Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հանդիպումների մասին սկսել են շատ քիչ գրել: Դրա համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներից է, օրինակ, Փաշինյանի բացակայությունը հանրապետությունից: Շատ ժամանակ էլ, ինքը տանը վեր ընկած, ասում են՝ մեկնել է ֆլան տեղը: Ավելի հետաքրքիր են Նիկոլի եւ ՔՊ-ի հանդիպումների մասին չգրելու սուբյեկտիվ պատճառները: Դրանք առանձնապես շատ չեն, բայց հետաքրքիր են: Նախեւառաջ հանրության հետաքրքրությունն է կորել ՔՊ-ի «շաբլոն» ժողովների նկատմամբ: Նիկոլը հանդիպեց ՔՊ-ի հետ, չհանդիպեց՝ այլեւս ոչ մեկի տանձին չէ, եւ թերթերն էլ առանձնապես իրենց չեն կոտորում այդ ինֆորմացիան զետեղելու համար: Ավելի շատ ուշադրություն են դարձնում Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի խոհանոցային հանդիպումներին, էն, որ Նիկոլը միամիտ գալիս է, սկսում նկարել Աննային՝ լոբի մաքրելիս լինի, տոլմա փաթաթելիս կամ ձվածեղ անելիս… Աննան մի հատ էլ «կուրաժիտ» է գալիս, թե՝ այ տղա, նախազգուշացրու, հետո նկարի, լրիվ վերջն ա… Ինչեւէ, Նիկոլի ու ՔՊ-ի հանդիպումներն այլեւս այնքան ակտուալ չեն:
Բայց սա դեռ ամենահետաքրքիր պատճառը չէ: Բանից պարզվում է, որ Նիկոլն ու ՔՊ-ն սկսել են նաեւ «գաղտնի» հանդիպել, որոնց մասին ինֆորմացիա չկա առայժմ: Իսկ թե ես ինչպես իմացա, որ նման հանդիպումներ տեղի են ունենում, թույլ տվեք թերթում չգրել, որովհետեւ, եթե գրեմ, ՔՊ-ում եւ ՔՊ ֆրակցիայում մարդ չի մնա՝ Նիկոլը բոլորին, ներողություն արտահայտությանս համար, սիկտիր կանի: Բայց կարող եմ, առանց անուններ տալու, որոշ մանրամասներ հաղորդել, թե ինչպես, որտեղ, ինչ հաճախությամբ են տեղի ունենում Նիկոլ-ՔՊ «գաղտնի» հանդիպումները:
Սկզբում մտածում էի, որ Նիկոլը ՔՊ-շնիկների հետ գաղտնի հանդիպում է «կոնսպիրատիվ» բնակարանում: Այս մտքից, սակայն, շատ արագ հրաժարվեցի, որովհետեւ հնարավոր չէ Նիկոլին դաչաներից այնպես տանել «կոնսպիրատիվ» բնակարան, որ ոչ ոք չտեսնի: Գիտեք՝ նրա կալոննան՝ ինչպես Նյուսալավուրտի զորքն Ավարայրում… Մյուս կողմից՝ էդ դաչան կդառնա «պռախադնոյ դվոռ»: Պատկերացրեք` Վահագն Ալեքսանյանը մի խումբ ՔՊ-շնիկների հետ գա դաչա… Ի՞նչ կկատարվի դաչայի դարպասների մոտ: Հե՞շտ է այդքան «պռոպուսկ» իջեցնել, ներկա-բացակա անել: Էլ չեմ խոսում, որ Աննան մագիստրատուրայի քննություններին է պատրաստվում եւ հյուր ընդունելու ժամանակ չունի: Դաչայի աշխատողներն էլ հազիվ Փաշինյանի բազմանդամ ընտանիքին են սպասարկում: Դե արի՝ դրանց կերցրու, խմցրու, կոշիկների հետքերը մաքրիր, սենյակներն օդափոխիր…
Ինձ այս ամենի մասին, անունը չհրապարակելու պայմանով, մի ՔՊ-շնիկ է պատմել: Խնդրում եմ, սակայն, նկատի ունենալ, որ գաղտնի հանդիպումներն սկսվել են Աղազարյանից հետո: Այնպես որ, նա չէր կարող «սլիվ» անել` Աղազարյանը երկաթյա ալիբի ունի: Հակոբ Ասլանյանն էլ չէր կարող, քանզի նրան Նիկոլն էն գլխից չէր վստահում ու չէր կարող գաղտնի հանդիպման հրավիրել: Եվ, ուրեմն, պարոն Ալեքսանյան Վահագ, այլեւս լեզուդ շաղ չտաս, թե «Հրապարակի» թղթակից Էդիկ Անդրեասյանն ինֆորմատոր ունի ձեր շարքերում: Հենց նման բան ասես՝ առաջինը դու կհայտնվես «կասկածյալի» կարգավիճակում, որովհետեւ, նախ՝ ՔՊ-ի գծով Նիկոլի տեղակալը դու ես, եւ ապա՝ ամենաշատը Նիկոլը քեզ հետ է շփվում: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ով է իմ ինֆորմատորը, այսպես կպատասխանեմ՝ բոլոր ՔՊ-շնիկները, ներառյալ՝ Նիկոլը:
ՔՊ-ի ներսի պրոցեսները հասկանալու համար պետք է նախ հասկանալ, թե իր իշխանավարության որ փուլին է հասել Նիկոլ Փաշինյանը: Ակնհայտ է, չէ՞, որ այլեւս 2018 թվականը չէ, 2019-ը չէ եւ ոչ էլ նույնիսկ 2020-21-ը, երբ Փաշինյանին չգիտես ինչ «հրաշքով» հաջողվեց պահպանել աթոռը: Հետպատերազմյան 21, 22, 23, 24 թվականները Փաշինյանի անկման տարիներ էին, եւ այդ ողջ ընթացքում նրա գործունեությունը միտված է եղել մեկ բանի՝ իր վրայից մաքրել դավաճանի, հողատուի, կապիտուլյանտի խարանը: Տնտեսությունը վերականգնել, պատերազմի վերքերը բուժել, երկիրը դուրս բերել քաղաքական եւ տնտեսական փակուղուց, սոցիալական խնդիրները լուծել՝ սրանք խոստումներ էին, որ Փաշինյանը տվեց պատերազմում կապիտուլացվելուց հետո եւ ոչինչ չարեց: Իսկ կարո՞ղ էր անել: Ոչ, ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող, որովհետեւ պատերազմում պարտված առաջնորդի մեկ եւ միակ անելիքը, որպեսզի պարտությունը շարունակական չդառնար, հեռանալն էր, իսկ նա չհեռացավ: Մյուս կողմից մեծ հարց է՝ չհեռացա՞վ, թե՞ չթողեցին հեռանալ: Եվ, առհասարակ, կարծում եմ, շատ դժվար գործ էլ չէ «բերովի»` «նշանակովի» ղեկավարին աթոռին պահելը կամ աթոռից գցելը, մանավանդ եթե այդ ղեկավարը չունի ո՛չ «իզմ»-եր, ո՛չ էլ սեփական խելք՝ ստեղծված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար:
Բայց ժամանակը, ինչպես ասում են, տեղում չի դոփում: Վախճանը մոտ է, եւ Փաշինյանն այժմ ամեն ինչ անում է, որ թիմում մնան միայն իր նման «отморозок»-ները՝ պատրաստ իր հետ կիսելու մեծ ողբերգության անխուսափելի պատասխանատվությունը: Դա լինելու է թիմային պատասխանատվություն, ինչին կարող են պատրաստ լինել միայն կամիկաձե ՔՊ-շնիկները: Մյուսները՝ տատանվողներ, թեթեւ քննության չդիմացողներ, ազնիվ քյարփիջներ եւ այլն, Նիկոլին պետք չեն այս փուլում: Նրան այլեւս «նիկոլիզմի» ֆանատներ են պետք: Եվ մեծ «չիստկան» ընթացքի մեջ է: Բանը կհասնի՞, արդյոք, նոր ընտրություններին, որպեսզի Փաշինյանը կարողանա «բիրիքով» ազատվել «անհուսալիներից», թե՞ ոչ: Դժվար է ասել, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ «վոժդն» արդեն այդ գործով է զբաղված: Ահա եւ ձեզ հարցի պատասխանը, թե ինչ են քննարկում ՔՊ-ի «գաղտնի» հավաքներում: Իսկ թե ինչպես, ինչ հաճախությամբ եւ որտեղ են կայանում դրանք, էական էլ չէ: Տեղի են ունենում Հայաստանում, որտեղ ՔՊ-ի ամեն օրը մի գաղտնի հավաք է՝ «չիստկայի» օրակարգով: