Քաղաքականություն

Երբ գործել է ԽՍՀՄ օրենքը, խիստ կասկածելի է՝ դատավորը որքանո՞վ է մեղավոր

Երբ գործել է ԽՍՀՄ օրենքը, խիստ կասկածելի է՝ դատավորը որքանո՞վ է մեղավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելուց եւ վեթինգի մասին ելույթից հետո  մինչ իրավաբաններն ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը, մի յուրօրինակ վեթինգ էլ փորձեցին իրականացնել լրագրողները՝ այդ հարցով դիմելով տարբեր դատավորների։ Ի վերջո, իրենք՝ դատավորները, պատրաստ են անցնելու վեթինգի «քավարանով»։ 

2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր  Ալվինա Գյուլումյանը վեթինգի մասին մեր հարցին արձագանքեց․ «Ես անհանգստանալու բան չունեմ։ Խնդիր չեմ տեսնում։ Ուղղակի ինչպես բոլորին, ինձ էլ է հետաքրքրում, թե վեթինգ իրականացնողն ով է լինելու։ Ես չեմ պատկերացնում, թե վեթինգն ինչպես է իրականացվելու, որովհետեւ մեր աշխատանքը հանրության աչքի առջեւ է։ Մենք անընդհատ ներկայացնում ենք հայտարարագրերը, անընդհատ վեթինգի ենք ենթարկվում, ի՞նչ է եղել, որ»։
Ալվինա Գյուլումյանը հիշեցնում է, որ դատարանում միշտ երկու կողմ է լինում, եւ վճիռը, որպես կանոն, կայացվում է մեկ կողմի օգտին։ 

«Այսինքն՝ ստացվում է, որ դժգոհ կողմ միշտ էլ լինում է։ Համաձա՞յն եք ինձ հետ»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։

ՍԴ անդամը չի ցանկանում առայժմ գուշակություններ անել, ասում է՝ կլինի համապատասխան օրենքի նախագիծ, այն ժամանակ էլ կքննարկենք։ Այլ երկրների փորձն էլ մանրամասն չի ուսումնասիրել։

Մեջբերեցինք վեթինգի մասին վարչապետ Փաշինյանի ելույթից այն հատվածը, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն։

ՄԻԵԴ  նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե համամի՞տ է, որպես իրավաբան, այդ դիրքորոշմանը։

«Ես ոչինչ ասել չեմ կարող, բայց աշխարհում չկա նման փորձ։ Կան երկրներ, որտեղ մեզնից շատ խախտումներ են արձանագրվել։ Կա նաեւ երրորդ հանգամանքը՝ դա ոչ թե դատավորի մեղքն է եղել, այլ չի եղել համապատասխան օրենք։ Օրինակ՝ Հայաստանի դեմ առաջին գործը եղել է «Մկրտչյանն ընդեմ ՀՀ-ի», մենք ասացինք, որ նոր օրենք չի ընդունվել, նախկին ԽՍՀՄ օրենքով այն բավարարել չէինք կարող։ Հիմա այդ գործով որքանո՞վ է դատարանը մեղավոր՝ խիստ կասկածելի է։ Չեմ էլ հիշում, թե որ դատավորն էր այդ վճիռը կայացրել։ Կան գործեր, որոնց դեպքում չես կարող միանշանակ ասել, որ դատավորի մեղքով է վճիռ կայացվել»,- նշեց մեր զրուցակիցը։ 
Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից փաստաբան Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու երկրորդ անգամ առաջադրելուն, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Աշխատել ենք բոլորի հետ, ով էլ ընտրվի՝ կաշխատենք նաեւ նոր ընտրվածի հետ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image