Հասարակություն

ՄԻՊ-ը և Ծաղիկ կովի հեքիաթը

ՄԻՊ-ը և Ծաղիկ կովի հեքիաթը

Անահիտ Մանասյան, դու իսկապե՞ս այդքան անհամեստ աղջիկ ես: Ես չգիտեի: Ո՞նց թե ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ: Էդ մրցույթը ե՞րբ եղավ, որ մենք չիմացանք: Գոնե ժյուրի-մյուրի կա՞ր, թե՞ ՔՊ նիստով եք որոշել: Իսկ գուցե ուզեցել ես ինչ-որ լավ բան ասել, բայց ստացվել է ինչպես մի՞շտ: Այդ դեպքում բարի եղիր բացատրել մարդկանց, թե այդ ինչպես է, որ դու լավագույն իրավաբանն ես Հայաստանում: Կենսագրություն, կատարած գործեր, կարդացած գրքեր, ուսումնառության կենտրոններ, պաշտպանած դիսերտացիաներ ու իրավական ելույթներ… Մի բան պետք է, չէ՞ ներկայացնել, որ մարդիկ համոզվեն այդ բարձրադղորդ հայտարարության իսկության մեջ: Այլապես ես էլ կարող եմ ասել՝ Հայաստանի լավագույն տիեզերագնացն եմ: Դե ստուգեք՝ տեսնեմ ոնց եք ստուգելու: Ավարտել եմ Վանաձորի թիվ 17 միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի պետական համալսարան ու տենց կամաց-կամաց դարձել տիեզերագնաց: Եվ այսօր ես Հայաստանի լավագույն տիեզերագնացն եմ: Եվ այնպես էլ չէ, որ ՔՊ-ն է ինձ այդ կոչումը տվել. դրանց քոքը կտրվի:

Անահիտ Մանասյան, Դուք բավականին պատկառելի պաշտոն ունեք, և կարիք չկա, որ խայտառակեք այն: Առանց այն էլ համոզված եմ, որ այդ պաշտոնին շատ ավելի բանիմաց ու սկզբունքային մարդ պետք է նշանակվեր, որը կկարողանար հակակշռել ամբողջությամբ ՔՊ-ականացած իրավապահ համակարգին ու Նիկոլի կառավարությանը: Բայց, ինչպես ասում են, այս հարցում էլ բախտ չունեցանք և այսօր Դուք եք ներկայացնում ՄԻՊ ինստիտուտը, որի մասին ժամանակին ասում էին՝ կայացած ինստիտուտ է: Գոնե մի փոքր համեստություն՝ սա ենք ընդամենն ակնկալում ՔՊ-շնիկ ՄԻՊ-ից:

Անահիտ, Անահիտ… Արի քեզ մի լավ պատմություն անեմ մեր գյուղի Աշխենի մասին, որ ժամանակին մեր ամենահայտնի կանանցից մեկն էր, բայց երբեք չմեծամտացավ ու ինքնագովազդով չզբաղվեց: Լսիր: 
Մեր գյուղում մի կթվորուհի կար՝ Աշխեն էր անունը: Էս Աշխենն, ուրեմն, օրական 25 լիտր կաթ էր տալիս: Հասկանալի է, չէ՞, մեկ կովից: Սովետն էր դեռ։ Ամեն անգամ հնգամյակը երեք տարում կատարում էր, նկարը շրջանային թերթերում տպում էին, տարվա մեջ երեք անգամ գնում էր Երևան, մեդալներն ստանում՝ հետ գալիս: Կոմունիստ էր Աշխենը, Ստախանովյան ակումբի անդամ, 7 երեխայի հերոսուհի մայր: Բայց մենք գոնե մեկ անգամ Աշխենից չլսեցինք, որ ասեր՝ ես մեր շրջանի լավագույն կթվորուհին եմ: Հետո շրջսովետի դեպուտատ դարձավ, շրջկենտրոնից օրերով տուն չէր գալիս, և, որպեսզի ընդհանուր կաթնատվությունը չնվազեր, այդ օրերին կովերն էին տանում Աշխենի մոտ, որ կթի: Մի անգամ էլ Մոսկվայից էր մի լրագրողուհի եկել և ուզում էր Աշխենից իմանալ գաղտնիքը, թե այդ ինչ է անում, որ կովը 25 լիտր կաթ է տալիս:

Կոլխոզի նախագահն Աշխենին ասել էր, ախչի, սպիտակ խալաթ կհագնես, լրագրողը Մոսկվայից է՝ չգնա հիմար բաներ գրի մեր մասին: Ամեն ինչ պատրաստ էր ցուցադրական արարողության հետ կապված: Մի բան, սակայն, հաշվի չէին առել: Ծաղիկ կովը Աշխենին սպիտակ խալաթով ու սպիտակ գլխանոցով տեսած չկար: Սկզբում մի թեթև խրտնեց ու երբ հասկացավ, որ այդ սպիտակ կերպարանքն ուզում է իրեն կթել, ոտքը խփեց դույլին, պոչը շառաչուն պտտեց ու գնաց, կանգնեց Աշխենից հեռու: Լրագրողն սկսեց ինչ-որ բաներ գրել ծոցատետրում… Գյուղն ապշել էր՝ Ծաղիկն Աշխենին մերժի՞… Վարդգե՜ս… Ձեն տվին հովվին, այ տղա, կարողա՞ Ծաղիկը գիժ խոտ ա կերել… Վադգեսն եկավ, Ծաղիկին հայացքով զննեց, պոչի տակ նայեց, ձեռը քսեց փորին՝ չէ, փորը փափուկ ա… Բա ինչի՞ց կլինի…
-Աշխեն, հլա էդ սիպտակ զադը հագիցդ հանի, Ծաղիկը վայթե դրանից ա խրտնում,- խորհուրդ տվեց հաշվապահ Հայկազը:

Աշխենը խալաթը հանեց, կախեց ծառի ճյուղից ու գլխի մի շարժումով առատ մազերը գցեց ուսին: Ծաղիկին շատ ծանոթ էր այդ շարժումը: Դունչը մեկնեց առաջ, մեղմ մզզալով եկավ, կանգնեց Աշխենի առաջ ու դնչահարեց ձեռքի դույլը: Պրոցեսն, ինչպես ասում են, գնաց: Ռուս աղջիկը բերանը բաց հետևում էր Աշխենի շարժումներին և ունկնդրում նրա փաղաքշական խոսքերն ու փրփրող կաթի ձայնը՝ ֆըըշ, տըըզ, ֆըըշ, տըըզ… Հետո «Պրավդայում» մի հոդված լույս տեսավ, Աշխենի ու Ծաղիկի նկարով: Հոդվածը վերնագրված էր՝ «Ահա թե ումից պետք է օրինակ վերցնել»: Թերթի համարը պտտվում էր Սովետով մեկ՝ Ուկրաինա-Բելառուսիայից սկսած՝ մինչև Վլադիվոստոկ, Ռիգայից մինչև Տաշքենդ, Մախաչկալայից և Վլադիկավկազից մինչև Բաքու: Աշխենն այլևս համամիութենական մասշտաբի կթվորուհի էր: Բայց մենք այդպես էլ Աշխենից չլսեցինք, որ գոնե մեկ անգամ ասեր՝ ես մեր գյուղի լավագույն կթվորուհին եմ:
Այ այսքան համեստ կին էր Աշխենը, սիրելի Անահիտ Մանասյան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image