Քաղաքականություն

Այց՝ իշխանության դիմաց

Այց՝ իշխանության դիմաց

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կազան եւ նրա մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ամենեւին էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման մասին չէ, ինչպես ինքն է փորձում համոզել իր թիմակիցներին եւ գուցե՝ հայ հասարակությանը, թեեւ Փաշինյանն այնտեղ դրա մասին ինչ-որ հայտարարություններ արել է: ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը Ռուսաստանի եւ հատկապես այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային մեկուսացման ենթարկելու՝ արեւմտյան ջանքերի տապալման մասին է: Եվ Փաշինյանի այցը Կազան նույնպես Ռուսաստանի միջազգային մեկուսացման ձախողման մասին է, նա միացել է այն երկրների ղեկավարներին, ովքեր, այցելելով Ռուսաստան, ցույց տվեցին, թե որքան անիմաստ էին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հայտարարությունները եւ ջանքերը՝ Ռուսաստանին եւ Վլադիմիր Պուտինին մեկուսացնելու վերաբերյալ: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը որոշել մեկնել Կազան եւ ի՞նչ է ցանկանում ստանալ դրա դիմաց, չէ՞ որ նա հասկանում է, որ դրանով դեմ է դուրս գալիս Ռուսաստանին միջազգային մեկուսացման ենթարկելու քաղաքականություն իրականացնող արեւմտյան բլոկին եւ իր այս քայլով վատացնում է հարաբերություններն այդ բլոկի ներկայացուցիչների հետ: Մի մարդ, որը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ մերձենալ այնքան, որքան ԵՄ-ն թույլ կտա, մասնակցում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Ո՞րն է սրա տրամաբանությունը. Փաշինյանն ուզում է փրկել իր իշխանությունը՝ հույս ունենալով, որ այդ հարցում կստանա Ռուսաստանի նախագահի աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում հայտարարում է. «Նման հարթակները շատ կարեւոր են մեր հաղորդագրությունները փոխանցելու համար։ Ոչ պակաս կարեւոր է, որ ես անձամբ հրավեր ստացա Ռուսաստանի նախագահից եւ ընդունեցի այս հրավերը»: Այդ ո՞ր օրվանից Փաշինյանի համար ՌԴ նախագահից ստացած անձնական հրավերը դարձավ այդքան հաճելի եւ կարեւոր, պարտավորեցնող, որ նա առանց վարանելու ընդունեց այդ հրավերը: Ինչո՞ւ է Փաշինյանը հրապարակայնորեն քծնում Պուտինին՝ հրապարակայնացնելով նրանից անձնական հրավեր ստանալը, դա անելով խորհրդարանի ամբիոնից՝ ամբողջ հասարակության առաջ: Չէ՞ որ ինքն այդ նույն հասարակությանը վստահեցնում էր, որ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության համար:

Հայաստանը ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացրել, Հայաստանն այն 30 երկրների թվում չէ, որոնք նման ցանկություն ունեն, ինչպես, օրինակ, Թուրքիան կամ Ադրբեջանը, եւ Փաշինյանը հանգիստ կարող էր չգնալ Կազան: Հնարավոր է` նա տեսնում է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի ջանքերով ձեւավորվում է նոր աշխարհաքաղաքական կենտրոն, որը պակաս ազդեցիկ չի լինի, քան արեւմտյան բլոկը, եւ ուզում է, որ Հայաստանը հետ չմնա միջազգային թրենդներից: Իր մարդկային, տարածքային եւ ֆինանսական ռեսուրսներով ԲՐԻԿՍ-ն անհամեմատ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծված Մեծ յոթնյակը, որն իր վրա էր վերցրել աշխարհի կարեւորագույն հարցերը որոշելու առաքելությունը: Բայց վերոնշյալ երկրները եւ նրանց միանալ ցանկացող ավելի քան 30 երկրներ հայտարարում են, թե իրենք չեն համարում, որ լիազորել են Մեծ յոթնյակին՝ իրենց փոխարեն ու շատ դեպքերում իրենց հաշվին ինչ-որ հարցեր լուծել, իրենք ի վիճակի են ինքնուրույն եւ իրենց շահերի շրջանակում որոշումներ կայացնել: Բայց հիմա Փաշինյանը ո՛չ հավես, ո՛չ էլ տրամադրություն ունի՝ մտածելու աշխարհաքաղաքական զարգացումների եւ հեռանկարների մասին, հեռավոր կամ միջնաժամկետ ապագայի մասին, նրան հետաքրքրում է, թե ինչ է լինելու հիմա, առաջիկա ամիսներին, նույնիսկ՝ մինչեւ տարեվերջ: Նրան ընդամենը մի բան է հետաքրքրում՝ ինչպես պահել իշխանությունը: Հիմա նրա իշխանությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը նոր պատերազմն է, Ադրբեջանի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Փաշինյանն անընդհատ որոնումների մեջ է. ով կարող է կանգնեցնել Ադրբեջանին, ով կարող է իր ազդեցությամբ եւ հեղինակությամբ թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Ադրբեջանի նոր հարձակումը եւ Հայաստանի հերթական պարտությունը կարող են դառնալ իր եւ իր իշխանության վերջը, հնարավոր է՝ նաեւ բառի բուն` ֆիզիկական իմաստով:

Եվրամիության վրա հույս դնել հնարավոր չէ, քանի որ ԵՄ-ն եւ դրա առանձին երկրներ չունեն այն ազդեցությունը կամ ազդեցության լծակները, որ կանգնեցնեն Ադրբեջանին, ԵՄ դիտորդների ներկայությունը շատ սիմվոլիկ է, եւ նրանցից վտանգ չկա: Միացյալ Նահանգները կարող են զսպել Ադրբեջանին, բայց այդ երկրում նախընտրական իրավիճակ է, անկայունություն եւ երկիշխանություն, եթե Ադրբեջանը նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին հարձակում սկսի, ամերիկյան ներկա վարչախումբը գուցե ինչ-որ հայտարարություններ անի, բայց, հաստատ, Ադրբեջանին պատերազմ չի հայտարարի, չի հասնի նույնիսկ պատժամիջոցներ կիրառել, հաջորդ վարչախմբի հետ էլ կկարողանան պայմանավորվել, եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն, միեւնույն է` կհաղթահարեն, ձեռք բերածն ավելին կլինի, քան կորցնելիքը, Իրանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի հարձակումը հետ մղելու հարցում, բայց անմիջականորեն չի միջամտի, իսկ զենք կամ զինամթերք տրամադրելը չի կարող փոխել պատերազմի ընթացքը` Փաշինյանն ուզում է ոչ թե կռվել կամ հաղթել, ինչն իր համար անլուծելի խնդիր է, այլ խաղաղ պաշտոնավարել եւ վայելել իշխանությունը: Թուրքիան եւս խաղաղության երաշխիք չէ, որքան էլ Փաշինյանն ու նրա թիմակիցները նվաստանում են Թուրքիայի առաջ եւ հայտնում իրենց հավատարմությունը, միեւնույն է` եթե Ադրբեջանը որոշի հարձակվել, Թուրքիան ոչ միայն չի կանգնեցնի, այլեւ՝ կաջակցի: Մնում է Ռուսաստանը. գուցե իսկապես Վլադիմիր Պուտինը մի բան կարողանա անել Փաշինյանի համար, կարողանա թույլ չտալ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, մինչեւ որ ԱՄՆ-ում իշխանության հարցում պարզություն մտնի, եւ ինքը կարողանա ԱՄՆ նոր իշխանություններից անվտանգության եւ ապահովության երաշխիքներ ստանալ: Ի՞նչ վատ գործարք է, որ ինքը հիմա աջակցում է Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ հետո էլ նա աջակցի իրեն: Մնում է` ստացվի: 
Իսկապես, նախանձելի վիճակում չի հայտնվել Նիկոլ Վովաեւիչը, բայց ավելի վատ վիճակում է հայտնվել Հայաստանը, որ ունի նրա նման խայտառակ եւ ձախողակ ղեկավար, որը երկիրը հասցրել է նման անմխիթար եւ կործանարար վիճակի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image