Հասարակություն

«Հրապարակ»․ Նույն գործարանը երկու անգամ գովազդելու նուրբ արվեստը

«Հրապարակ»․ Նույն գործարանը երկու անգամ գովազդելու նուրբ արվեստը

Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ՔՊ-ն ամբողջ թափով կրկին «խոդի է տվել» խոստումների փուլը, չբացված գործարաններն են նորից «բացում», աշխատատեղեր գովազդում, որովհետեւ իրենց գլխավոր մրցակիցը՝ «Մեր ձեւով»-ը, խոսում է գործարաններ ու աշխատատեղեր ստեղծելու մասին:

Հիմա կրկին հիշել են տարիներ առաջ հայտարարված մի գործարանի կառուցման մասին ու այնպես են ներկայացնում, կարծես առաջին անգամ են այդ մասին խոսում։ Երեք տարի առաջ Wellar group LLC գործարանի կառուցման մասին ազդարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Նա այցելել էր գործարան, որը հագեցած էր եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Քերոբյանն այդ ժամանակ նշել էր, որ առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը, եւ կստեղծվի մինչեւ 1500 նոր աշխատատեղ:

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ նրա տեղակալ Էդգար Զաքարյանն են այցելել «Վելլար գրուպ» ընկերության «նոր» կառուցվող շոկոլադի եւ հրուշակեղենի գործարան ու հանդես եկել հայտարարությամբ, որ 3 տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչեւ 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը՝ մինչեւ 2 հազարի։ Էկոնոմիկայի նախարարը, բնականաբար, նաեւ իր ֆեյսբուքյան էջում է գրել այդ մասին, որ այն լինելու է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը։ Ընդ որում, ոչ մի խոսք այն մասին, որ դա նոր ծրագիր չէ։ Սակայն մարդիկ անմիջապես հիշեցին ու հիշեցրին, որ այս գործարանը մի անգամ էլ են «բացել»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո ո՞ր փուլում է գործարանը, այն արդեն կառուցվե՞լ է, թե՞ նոր է կառուցվում։ «Ինչպես հրապարակման մեջ արդեն նշված է, գործարանը դեռեւս գտնվում է շինարարության փուլում, որտեղ շինարարությունն ավարտված է, այնտեղ այս պահին տեղի է ունենում ներքին տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժ: Իրենց ասելով, մինչեւ ամառ՝ հուլիսին, կավարտեն նաեւ մոնտաժման աշխատանքները եւ ամռան վերջին արդեն կսկսեն փորձնական պրոդուկտ տալ: Գործարանը կառուցվելու է 3 փուլով, իմ ասած ժամկետները վերաբերում են 1-ին փուլին: Իրականում բավականին մեծ գործարան է, ըստ ներդրողների ներկայացման, բացի շոկոլադից, այլ քաղցրավենիքներ են արտադրվելու, սկսելու են մի քանի արտադրատեսակից, հետո փուլառփուլ արտադրատեսակներն ավելացնելու են»:

Նախկին եւ ներկայիս նախարարներն աշխատատեղերի բացման տարբեր թվեր են նշում, ի վերջո՝ քանի՞ աշխատատեղ կբացվի՝ 1500, թե՝ 2 հազար։ «Մեզ հավաստիացրին, որ գործարանն ամբողջությամբ սկսի աշխատել մոտ 2 տարի հետո: 2 տարի անընդհատ ավելացնելու են արտադրատեսակների ծավալները, եւ 2 տարի հետո, երբ հասնեն իրենց արտադրանքի պիկին, արդեն կունենան 2 հազար աշխատատեղ»: Արտադրանքն արտահանելո՞ւ են, թե՞ պատրաստվում են տեղական շուկայում վաճառել։ «Իրականում, ամբողջ գործարանն արտահանման տրամաբանությամբ է արտադրվում, բայց դա չի նշանակում, որ տեղական շուկայում արտադրության վաճառք չի լինի: Ըստ սեփականատերերի՝ բավականին լավ որակի արտադրանք են ստանալու, միջին եւ բարձր որակի, եւ դրանից էլ գնային սեգմենտացիան միջին եւ բարձր կլինի»: Ովքե՞ր են ներդրողները, կառավարությունն ինչ-որ ձեւով աջակցե՞լ է գործարանի բացմանը։ «Սեփականատերերը Հայաստանում էին, որ մենք գնացինք։ Հայեր են, բայց դրսի ներդրում է: Եվրոպական երկրներում գործունեություն ծավալող բիզնեսմեններ են, որոնք նաեւ ներդրում են անում Հայաստանում: Կառավարության կողմից ներդրում չի եղել, մենք այլ գործիքակազմերով ենք փորձել աջակցել ներդրողներին, որ շահագրգռված լինեն ներդրումներ կատարել. մաքսատուրքից ենք ազատել, նաեւ շահառու են ենթակառուցվածքների ներդրումների դիմած ծրագրին, այսինքն՝ կառավարությունը նպաստել է, որ այդ ներդրումները լինեն, ամբողջությամբ իրենց ներդրումներն են։ Կարծեմ՝ 100 մլն դոլար արդեն ներդրում են արել»,- ասաց փոխնախարարը:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image