Հարցազրույց

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործից, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն է:

- Այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի սպասված վճիռը: Ինչպես գիտենք քաղաքական յոթ ուժ դիմել էին ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու: Թեպետ ՍԴ-ն դեռ չի հրապարակել վճիռը, ՔՊ-ականներն արդեն իրար մեջ պաշտոններ են բաժանում` ԱԺ նախագահ, փոխնախագահներ ու ֆրակցիայի ղեկավար են ընտրում, ինչից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանն արդեն իսկ գիտի, թե ՍԴ-ն ինչ վճիռ է հրապարակելու....

- Ես ևս այն կարծիքին եմ, որ ՔՊ-ականները գիտեն, թե ինչ վճիռ է կարդալու ՍԴ-ն, դե ի վերջո իրենք էլիտա են, և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` արդարադատությունը Հայաստանում միայն էլիտաներին է հասու: Ինչ վերաբերում է ընդդիմության փաստարկներին, ապա դրանք բավականին համակողմանի էին: Ակնհայտորեն կան հարցեր, որոնց մասին ընդդիմությունը չի ցանկանում բարձրաձայնել, որովհետև իրենց շահերից էլ չեն բխում դրանք, սակայն այնուամենայնիվ ինձ համար ամենաէականն այն է, որ Փաշինյանը իշխանության է եկել` չունենալով մեծամասնություն: Որևէ անաչառ դատարան այս իրողության հետ չի կարող հաշվի չնստել: Այնպիսի ակնհայտ ապօրինությունների մասին է խոսքը, որ ոչ թե դատարանը պետք է մեզ ասի, թե օրենքն ինչպիսին է, և ինչ պետք է անել, այլ այս ակնհայտ ապօրինությունների մասին աղաղակող վեճը կասի, թե դատարանն ինչպիսին է: Այս պարագայում իրավիճակն է քննում դատարանը, այլ ոչ թե դատարանն իրավիճակը:

- Դատական նիստերը, դատավորների կեցվածքն ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա:

- Իրականում պատկերը տարբեր է: Ես փորձում եմ ամեն բան սև ու սպիտակի մեջ չտեսնել, թեպետ մեծ հաշվով իրավիճակը հենց այդպիսին է: Ամեն դեպքում, եթե անգամ այդ դատավորների փոխարեն լինեին չեզոք դատավորներ, ապա որոշակի տհաճ հարցեր պետք է հնչեին, ինչո՞ւ, որովհետև դատարանը պետք է հանրությանը հուզող բոլոր հարցերը փորձի հնչեցնել, եթե անգամ խոսքը հանրության 49 տոկոսի մասին է, որպեսզի չպարզաբանված հարցեր չմնան: Կան դատավորներ, ովքեր` այո, տալիս են հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական շարժառիթների և նպատակների համար են, սակայն ես իրավիճակին նաև այլ դիտանկյունից եմ նայում:

- Փաստացի Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում է այն մասին, որ ընտրություններն արդար չեն եղել, կաշառք է բաժանվել, հետևաբար այն ազդեցություն է ունեցել ընտրողի վրա, միևնույն ժամանակ` ընդդիմությունը ևս չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրանք համարելով կեղծված: Կա՞ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

- Նույն կազմակերպիչների և մտածողություն ունեցողների պարագայում նոր ընտրություններով ունենալու ենք լրիվ նույն պատկերը: «Բոլորին դեմ եմ»-ի չարչրկված օրակարգը ճշգրտորեն նկարագրում էր այս ամենը: Այս կազմակերպիչները, այս մտածողությունը մշտապես հանգեցնելու է նման արդյունքի: Պետք է խաղի կանոնները փոխվեին, որպեսզի արդյունքը լիներ գոհացուցիչ:

- Բայց այնպես չէ, որ Փաշինյանն ազնիվ ճանապարհով հաղթեց, նա ավելի քան 60 հազար քաղաքացու քվե անվավեր ճանաչեց, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան: Ուրիշ բան եթե չասենք:

- Այո, այդպես է: Սակայն ես ուզում եմ, որ հանրության համար մի բան հստակ լինի, եթե այժմ 3 ընտրատեղամասի արդյունքներն են անվավեր ճանաչել, որովհետև այդքանն էր բավարար, ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու համար, ապա դա նշանակում է, իշխանությունը պատրաստ է անգամ անվավեր ճանաչել այնքան ընտրատեղամասերի ընտրության արդյունքներ, որքան իրենց պետք է:

Ամենաընթերցված

×
Gallery Image