Հասարակություն

Հին Երուսաղեմում, Հայկական թաղամասում իրավիճակը հանգիստ է 

Հին Երուսաղեմում, Հայկական թաղամասում իրավիճակը հանգիստ է 

Իսրայելի եւ Իրանի միջեւ երեկ սկսված հերթական բախումը, անշուշտ, ամենքի ուշադրության կենտրոնում է։ Հունիսի 13-ի լուսադեմին Իրանի Natanz միջուկային կայանի վրա Իսրայելի հարձակումից հետո, 13-ի երեկոյան Իրանը հրթիռակոծեց Իսրայելի ռազմական բազաները եւ հենակետերը երկրի տարբեր հատվածներում։ Իսրայելի համարյա ամբողջ տարածքում տագնապի ազդանշաններն էին հնչում, իշխանությունը մարդկանց հորդորում էր գնալ ապաստարաններ։ Սակայն, համաձայն հաղորդումների՝ Իրանը հիմնականում Թել-Ավիվը եւ շրջակա տարածքներն է հրթիռակոծել։ Միջազգային հեռուստաալիքները ուղիղ հեռարձակում էին Թել-Ավիվի երկնքում սուրացող հրթիռները։ Եղել են ավերածություններ, զոհեր, վիրավորներ։ Իրանի պնդմամբ՝ հարվածները ռազմական օբյեկտներին են եղել, Իսրայելին եթե հավատանք, նաեւ քաղաքացիական թիրախներ են հրթիռակոծման ենթարկվել։ Այսօր էլ՝ 14-ի առավոտյան, կողմերը դարձյալ միմյանց տարածքները հրթիռակոծեցին։ 

Թե բախումները Իրանի ու Իսրայելի միջեւ որքան կտեւեն, կտեսնենք։ Դրական կլինի թե այն զարգացումը, երբ դիվանագիտությունը հաղթի եւ բախումները դադարեն, թե բախումների վերաճելը ծավալուն պատերազմի՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Ինչու նաեւ երկրորդ տարբերա՞կը։ Որովհետեւ որքան հայտնի է, մեկ տասնյակից ավելի երկրների հետ ընդհանուր սահմաններ ունեցող Իրանի ողջ սահմանագծին միակ վայրը, որտեղից Իսրայելը ուղիղ լրտեսում է Իրանին, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած Ֆիզուլի, Ջեբրաիլ, Զանգելան, Կուբաթլիի տարածքներն են՝ այդտեղ տեղակայված իսրայելական հետախուզական ծառայությունների տեխնիկայով, մատչելիությամբ, գուցե նաեւ գործակալներով։ 

Հետեւաբար, եթե Իսրայելի եւ Իրանի միջեւ բախումը վերաճի լայնածավալ պատերազմի, Իրանին այլընտրանք չի մնա, քան իր թիկունքը Ադրբեջանից ապահովագրելը։ Իրանը կամ Ադրբեջանի տարածքը հրթիռակոծելով պետք է վերացնի իսրայելյան ներկայությունը այդտեղ, կամ Իրանի զինված ուժերը պետք է ֆիզիկապես մուտք գործեն Ադրբեջանի տարածք եւ վերհսկողության տակ կվերցնեն Ֆիզուլի, Ջեբրաիլ, Զանգելան, Կուբաթլին, Իրանին իսրայելական ուղիղ լրտեսությունից ապահովագրելու համար։ Վերջապես, եթե իրադրությունը իրոք բարդանա, Իրանի այաթոլաները կարող է որոշեն Ադրբեջանում հեղաշրջում կատարել, Իսրայելի կողմից հավաքագրված Ալիեւին տապալելու եւ Իրանի այաթոլաներին լոյալ մի ուժ իշխանության բերելու համար։

Տեսնենք, դեպքերն ինչպես կզարգանան, սակայն հասկանալի է, դրանք որքան աննպաստ զարգանան Ադրբեջանի համար, այնքան դուրեկան կլինի։ Իրանի համար Իսրայելը լուրջ հակառակորդ է, սակայն Ադրբեջանը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ադրբեջանը վարել-ցանել Իրանը կարող է առանց մեծ ջանքի։ Լայնածավալ պատերազմի դեպքում դա մեծ հավանականությամբ կպատահի։ 

Այլ հարց, որ դժվար թե Իսրայել-Իրան դիմակայության այս հերթական ակտիվ ռաունդը այնքան շարունակվի կամ սրվի, որ լայնածավալ պատերազմի վերածվի։ Ավելի հավանական է մի քանի օրում դադարի։ Հայտնի է, որ հունիսի 15-ին Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեռ չեն չեղարկվել, ինչը ազդանշան է որ դիվանագիտական խողովակները չեն փակվում եւ պատերազմ չի մոլեգնելու։ 

Այդուհանդերձ, քանի դեռ փոխադարձ հրթիռակոծությունները Իսրայելի եւ Իրանի միջեւ չեն դադարել, էական է, որ Երուսաղեմի սրբավայրերին, հատկապես Սուրբ Քաղաքի հատվածին, որտեղ Հայկական, Քրիստոնեական, Հրեաից եւ Մահմեդական թաղամասերն են՝ ոչինչ չպատահի։

Այսօր կապ հաստատեցինք մեր պատրիարքարանի հետ։ Երուսաղեմից ասացին՝ Հայոց պատրիարքարանում եւ համայնքում որեւէ իրարանցում չկա։ Երուսաղեմում երեկ տագնապի ազդանշանները միացել են, բայց հիմնական հրթիռակոծումը Թել-Ավիվի կողմում է եղել։ Նաեւ հարցրինք ապաստարանների մասին։ Հայկական թաղամասում, պարզվում է, հատուկ կահավորված ապաստարաններ չկան, բայց Սուրբ Հակոբյանց տաճարում, մնացյալ եկեղեցական եւ այլ շինություններում կան ներքնահարկերը, ուր անհրաժեշտության դեպքում հնարավոր է պատսպարվել։ Ներկա պահին Սուրբ Քաղաքի թե Հայկական թաղամասում, թե Քրիստոնեական թաղամասում, թե ամբողջ Սուրբ Քաղաքում իրադրությունը հանգիստ է, առօրեական է, առանց տագնապի։

Իհարկե, Իրանի այաթոլաները կարող են իրենց իրավունք վերապահել Zionist regime-ին (Սիոնիստական ռեժիմ), ինչպես իրենք են կոչում Իսրայելը, վերացնելու։ Իսրայելն էլ նույնքան իրավունք  ունի Իրանի միջուկային ծրագրերն ու հզորությունները վերացնելու, քանի դրանք միջուկային զենքի չեն վերածվել եւ Իսրայելի դեմ ուղղվել։ Սակայն կողմերի դիմակայությունը ինչ կենաց-մահու աստիճանի էլ հասնի, դժվար Թեհրանում եւ Թել-Ավիվում այնպես ինքնատիրապետում, արժեհամակարգ ու գիտակցություն կորցնեն, որ Սուրբ Քաղաքի սրբավայրերի համար վտանգ ստեղծեն։ Ի վերջո Իրանի այաթոլաններն ու իրենց ռեժիմն էլ, Իսրայելի կառավարություններն ու գուցե պետությունն էլ անցողիկ են, այսօր կան, վաղը՝ չեն լինելու, մինչդեռ Սուրբ Հարության տաճարը, Սուրբ Հակոբյանց տաճարը, Լացի Պատը եւ Ալ-Աքսայի մզկիթը հավերժական են։ 

Նույնիսկ թուրքերը, որ օտար տարր են Մերձավոր Արեւելքում՝ ոչ մարդաբանական, ոչ ժառանգական, ոչ մշակութային, ոչ գիտակցական կապ կամ առնչություն չեն ունեցել եւ ձեռք էլ չեն բերել Մերձավոր Արեւելքի հետ, Օսմանյան կայսրության 4-5 դարյա գոյության ընթացքում Սուրբ Քաղաքի սրբավայրերի հանդեպ հոգատարություն են ցուցաբերել, երբեք չեն վնասել։ Հետեւաբար, պարսիկներն ու հրեաները, որ Մերձավոր Արեւելք-Փոքր Ասիայի կենտրոնական ժողովուրդներից են՝ հայերին, հույներին, փյունակացի-լիբանանցիներին, արաբներին, ասորիներին, տարեկից ու նրանց հետ համեմատելի, առավել եւս պարտավոր են Սուրբ Քաղաքի գերագույն արժեքը գիտակցել, եւ այն որեւէ կերպ չվտանգել։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image