնացել ենք՝ հրապարակում կանգնել, մեր կողքը շատ քիչ մարդ է եղել: Ես չգիտեմ, թե նա ինչ է արել, կարող է սխալ է կամ ճիշտ, բայց ես՝ որպես մարդ, չեմ կարող անտարբեր մնալ մարդու առողջության նկատմամբ: Մեր ընտանիքի մոդելը փոխվել է, մի շատ վատ արտահայտություն կա` դե, տուն եմ պահում: Ո՞ւմ հաշվին ես տուն պահում, հայրենիքիդ կործանմա՞ն հաշվին: Ես չեմ էլ նայել՝ ընտրությունն ինչպես էր, ոնց էր: Իսկ այն, ինչ կատարվում էր ընտրարշավի ժամանակ, ամոթ էր, ես՝ որպես մարդ, ամաչում էի, բոլորի համար էի ամաչում: Որովհետեւ դու, լինելով արվեստագետ, չես կարողացել ազդել մարդկանց վրա այնպես, որ մարդիկ նման բառապաշարով չխոսեն, դա իմ մեղավորության չափաբաժինն է: Երբ մարդիկ ինձ պես հասկանան, որ իրենք մեղավոր են նույն չափով, միգուցե լավ լինի ամեն ինչ: Ուրիշ ի՞նչ ենք ուզում, այն հասարակությունը, որ դաստիարակվել է այս սերիալային դաշտում եւ այս ամենի մեջ, որը ստեղծվել է իմ կոլեգաների կողմից, էս պետք է ուզի: Դու այնքանով ես մեղավոր, որ չես կարողացել տեղ հասցնել ճիշտը: Ես հույս ունեմ, որ առաջիկա 5 տարիները մենք կաշխատենք այնպես, որ փոխվի այն երկխոսությունը խորհրդարանում, որը կար 5 տարի, երբ բացի իրար հայհոյելուց, ուրիշ բան չլսեցինք: Իշխանություն լինես, թե ընդդիմություն, դու պատասխանատու ես, երկուսդ էլ պարտավոր եք աշխատել այս երկրի համար: Երկուսդ էլ ընտրվել եք, որ 5 տարի ծառայեք Հայաստանի Հանրապետությանը: Եվ պետք է ծառայեք, ոչ ոք այս երկրում ձեր ստրուկը չէ, դուք ծառան եք այս երկրի, այս հասարակության: Երբ այս գիտակցությունը լինի մեր հասարակության մեջ` որ տեր չեն ընտրում, այլ՝ ծառա, որը 5 տարի պարտավոր է ծառայել իր շահերին, գուցե մի բան փոխվի:
- Մենք տեսանք, թե նախորդ 5 տարում ինչեր կորցրինք, եթե առաջիկա 5 տարիներին էլ շարունակենք կորցնել, ի՞նչ կմնա:
- Ես վախենում եմ նման բառեր ասել, որովհետեւ մշակույթի մարդկանց բառերը երբեմն մարգարեական են լինում, դրա համար եմ զուսպ խոսքիս մեջ: Ես չեմ ուզում խոսել կորուստներից, ես հույս ունեմ, որ ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ հասարակությունը թույլ չի տա: Հասարակությունը երեք օրում էլ կարող է փոխել ամեն ինչ, եթե ոտքի կանգնի եւ ուզի: Եթե հասարակությունը համերաշխ լինի կորստի հետ, ուրեմն այս հասարակությանը փրկություն չկա, նաեւ՝ մեզ, որովհետեւ մենք այս հասարակության մի մասն ենք: Իսկ եթե «մենք ենք տերը մեր երկրի» բառերի փոխարեն իրոք լինի բովանդակային երկխոսություն, ամեն ինչ կընկնի տեղը: Հասարակությունն ի վիճակի է փոխել ամեն ինչ, եթե հասկացավ, որ ինքը չունի կորցնելու` չի կորցնի, իսկ եթե ուզում է կորցնել, ինչ ուզում ես արա` կորցնելու է:
- Փորձենք ամփոփել` ի՞նչ կցանկանաք ասել մեր ընթերցողին:
- Ես կանդրադառնամ այն առանցքին, ինչի շուրջ շարունակելու եմ ապրել: Ես Արցախ գնացի, որովհետեւ Արցախ երկիրը սիրում էի: Ես չէի կարող բացատրել, թե ինչու, լինելով երեւանցի, այս բարդ իրավիճակում հասա Արցախ: Կապ չունի, թե որտեղ ես ապրում, կարեւորը` կարողանաս սիրել: Ես կխնդրեմ` նայեք ձեր շուրջը, նայեք ձեր երկրի ամեն թփին, ամեն անկյունին, նայեք արեւածագին եւ մայրամուտին, նայեք` ինչ կապույտ է երկինքը, տեսեք` ձմեռն ինչ գեղեցիկ է: Երբ տեսնեք, ճանաչեք, սիրեք, միգուցե հասկանաք: «Էս երկիրը երկիր չի» ասելը ոչ մի լավ տեղ չի տանելու: Նայեք ձեր շուրջը, գնահատեք` ինչ ունեք, եթե չեք գնահատում, դա էլ չեք ունենա: Պինդ, ամուր կառչեք այն գեղեցկությունից, այն արժեքից, որ ունեք, որ դարերի կորստից հետո հասել է ձեզ: