Այլ

Ավելի ու ավելի մոտ՝ անարխիային և քաոսին

Ավելի ու ավելի մոտ՝ անարխիային և քաոսին

Ճիշտ ժամանակն է նորից սովորել պարել չարլստոն և ֆոքստրոթ, հագնել կլոշ գլխարկներ, երեք կտորից բաղկացած կոստյումներ և երկգույն օքսֆորդ կոշիկներ։ Այսօրվա իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում 1930-ական թվականները։​

Տնտեսական բաղադրիչը. դեպի գլոբալ ճգնաժամ

Թրամփի սպառնալիքները՝ բարձրացնել սակագները և պատժամիջոցներ սահմանել ԵՄ երկրների ու այլ պետությունների դեմ, ինչպես նաև այդ երկրների պատասխան սպառնալիքները, կարող են հանգեցնել միայն մեկ արդյունքի. առևտրային պատերազմների սկիզբ ։ Երբ երկրները սկսեն բարձր սակագներ կիրառել և սահմանափակել ներմուծումը, դա կբերի տնտեսական ճգնաժամի՝ ճիշտ այնպես, ինչպես եղավ 1930-ականներին։​

Հենց 1930-ականների տնտեսական ճգնաժամը, 1929-ի Մեծ դեպրեսիան ԱՄՆ-ում և դրա հետևանքով Վայմարյան Գերմանիայի տնտեսական փլուզումը բերեցին նրան, որ այդ երկրում իշխանության եկան ծայրահեղական ուժեր՝ Եվրոպայում ստեղծելով նացիստական կոալիցիա ։​

Կարճ ասած՝ բարձր սակագների սահմանումը հանգեցրեց համաշխարհային ճգնաժամի, ինչն էլ Հիտլերին բերեց իշխանության։ Ո՞վ կգա իշխանության այս անգամ ։​

Ռազմական բաղադրիչը. անցում ուժի բացահայտ կիրառմանը և հրաժարում միջազգային իրավունքից
Մեր աչքի առաջ բացարձակ անհավանական բաներ են տեղի ունենում. ԱՄՆ նախագահը բացահայտ տիրանում է Վենեսուելայի նավթային պաշարներին և հայտարարում, որ հաջորդը Գրենլանդիան է լինելու ։ ԱՄՆ-ն դուրս է եկել 65 միջազգային կազմակերպություններից, որոնցից 30-ը կապված են ՄԱԿ-ի հետ։ Թրամփի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ ՄԱԿ-ը փաստացի դադարել է գոյություն ունենալ, ինչպես 1930-ականներին դադարեց գոյություն ունենալ Ազգերի լիգան։ Սա մոտեցող համաշխարհային բախման ևս մեկ նշան է ։​
Ինչպես արդեն ասել ենք, հենց 1931 թվականին Ճապոնիայի հարձակումը Մանջուրիայի վրա և 1935-ին Իտալիայի հարձակումը Եթովպիայի վրա ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ազգերի լիգան ու նրա Կանոնադրությունը լոկ դատարկ դեկորացիա են, և աշխարհում, ինչպես միշտ, ուժն է իշխում։ Ագրեսորների անպատժելիությունը բերեց Ավստրիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Հունաստանի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Կորեայի, իսկ հետո գրեթե ողջ Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի կլանմանը։ Դա հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ինչպես ասում էր Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն, երբ իտալացիները թունավորում էին իր երկրի ջրհորները՝ եթե ուժեղ երկիրը կարող է անպատժելիորեն ոչնչացնել թույլին, ապա դա վտանգ է ստեղծում բոլորի համար, և «Աստված ու պատմությունը կհիշեն ձեր դատաստանը»։ Դատաստանը հասավ 1945 թվականին։​

Ի՞նչը կարող է կանխել համաշխարհային աղետը

Նախ՝ մեծ տերությունների միջև նոր հավասարակշռության ստեղծումը ։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա Ռուսաստանի և Չինաստանի շարունակական մերձեցմամբ, որոնք կդառնան ուժի երկրորդ բևեռ՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների։ Սակայն միայն հավասարակշռությունը բավարար չէ. հենց երկու թշնամական դաշինքների բաժանումով սկսվեցին և Առաջին, և Երկրորդ համաշխարհային պատերազմները։​

Պետք է, որ իշխանության գան չափավոր, բանական առաջնորդներ, որոնք կգնային փոխզիջումների, դիվանագիտական լուծումների և կստեղծեին անվտանգության հավաքական համակարգ։ Այդ համակարգում բոլոր մեծ տերությունները որոշումները կկայացնեին համատեղ՝ հաշվի առնելով միմյանց շահերը և զերծ մնալով միակողմանի գործողություններից ու միմյանց համար վտանգներ ստեղծելուց։ Պետք է նոր «Եվրոպական համերգ»՝ 1815 թվականի օրինակով։​

Մի՞թե 200 տարի առաջ ապրած միապետներն ու դիվանագետներն ավելի իմաստուն էին, քան մենք այսօր։ Փաստորեն՝ այո։ Առայժմ ստացվում է, որ Ալեքսանդր I-ը, Ֆրիդրիխ III-ը, Ֆրանցիսկ I-ը, Լյուդովիկոս XVIII-ը և Գեորգ III-ը, ինչպես նաև Մետեռնիխը, Նեսելռոդեն և Կասլրին ակնհայտորեն ավելի խելացի գտնվեցին։​
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում

Ոչ մի դեպքում չներքաշվել հակամարտությունների մեջ, որոնց մասնակցելու համար չունի ոչ մի ուժ ։ Չխաղալ մի խաղ, որտեղ հաղթաթղթեր չունի։ Չհավատալ խոստումներին, այլ մտածել սառնասրտորեն և իրատեսորեն։ Իսկ դրա համար պետք է իմաստուն պետական այրերից կազմված իրազեկ կառավարություն, որոնք չեն գոռում, քաղաքացիներին չեն կանչում դիսկոտեկների, նրբերշիկի փառատոնների և սատանիստական երթերի՝ սեփական եկեղեցու դեմ ։ PR արշավները հիմա չեն օգնի։

Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image